«Կարծում եմ այստեղ տրամաբանություն կա․ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման կամ COP-ը՝ COP-ի դիմաց։ Այսինքն՝ հայկական կողմը չմասնակցեց COP29-ին, իսկ ադրբեջանական կողմը որոշեց չմասնակցել COP17-ին», – կարծում է հայ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
«Այստեղ պետք է հասկանալ երկու պետությունների քաղաքական կամքը և այն, թե այսօր որքանով են նման այցերն անհրաժեշտ անմիջականորեն պաշտոնական անձանց», – նշում է ադրբեջանցի փորձագետ Ռուստամ Իսմայիլովը։
PressClubs TV-ի «Արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ադրբեջանցի և հայ փորձագետներ Ռուստամ Իսմայիլովն ու Սամվել Մելիքսեթյանը քննարկում են, թե ինչու են Բաքուն և Երևանը ձեռնպահ մնացել միմյանց միջազգային համաժողովներին մասնակցելուց՝ չնայած խաղաղության գործընթացում արձանագրվող առաջընթացին։ Ի՞նչ է թաքնված Բաքվում COP29-ին և Երևանում COP17-ին փոխադարձաբար չմասնակցելու հետևում՝ դիվանագիտական փոխադարձության սկզբո՞ւնք, թե՞ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա ավելի խորքային հակասություններ։ Եվ որքանո՞վ է փոխադարձ այցերի բացակայությունն արտացոլում կարգավորման գործընթացի իրական վիճակը։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում և հեռարձակվում է հայ-ադրբեջանական առաջին մեդիա հարթակով՝ PressClubs TV-ով։