«ԱՆՎՆԱՍ ՀԵՌՈՒՍՏԱԱՐՏԱԴՐԱՆՔ»` Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ

Առաջիկա շաբաթներում, կարծում ենք, պետք է սպասել փոփոխությունների` հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում:

Մի շարք մտավորականներ և հասարակական կառույցների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Հանրապետության Նախագահին` իրենց մտահոգությունը հայտնելով «հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության» առթիվ:
Հանրապետության ղեկավարի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա, նամակագիրները ակնկալում են վերջինիս «գործուն» միջամտությունը դրա լուծման ուղղությամբ: Մտահոգությանը զուգահեռ հեղինակները առաջարկում են ստեղծված վիճակից ելքի տարբերակներ: Դրանցով առաջարկվում է ոչ միայն բարելավել օրենսդրությունը, մասնավորապես Վարչական օրենսգրքում ավելացնել իրավախախտումների համար նախատեսվող պատժամիջոցի մասին դրույթը, այլև անցկացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ոլորտի վերահսկումն ապահովող կառույցին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին գիտաահետազոտական կենտրոնով, մի շարք այլ պայմաններով ապահովելուն, ինչպես նաև մի շարք պարտավորություններով օժտելուն, որպեսզի «այն պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները»:

Իհարկե, հեռուստատեսության ոլորտը, որն անշուշտ շատ ավելի խնդիրներ ունի, քան միայն ագրեսիվ ու քրեածին սերիալներն են, կարգավորման կարիք ունի, և հատկապես վերոնշյալ բաց նամակում նշված օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը կա: ՀՌԱՀ-ին լրացուցիչ պայմաններ և պարտավորություններ տալն էլ պետք է որ նպաստի ոլորտի բարելավմանը և արդյունքում եթերային արտադրանքի անվնաս դառնալուն:

Սակայն ոլորտի կարգավորման համար մինչև այս քայլերին հասնելը անհրաժեշտ է սկսել սկզբից`ամեն ինչ անել, որ ՀՌԱՀ-ն իսկապես լինի անկախ:

Հանձնաժողովի ձևավորման ներկայիս սկզբունքը ի չիք է դարձնում նրա հնարավոր անկախությունը: Հիշեցնենք. Ազգային հանձնաժողովի անդամների կեսին վեց տարի ժամկետով նշանակում է Հանրապետության Նախագահը, մյուս կեսը ընտրվում են Ազգային ժողովի կողմից: Այն Ազգային ժողովի, որի մեծամասնությունը Հանրապետության Նախագահի կողմնակիցներն են:

Մի սկզբունք, որի արդյունքում ձևավորված Հանձնաժողովն իհարկե ծառայում է հեռուստաընկերությունների կողմից այսպես կոչված «անվնաս հեռուստաարտադրանք»-ի ստեղծման վերահսկողությանը, սակայն հարց է, թե անվնաս` ում համար:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ հեռուստաեթերի կարգավորում ասվածը ՀՌԱՀ-ի համար սահմանափակվում է մեկ խնդրով` «Ա1+»-ին կամ նմանատիպ ՀԸ-ներին եթերից անվտանգ հեռավորության վրա պահելով: Իսկ մնացած գործառույթները Հանձնաժողովը այդպես էլ առաջին պլան չի մղում:

Թե չէ ո՞վ կարող է դեմ լինել «հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացման, խեղման և վերջնական քայքայման» առաջն առնող որևէ միջոցառման:

Սակայն ՀՌԱՀ-ին լրացուցիչ ռեսուրսներ և իրավասություններ տալը կարող է առավել վտանգել «անվնաս հեռուստարտադրանք» ստեղծելու յուրաքանչյուր փորձ:

Trackbacks/Pingbacks
  1. […] ամփոփագիրն անդրադարձել է ՀՀ Նախագահին ուղղված՝ մի շարք մտավորականների և […]

Leave a Reply