Skip to content

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՏՎԵԼ, ԻՍԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո հայերն ու ադրբեջանցիները ոչ պաշտոնական մակարդակում ջանում էին շփումներ հաստատել՝ երկու երկրների քաղաքացիների միջեւ փոխըմբռնումը վերակագնելու նպատակով։ 2000-ականների սկզբից ակնհայտ էր այդ երկխոսության սառեցման միտումը։ 44-օրյա պատերազմից հետո այդ շփումների նոր փորձերը բավականին զգուշավոր են։ Ո՞րն է պատճառը՝ այն, որ Խորհրդային միության փլուզման հետեւանքով երկու ժողովուրդները շփման հարթակ չեն ունեցել ու հեռացե՞լ են միմյանցից, թե՞ տարիներ շարունակ քարոզվող թշնամանքն ու «էթնիկ անհամատեղելիության» մասին խոսույթը։ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնութամբ «Շփման գիծ» ծրագրի հերթական թողարկմանը մասնակցող այժմ Շվեյցարիայում բնակվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը եւ Գերմանիայում բնակվող հայ-ադրբեջանական ֆեյսբուքյան «Խաչմերուկ» ֆորումի համահիմնադիր Սաթենիկ Մելքոնյանը զրուցել են երկկողմանի հարաբերություններում առկա վախերի ու կարծրատիպերի մասին։