«ՍԻՎԻԼԻԹԱՍԸ»՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ՝ «ՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ»

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում մի քանի թեժ թեմաներ էին լուսաբանվում` հասարակական կյանքում իրենց թեժությանը համապատասխան:

Ոչ նախկին ուժգնությամբ, սակայն շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի թեման` արդեն դրանց արձագանքների շուրջ քննարկումներով և վերլուծություններով: Բուռն լուսաբանումների արժանացան փաստաբանները` մեկօրյա գործադուլի կապակցությամբ և նրանց դժգոհության պատճառ և թիրախ ՀՀ Վճռաբեկ դատարանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Նատալի ֆարմին» տուգանքի ենթարկելու փաստը, պատճառները և հնարավոր դրդապատճառները ևս այս շաբաթվա «թոփ» մեդիա- տասնյակում էին: Քանդման վտանգի առջև հայտնված Աֆրիկյանների տունը և արդեն կիսաքանդ արված երբեմնի Ծածկած շուկան, ինչպես նաև այդ կապակցությամբ կազմակերպվող ակցիաները, դոլարի հնարավոր դեֆիցիտը, սկեսուրի դեմ՝ նրա կողմից խոշտանգման ենթարկված հարսի հերթական դատական նիստը նույնպես հնարավորինս լուսաբանվեցին:

Սակայն անցնող շաբաթվա ամենանշանակալից իրադարձությունը, հետևաբար և ամենլուսաբանված-մեկնաբանվածը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված զարգացումներն էին:

Այս իրադարձությունը դիտարկել հնարավոր էր հիմնականում երկու դիրքերից՝ 1. Օսկանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք իր ներկա ընդդիմադիր կեցվածքի համար, 2. Օսկանյանի նկատմամբ ԱԱԾ հետաքրքրքությունը պայմանավորված է հանցագործության դեպքով և դրա բացահայտման անհրաժեշտությունից:

Հատկանշական է, որ լուսաբանումներում, որոնք պայմանավորված էին ոչ միայն այդ մասին կարծիք հայտնող քաղաքական դեմքերի, այլև լրագրողների դիրքորոշումներով, գերակշռում էր վերևում թվարկված դիրքորոշումների խառնուրդը՝ Օսկանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք, սակայն նրա նկատմամբ ԱԱԾ հետաքրքրքությունը առաջացավ միայն հիմա՝ իր ներկայիս ընդդիմադիր կեցվածքի դրսևորումից և ոչ թե՝ հնարավոր հանցագործությունը կատարելուց կամ դրան հանցակից լինելուց հետո:

Նախկին արտգործնախարարի շուրջ կատարվողը հետաքրքրիր է նաև նրանով, որ իրենց լուսաբանումներում լրատվամիջոցներն առանձնապես համակրանք չէին դնում, անգամ երբ գրում էին, որ նրան հալածում են: Սոցցանցերում կային կարծիքներ, որ նրան կսատարեն ինչպես ցանկացած քաղաքական հալածյալի, անգամ եթե չեն համակրում:  Թերևս մի քիչ շատ էր թշնամանքը կամ հակակրանքը: Ընդ որում հակակրանք արտահայտվեց այնպիսի լրատվամիջոցներում, որոնք այլ պարագաներում կամ այլոց պարագայում սովորաբար արտահայտում են տրամագծորեն հակառակ վերաբերմունք: Ինչ խոսք, պրն Օսկանյանի դեպքում նրանց նույնական վերաբերմունքն ունի միանգամայն տարբեր պատճառներ և հիմքեր, որոնք լուսաբանումներում բերվում են:

Լրատվամիջոցները հիմնականում ապահովեցին խնդրի լուսաբանման բազմազանությունը և բազմակողմանիությունը: Քաղաքական հնարավոր հետապնդման մասին բոլոր լուսաբանումներում և մեկնաբանություններում առկա է հետևյալ հարցադրումը. եթե «Սիվիլիթասի» գործունեությունն առնչվում էր հանցագործ կամ պարզապես փողերի լվացմանը, ապա մինչև Օսկանյանի ընդդիմադիր դառնալը որտե՞ղ էին այդ տեղեկությունները և ինչո՞ւ չէին ջրի երես հանվում: Հետևաբար և լրատվամիջոցը չէր կարող եզրակացություն չանել, որ այս գործը ակնհայտորեն պետք է դիտարկվի քաղաքական համատեքստում:

Անհնար է այս խնդրի (և ոչ միայն՝ այս խնդրի) լուսաբանման հարցում թերագնահատել սոցիալական ցանցերի դերը: Վերևում թվարկված բոլոր թեմաները և դրանց լուսաբանումների հրատապությունն ու բազմակողմանիութունը մեծապես պայմանավորվում են ոչ այնքան  և ոչ միայն բուն իրադարձությունների զարգացմամբ, այլև սոցիալական ցանցերում դրանց քննարկման  ի հայտ գալու և  քննարկման ակտիվությամբ: Հենց որևէ  ցանցում (Հայաստանի պարագայում դա իհարկե Ֆեյսբուքն է) որևէ տեղեկություն է հայտնվում, և սկսվում են դրա շուրջ բուռն քննարկումները, լրատվամիջոցներն աշխատում են հետ չմնալ: Այս մրցակցությունն աստիճանաբար հասնում է նրան, որ լրատվամիջոցներն աշխատում են հետ չմնալ արդեն ոչ թե տեղեկությունը ի հայտ գալու փուլում, այլ մինչև այդ:

«Սիվիլիթասի» և Օսկանյանի թեման (կամ թեմաները) բացառություն չէին և դրանք զարգանում և լուսաբանվում էին  երկու զուգահեռ հարթություններում՝ լրատվամիջոցներ և սոցցանց:

Սակայն այս բոլոր լուսաբանումներում ըստ արժանվույն չբարձրացվեց այն թեման, որ Օսկանյանն՝ Օսկանյանով, «Սիվիլիթասն»՝ իրենով, քաղաքական թե քրեական, հետապնդում թե բացահայտում, բայց այս ամենի կողքին կարող է զոհ գնալ տեղեկատվական դաշտի սուբյեկտը՝ «ՍիվիլՆեթը»: Եվ ոչ այն պատճառով, որ պահանջարկ չունի, այլ այդպիսին կարող է լինել քաղաքական պատվերը, կամ քաղաքական զարգացումները, կամ առնվազն դրանց հետևանքը:

Թույլ փորձեր եղան այս մտահոգությունը հրապարակայնացնելու ուղղությամբ, որն արտահայտվեց «Սիվիլիթասի»՝ թեև մշուշոտ, բայց այսպիսի մտահոգություն ևս պարունակող հայտարարությունը հրապարակելով: Սակայն ավելին այս թեման չզարգացավ: Հնարավոր է և եկող շաբաթ այն լինի հայաստանյան լրատվամիջոցների հետաքրքրության շրջանակներում:

Իսկ որ այս առումով մեր հասարակությունը դեռ շատ անելիք ունի, ակնհայտ է. տեղեկատվական դաշտի վրա քաղաքական դաշտի ազդեցությունը նվազագույնի պետք է հասցվի, քանի որ լրատվամիջոցը՝ ստեղծվելու, կայանալու և պահանջարկ ձևավորելու համար մեկ օր չէ, որ աշխատում է:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Leave a Reply