ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կրքերը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ կարծես թե հանդարտվեցին, մասամբ՝ նաև Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման շուրջ աղմուկի շնորհիվ: Սակայն այդ հանդարտեցման հիմնական պատճառն այն է, որ հնարավոր չեղավ այդ Օրենսգրիրք անցկացնել քաղաքացիական հասարակության շատ առաջարկություններ դրա՝ նախագիծ եղած փուլում, իսկ ընդունվելուց և Նախագահի կողմից ստորագրվելուց հետո այնտեղ գրեթե անհնար է որևէ-բան փոխել:

Մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության, առնվազն՝ լրագրողական կազմակերպությունների որոշակի հիասթափությունը հասկանալի է. ինչպես լրագրողական կազմակերպություններն են արձանագրում իրենց հայտարարության մեջ, Ընտրական օրենսգրքի ձևավորման հետ կապված այս տխուր պատմությունը հիշեցնում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում 2015թ. դեկտեմբերին կատարված փոփոխությունները:  Երբ «բազմաթիվ հայ և օտարերկրյա փորձագետների հինգ տարվա աշխատանքը նետվեց ջուրը, իսկ փոխարենը կայծակնային արագությամբ ի հայտ եկավ և ընդունվեց հանրության համար անհայտ ծագում ունեցող մի օրինագիծ, որը Հայաստանի հեռարձակման  ոլորտը զրկում է արդյունավետ զարգացման հնարավորություններից»:

Մինչև Ազգային Ժողովի կողմից ԸՕ-ի ընդունումը, Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ մշակել և խորհրդարան էին ներկայացրել  մի շարք առաջարկություններ: Նախագծի հեղինակը՝ ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովը այդ առաջարկություններից մի քանիսն իբրև թե ընդունել են և  ստեղծել այն տպավորությունը, թե Օրենսգիրքը ձևավորվել է մասնագիտական հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում:

Սակայն իրականում այս մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունները կոպտորեն խեղաթյուրվել են:

Մասնավորապես, իբրև թե ընդառաջ գնալով ՀԿ-ներին, ընտրական տեղամասում դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների միաժամանակյա ներկայությունը 8-ից բարձրացվել է 15-ի: Սակայն, միևնույն է, առկա է սահմանափակում, որը կարող է կիրառվել ընտրողաբար՝ անցանկալի դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղամասից դուրս թողնելու համար: Այստեղ արհամարհվել է նաև դիտորդների և լրագրողների գործունեության կարգավորման հարցում տարբերակում մտցնելու՝ հիմնավորված առաջարկությունը, նկատի ունենալով նրանց առաքելության առանձնահատկությունները: Ավելին,  ԸՕ-ի վրա աշխատանքի վերջին փուլում, թվային  սահմանափակումը անհայտ պատճառներով որոշվել է չտարածել  վերգետնյա հեռարձակվող ԶԼՄ-ների վրա, այսպիսով՝ չարդարացված խտրականություն  դնելով  ԶԼՄ-ների միջև:

Հաշվի առնելով համապետական նախորդ ընտրությունների հետ կապված` իշխանության ներկայացուցիչների այն մտահոգությունները, որ լրագրողի անվան տակ տեղամասերում հայտնվում էին պատահական անձինք՝ սպասարկելով զանազան կուսակցությունների շահերը, լրագրողական կազմակերպություններն առաջարկել էին թվային սահմանափակումների փոխարեն վերադառնալ լրագրողների հավատարմագրման կարգին:

«Սակայն, դարձյալ իբրև թե անսալով լրագրողական կազմակերպությունների խորհրդատվությանը՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որոշում կայացնողները, պահպանելով թվային սահմանափակումները  սահմանեցին լրագրողների հավատարմագրման այնպիսի կարգավորումներ, որոնք սկզբունքորեն հակասում էին քաղհասարակության առաջարկներին»: Ըստ ընդունված Օրենսգրքի, օրինակ, հավատագրման պարտադիր պայմաններից է ԶԼՄ-ի մեկ տարվա գործունեությունը: Նկատի ունենալով Հայաստանի՝ բավական արագ փոփոխվող մեդիաշուկան, սա կարող է ընտրությունների լուսաբանման համար արհեստական արգելքներ ստեղծել այն ծանրակշիռ լրատվամիջոցների համար, որոնք մոտակա ամիսների ընթացքում կհիմնվեն:

«Այս կարգի դրույթներն այնպիսի կարևորագույն քաղաքական իրադարձության ընթացքում, ինչպիսին են սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհդարանական ընտրությունները, դժվար է ընկալել այլ կերպ, քան իշխանությունների կողմից անվերահսկելի  լրատվամիջոցներին մաղելու միտում»,- արձանագրում է հայտարարությունը:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ  ԸՕ-ի վերջնական տարբերակի այն դրույթները , որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեությանը,  նույնիսկ ավելի շատ են սահմանափակում ընտրությունների ազատ ու բազմազան լուսաբանման հնարավորությունները, քան օրենսգրքի նախնական տարբերակը:

Ընդ որում կան դիտարկումներ, որ Ընտրական օրենսգրքում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող որոշ «նորամուծություններ» կրկնում են խոսքի ազատության մակարդակով Հայաստանին մեծապես զիջող նախկին ԽՍՀՄ երկրների համապատասխան օրեսնդրական դրույթները: Իսկ սա արդեն հարցեր է առաջացնում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ ՀՀ-ում իրականացվող քաղաքականության վերաբերյալ ընդհանրապես:

Արդեն իսկ քաղաքացիական հասարակության կողմից փաստվել է, որ Ընտրական նոր օրենսգրքի մշակման և ընդունման ողջ գործընթացն ուղեկցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն ընթացակարգերի խախտմամբ, որոնք կարգավորում են  իրավական ակտերի մշակումը և շրջանառությունը:

Իսկ արդյունքում ընդունվել է մի օրենսգիրք, որը լուրջ սահմանափակում է լրատվամիջոցների գործունեությունը և խտրականություն մտցնում նրանց միջև: Դրանում խեղաթյուրվել են քաղաքացիական հասարակության, մասնավորապես մասնագիտական լրագրողական կազմակերպությունների առաջարկություններում եղած գաղափարները՝ միաժամանակ ստեղծելով նրանց հետ համագործակցության պատրանք: Ավելին, մոտ ապագայում այդ  պատրանքը փորձ կարվի ծառայեցնել նաև ԶԼՄ-ների և մասնագիտական ՀԿ-ների միջև հակասություններ սերմանելուն՝ օրենսգրքում առկա սահմանափակումների համար պատասխանատվությունը գցելով վերջինների վրա:

Իսկ այդ մոտ ապագան, իրոք, հեռու չէ. արդեն հաջորդ համապետական ընտրությունների նախօրեին, երբ կրքերը Ընտրական օրենսգրքի շուրջ հավանաբար նորից կթեժանան:

Leave a Reply