ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ

Նախընտրական շրջանում պատգամավորության թեկնածու պետական պաշտոնյաների թեկնածուական և պաշտոնական գործունեությունների սահմանագիծը հեղհեղուկ է: Օրենքով դրանք սահմանազատված են, բայց այնքան ձևական, որ անգամ խիստ բարեխիղճ լինելու դեպքում էլ ԶԼՄ-ների համար դժվար է կուսակցական ցուցակներով առաջադրված պետական պաշտոնյա թեկնածուների և ոչ պետական պաշտոնյա թեկնածուների քարոզարշավների լուսաբանման ժամանակ ապահովել և պահպանել հավասարակշռություն:

Այս քարոզարշավում առաջին հայացքից պահպանվում է օրենքի տառը, այսինքն քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների գործունեության լուսաբանումը կարծես թե սահմանափակվում է նրանց պաշտոնական այցերի և ընդունելությունների ընթացքում վերջիններիս իրականացրած գործունեության լուսաբանմամբ: Անզեն աչքով, այսինքն առանց կոնկրետ մշտադիտարկման արդյունքների դիմելու էլ երևում է, որ այս քարոզարշավի լուսաբանումը հիմնականում տեղավորվում է օրենքի շրջանակներում, բայց այ հավասարակշռությո´ւնը…

Ինչ խոսք, կարելի է հստակ սահմանազատել լրատվամիջոցներով տարածվող երկու լուրը՝ մեկը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի՝ իքս համայնք կատարած այցի ընթացքում մանկապարտեզ այցելության, մյուսը՝ իշխող կուսակցության ղեկավարի, որը գլխավորում է կուսակցության նախընտրական ցուցակը, նույն իքս համայնքում ընտրողների հետ հանդիպման մասին: Պարզապես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան և իշխող կուսակցության ղեկավարը նույն անձն են, և ՀՀ շարքային ընտրողը մշտադիտարկում իրականացնող մասնագետի ուշադրությամբ չէ, որ հետևում է լուրերին: Նրա համար ուղղակի երկրի ղեկավարը առաջին լուրում գնացել է մանկապարտեզ, երկրորդում, ի դեպ մանկապարտեզ գնալիս կամ այնտեղից դուրս գալիս, հանդիպել է նույն համայնքի բնակիչների հետ:

Եվ եթե Հանրապետության ղեկավարը ավելի հաճախ դարձնի իր այցերը այս կամ այն համայնք, մարզ կամ հաստատություն, ԶԼՄ-ներն էլ ավելի հաճախ կլուսաբանեն այդ այցերը. չէ՞որ մեր օրենսդրությունն ասում է՝ ոչինչ՝ այցերից բացի: Իսկ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն արի ու տես, որ վերջին շրջանում առավել հաճախ են հետաքրքրվում վերանորոգված մանկապարտեզով, մասնավոր սննդի կոմբինատի արտահանման ծավալներով, երկաթգծի շինարարության հետ կապված հարցերով և երկաթգծի զարգացման հեռանկարներով, մարզային բժշկական կենտրոնով, վնասված բազմաբնակարան շենքերի ամրացման և հիմնանորոգման խնդիրներով, պատմամշակութային արգելոց- թանագարանի նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչեղության համակարգերով և հրատապ այլ հարցերով: Չի կարելի ասել, թե նմանատիպ հարցերով նրանք հետաքրքրվում են հենց նախընտրական շրջանում: Ի վերջո, բազմաթիվ միջոցառումներ անհնար է պատկերացնել առանց պետության ղեկավարների անմիջական մասնակցության: Այն էլ է հասկանալի, որ իհարկե մայրաքաղաքի ղեկավարը չի կարող չհանդիպել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած եվրոպական քաղաքի ղեկավարի հետ:

Բայց հիմա մի տեսակ ավելացել են տեղում լինելու և հիմնախնդիրների մասին անմիջականորեն բնակիչներից և պատասխանատուներից իմանալու մեր պետական պաշտոնյաների ջանքերը:

Չէ՞ որ այս նույն  պաշտոնյաները կուսակցության ցուցակում առաջատար դիրքերում են, և նրանց ամեն մի հայտնություն՝ ցանկացած կարգավիճակում, հիշեցում է հենց առաջիկա ընտրությունների մասին և ավելացնում լրատվամիջոցների կողմից նրանց հատկացված ժամանակահատվածը:

Իսկ այսպիսի նույնականացումը տեղի է ունենում վերոնշյալ պաշտոնյաների գործունեության մասին ՀՀ քաղաքացիներին, այսինքն ՀՀ ընտրողներին ուղղված ցանկացած տեղեկություն հաղորդելիս, լինի այն պաշտոնական թե թեկնածուական գործունեության մասին: Ի դեպ, այս խառնաշփոթը հանդիպում է ոչ միայն ընտրողների գիտակցության մեջ, այլև՝ հենց տեղեկության մեջ :  Կամ՝ գրավոր տեղեկությունը հստակ ձևակերպում է, որ տեղեկությունը ՀՀԿ նախագահի մասին է, իսկ տեսանյութը վերնագրված է «Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը»: Ո՞ր նախագահի՝ ՀՀ՞, թե՞ ՀՀԿ:  Եվ սա ամենևին էլ կամ բացառապես լրագրողի/լրատվամիջոցի մեղքով չէ. ՀՀ նախագահը հաշվետու է լինում, թե ինչ է արել 2008թ. ՀՀ նախագահի թեկնածուն ընտրողների քվեն ստանալուց և ՀՀ նախագահ դառնալուց հետո, և հորդորում կրկին հավատալ այդ նույն թեկնածուին, որը կրկին Նախագահ դառնալուց հետո կարդարացնի ընտրողների սպասումները: Եվ հանդիպման ժամանակ էլ այս ամենը հստակ չի տարանջատվում:

Իսկ ի՞նչ կարելի է առաջարկել այս դեպքում՝ ի՞նչ անեն պաշտոնյա թեկնածուները, որպեսզի լրատվամիջոցներին չդնեն զանազան թեկնածուների լուսաբանման ժամանակ հօգուտ իրենց և իրենց ներկայացրած կուսակցությունների անհավասարակշիռ լինելու վտանգի առաջ:

Պատասխանը մեկն է և … անիրական. նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է չօգտվեն օրենքի սողանցքներից, պետք է վերցնեն ու մի հրաշքով հրաժարվեն ոչ հրատապ՝ «ժապանավենակտրողային» բնույթի միջոցառումներին  իրենց մասնակցությունից: Այլապես սա նախընտրական տեխնոլոգիական հնարքներից է և կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում` ինչ փաթեթավորմամբ էլ որ մատուցվի: Ընդ որում նման դեպքերում կասկածի տակ է դրվում նաև նրանց պաշտոնական գործունեության՝ այդ հանդիպումների, բանակցությունների և այլնի արդյունավետությունը. չէ՞ որ հիմա մերոնց ուշքն ու միտքը ընտրություններն են: Միայն և բացառապես:

Եթե խոսք գնաց արդյունավետության և նախընտրական տեխնոլոգիական հնարքներից. դրանց շարքից են նաև սոցհարցումները, ավելի ճիշտ դրանց արդյունքները այն լույսի տակ մատուցելը, ինչպես արվում է մեզ մոտ:

Նախ հանկարծ նախընտրական սոցհարցումներով հետաքրքվում են այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առօրյա լուսաբանումներում գոնե վերջին շրջանում քաղաքականությամբ առանձնապես չեն հետաքրքրվել և իրենց եթերը լցրել են հիմնականում զվարճալի հաղորդումներով: Այդ ԶԼՄ-ները հանկարծ հետաքրքվում են, պատվիրում և արդյունքները հրապարակելիս տալիս մեկնաբանություններ, որոնցից հստակ է լինում, որ պատվերը իրականում ոչ թե ԶԼՄ-ինն է, այլ այն քաղաքական ուժինը, որն այդ մեկնաբանություններում մշտապես շահեկան վիճակում է: Մեկ ուրիշ լրատվամիջոց էլ մի ընկերության պատվիրում է շոշափել Հայաստանի բնակչության հասարակական-քաղաքական տրամադրություննեըը, որոնցում գերիշխում է «երկիրը ճիշտ ուղով է ընթանում» տրամադրությունը:

Սոցհարցումներին զուգահեռ մայիսի 6-ին կկիրառվի միջազգային պրակտիկայից մեկ այլ տեխնոլոգիական հնարք՝ այսպես կոչված «էգզիթ փոլը»: Դատելով նրանից, թե ով է պատվիրել այդ «էգզիթ փոլը» և ինչպես է լայնորեն գովազդվել այդ հանգամանքը, կարելի է պատկերացնել, թե ինչ պատասխան է տալու մայիսի 6-ին ընտրատեղամասերից դուրս եկողը, երբ նրան հարցնեն, թե ում օգտին է նա քվեարկել:  Ավելին. անմիջապես մուտքի մոտ հարցված լինելու հեռանկարը ավելի զգուշավոր, իմա՝ վախեցած կդարձնի շարքային ընտրողին: Մնում է միայն հուսալ, որ ելքի մոտ շարքային ընտրողին կդիմավորի միայն թուղթ ու գրիչով հարցում անողը և ոչ՝ պատվիրատու հեռուստաընկերության տեսախցիկը, ինչպես գուժում է ժողովրդական բանահյուսությունը: Այլապես ընտրական գործընթացների առավել աղավաղված պատկեր դժվար է անգամ երևակայել:

One Response to 'ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ'

  1. Մարիամ says:

    Enqan anhetet baner katarvecin es qarozarshavi yntacqum, orinak, hamamasnakan cucaknerum erac bolor varchutyunneri petery gnacin arcakurd, isk naxararnery sharubnakecin ashxatel u petq exac depqum qarozarshav anel, isk monitoring, chistn asac, erbeq esqan anhetaqrqir chi darcrel herustaetery, vorqan es angam.

Leave a Reply