ԱՄԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ՝ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցնող շաբաթը մի քանի առումներով կարևոր էր մեր մասնագիտական կյանքում. նախ երեկ Մամուլի ազատության օրն էր, երկրորդ՝ նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթն էր և այդ պատճառով իր մեջ խտացրել էր հատկապես վերջին մեկ ամսում Հայաստանին համակած նախընտրական տագնապի բոլոր լավ ու վատ դրսևորումները:

Այն, որ իսկապես քաղաքական բոլոր ուժերի համար արտահայտվելու, իրենց ծրագրերը ընտրողներին ներկայացնելու հարթակ լրատվամիջոցները անցնող շաբաթում և թե անցյալ ամսում ստեղծել էին, ակնհայտ էր: Այլ խնդիր էր, թե ինչպես դրանից օգտվեց այս կամ այն քաղաքական ուժը կամ օգտվելիս ինչքանով պահպանեց բանավիճելու կուլտուրան (այս մասին ԵՄԱ ամփոփագիրը հրապարակումներ ունեցել է):

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ եղան միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, մրցանակների հանձնում:

Հրապարակվեցին նաև միջազգային մի քանի կազմակերպությունների զեկույցները զանազան երկրներում, այդ թվում՝ և Հայաստանում մամուլի ազատության, գրքաննության և այլ ինդեքսներով:

Դրանցից որոշները այնքան էլ դուր չեկան հայաստանյան լրագրողներին այն պատճառով, որ դրանցում Հայաստանին տրված գնահատականը ավելի ցածր էր, քան մենք էինք կարծում պիտի լիներ: Սակայն հիշենք, որ դրանցից մեկը՝ ինչ-որ տեղ մեր դժգոհությունը հարուցած զեկույցը պատրաստվել է նկատի ունենալով 2011-ի´ իրողությունները:

Իսկ 2011-ին մամուլի ազատության իմաստով միայն խոստումներ էին, որոնք իրականություն չեն դարձել կամ դեռ իրականություն չէին դարձել: Առաջին հերթին մամուլին առավել ազատություն  ապահովելու հնարավորությունների ընձեռում էր խոստանում զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը: Սակայն դրանից հետո լրատվամիջոցներին զանգվածաբար դատարան տանելու պրակտիկան դեռևս չէր մեղմվել 2012-ի հաշտություններով (ինչն անգամ այսօր դեռ հաստատուն միտում չի դարձել), այլ ամենաեռուն շրջանն էր ամպրում 2011-ին:

Հեռուսատեսության և ռադիոյի մասին օրենքում էլ բարեփոխումներ անելու խոստումները չիրագործվեցին: Ի դեպ, մենք հաճախ զարմանում ու զայրանում ենք, երբ միջազգային կազմակերպություների զեկույցներում հայտնվում ենք Վրաստանից հետո: Ինչո՞ւ. գոնե 2011-ին առանց երկար-բարակ մրցույթների Վրաստանում հեռարձակման իրավունք ստացավ իշխանության թիվ մեկ ընդդիմադիր գործչին պատկանող հեռուստատեսությունը:

Ամենևին ոչ հռետորական հարց՝ տեսանելի՞ են արդյոք այսպիսի նախադրյալներ Հայաստանում մոտ ապագայում: Պատասխանը փնտրենք a1plus-ի ոդիսականում:

Իսկ այն, ինչ 2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձանագրել էր ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում լուսաբանման ԵՄԱ մշտադիտարկումը, բավական հեռու էր արդեն նախընտրական քարոզարշավից առաջ և ընթացքում քիչ թե շատ հավասարակշիռ լուսաբանումից, որը ևս արձանագրեց ԵՄԱ մշտադիտարկումը:

Ինչ խոսք, միայն ողջունել կարելի է լրատվամիջոցների կողմից հատկապես նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերին հավասար ուշադրություն, տեղ, ծավալ և եթերաժամանակ տրամադրելու պրակտիկան, սակայն հասարակության զարգացման, ժողովրդավարական արժեքների հաստատման տեսանկյունից առավել կարևոր և մնայուն կլինի այն, թե ինչպես են աշխատում ԶԼՄ-ները մինչև´ ընտրությունները, ավելի ճիշտ երկու ընտրությունների միջև´ ընկած ժամանակահատվածում:

Մանավանդ որ դա իսկապես ավելի դժվար է. չէ՞ որ նախընտրական քարոզարշավի լուսաբանման հստակ չափանիշներ կան: Դրանց հետևելու դեպքում լրատվամիջոցը կարող է ձեռք բերել հավասարակշիռ խմբագրական քաղաքականություն վարողի համբավ,  ինչքան էլ այն միակողմանի եղած լինի մինչև այդ:

Իսկ երբ ավարտվի նախընտրական շրջանը, ընտրություններն էլ պատմություն դառնան, գալու են սովորական, «գորշ» օրերը, երբ առաջնորդվել պետք է մասնագիտական, էթիկական չափանիշներով, որոնք նախընտրականի չափ միանշանակ և հստակ ձևակերպված չեն, նույնիսկ այն լրատվամիջոցների համար, որոնք ունեն էթիկայի որդեգրած կանոններ: Այսինքն ավելի դժվար, հետևաբար և ավելի կարևոր է լինելու այն մթնոլորտի ձևավորումը, որի վերջնական դրսևորումը կլինի հաջորդ նախընտրական շրջանը: Եվ այդ ընթացքում է կարևոր, թե քանի անգամ այս կամ այն ընդդիմադիր ուժը կերևա ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստատեսություններում, և հատկապես հանրայի´ն հեռուստատեսությունում: Այ սա՝ հենց ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը կլինի իսկական փորձաշրջան ԶԼՄ-ների համար:

Փորձաշրջանը, որը հաղթահարել պետք է ամեն, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր աշխատանքային օր:

Լուսանկարը՝ http://www.azg.am/AM/print/2011050301-ի:

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*