Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկրների ղեկավարների՝ նախօրոք չհայտարարված հանդիպումը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն էր։ Թեպետ հանդիպման մանրամասների մասին տեղեկատվություն չեղավ, այդուհանդերձ, հանդիպման փաստն արդեն իսկ ուշագրավ է։ Տիրանայում վարչապետ Փաշինյանը նաեւ հարցազրույց տվեց ադրբեջանական պետական հեռուստատեսությանը։
Դեռեւս մարտ ամսին հայտնի դարձավ, որ Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, եւ այն պատրաստ է ստորագրման։ Բաքուն ստորագրման համար նախապայմաններ է առաջարկում, իսկ Երեւանը պնդում է, որ պայմանագրի ստորագրումից հետո բոլոր մնացած հարցերը հեշտորեն կլուծվեն։ Որքանո՞վ է տեղին երրորդ՝ միջանկյալ տարբերակի իրագործումը, ինչպիսին է միջազգային հարաբերություններում լայնորեն կիրառվող՝ պայմանագրերի նախաստորագրման պրակտիկան։
Հայաստանի ներքաղաքական կյանքն արդեն դրվել է «նախընտրական ռելսերի» վրա։ 2026-ի հունիսին նախատեսվող ընտրություններից առաջ քաղաքական կուսակցություններն ու հոսանքներն ակտիվացել են, ներքաղաքական դիսկուրսի առանցքային տարրերից է հայ-ադրբեջանական կարգավորումը։ Որքանո՞վ հայաստանյան նախընտրական մթնոլորտը կազդի խաղաղության գործընթացի վրա։
Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել սահմանամերձ հատվածներում։ Շաբաթներ առաջ Իրանը զորավարժություն անցկացրեց նաեւ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների հետ՝ յուրաքանչյուրը իր տարածքում։ Որքանո՞վ է սա սովորական պրակտիկա երկրների համար եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի անվտանգության համատեքստում։
«Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը եւ Արեգ Քոչինյանը քննարկել են տարածաշրջանում եւ աշխարհում անցած շաբաթվա՝ հիշատակած եւ այլ իրադարձությունները։