ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հանդես է գալիս աշխարհի տարբեր տարածաշրջաններում հին ու նոր հակամարտությունների կարգավորման, պատերազմի բացառման դիրքերից։ Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնից պարբերաբար հնչում են ոչ երկիմաստ հայտարարություններ՝ խաղաղասիրական «գործարքների» չկայացման դեպքում ռազմական սցենարների հավանականության մասին։ Սա վերաբերում է, մասնավորապես, Մերձավոր Արեւելքին եւ Իրանին։ Թրամփի վարչակազմը մի կողմից հույս է հայտնում, որ Իրանը ունակ կլինի պայմանավորվելու միջուկային ծրագրի եւ Իսրայելի հետ խաղաղ գոյակցության հարցում, մյուս կողմից ակնարկում է բանակցությունների անհաջողության դեպքում անխուսափելի ռազմական էսկալացիայի մասին։
Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, որը տնտեսա-քաղաքական կապերից բացի, նաեւ դավանանքով է կապված Իսլամական Հանրապետության հետ իր մեծաքանակ թյուրքախոս բնակչությունով ։
Որքա՞ն մեծ է Իրանում ռազմական էսկալացիայի հավանականությունը, ինչպե՞ս կարձագանքեն դրան Բաքվում եւ Երեւանում, որքանո՞վ է իրատեսական Հարավային Կովկասում ավելի լայն տարածաշրջանին վերաբերող հարցերում միասնական դիրքորոշման մշակման հեռանկարը։ Այս եւ այլ հարցերի շուրջ PressKlub TV-ի եթերում «Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ զրուցել են դիվանագետներ Հրաչյա Թաշչյանը եւ Ջավանշիր Ախունդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։