Անցած շաբաթ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Բաքու, որտեղ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Որքանո՞վ է Իրանի նախագահի դիրքորոշումն արտացոլում ԻԻՀ վերնախավի իրական մտադրություններն ու քաղաքականությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում էր, որտեղ, ի թիվս այլոց, հայտարարեց նաեւ, որ Հայաստանը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք սա Երեւանի՝ վերջերս ընդգծված պրոեվրոպական քաղաքականության փոփոխության մասին է խոսում, եւ որքանով է կարեւոր, թե որտեղ է արվել հայտարարությունը։
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել, այժմ՝ հիմնականում Սիրիայի վրա ազդեցության համար։ Այս ֆոնին հայտնի դարձավ, որ չեղարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու։ Ո՞րն է չեղարկման պատճառը, եւ ինչ զարգացումներ պետք է ակնկալել Անկարա-Թել Ավիվ, Անկարա-Բաքու հարաբերություններում։
Շաբաթվա ընթացքում Ռուսաստանի մերձիշխանական մամուլը գրեց, որ Հայաստանի հարցով «կուրատոր» է նշանակվել Սերգեյ Կիրիենկոն, որի խնդիրն է իբրեւ թե պահպանել եւ ավելացնել Մոսկվայի ազդեցությունը երեւանյան քաղաքական գործընթացների վրա։ Որքանո՞վ այս լուրը կարող է ազդել Հայաստանի քաղաքականության վրա 2026-ին սպասվող ընտրություններից առաջ, եւ արդյո՞ք Մոսկվան բավարար պոտենցիալ ունի՝ պահպանելու իր ավանդական ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։
«ՍիվիլՆեթի» տաղավարում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ընթացքում քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը վերլուծել են անցած շաբաթ տարածաշրջանում եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։