Մայիսի 15-ին Ստամբուլում մեկնարկեցին ռուս-ուկրաինական բանակցությունները։ Բանակցությունների այս ռաունդը, սկսած նախապատրաստական փուլից, իր դրամատուրգիայով հոլիվուդյան էքշն էր հիշեցնում․ նախ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվորեն խրախուսում էր կրակի դադարեցման օրակարգով անհապաղ բանակցությունները, հետո, Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն, Մոսկվայի ժամանակով կեսգիշերից բավական անց «հրատապ» ասուլիս հրավիրեց ու հայտնեց բանակցությունների պատրաստակամության մասին, այնուհետեւ՝ նախագահ Զելենսկին «կրկնապատկեց խաղադրույքը»՝ հայտարարելով, որ կսպասի Պուտինին Ստամբուլում։ Այդուհանդերձ, ինչպես ասում են, «լեռը մուկ ծնեց», ու Ստամբուլում հինգշաբթի բանակցությունները շատ ավելի համեստ կազմով մեկնարկեցին, քան ակնկալվում էր։
Ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել Ստամբուլում մեկնարկած բանակցություններից, ի՞նչ կտա այս ակտիվությունը մեր տարածաշրջանում գործող անձանց եւ ինչպե՞ս դրանք կանդրադառնան Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Սիվիլնեթի» ալիքում «Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ զրուցել են քաղաքագետներ Լիլիթ Դալլաքյանը եւ Նարիման Ալիեւը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։