Skip to content

100-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ․ ԱՊԱԳԱՆ ՇԵՄԻ՞Ն Է

2023-ի նոյեմբերին՝ քաղաքական եւ էմոցիոնալ առումով բարդ ժամանակահատվածում, Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսության «Շփման գիծ» նախագիծը։ Այսօր արդեն պատրաստվել է 100-րդ թողարկումը։ Այս ընթացքում նախագծի թողարկումներում հյուրընկալվել են ավելի քան 80 ադրբեջանցի եւ հայ փորձագետներ։ Հաղորդումը ձեռք է բերել պարբերական բնույթ եւ շաբաթական երկու անգամ լսարանին ներկայացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենատարբեր ասպեկտներին վերաբերող, համատեղ լուծումներ առաջարկող երկխոսություն։

«Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման 100-րդ թողարկմանը Press Klub TV ալիքում քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ  Մամեդովը քննարկել են անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տված ծավալուն ասուլիսների կարեւոր պահերը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման հավանականությունը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կողմերի մոտ դեռ պահպանվող տարընկալումները եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործոնները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Փաշինյանի՝ Եվրոպա կատարած հագեցած այցին, Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի՝ Բաքու կատարած այցին,  ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ թեմաների։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։