ՊՈԼԻՈԱՊԱՏԻԱ

INDEFFERNCE

«Անհնար է կեղծել այս աստիճանի անտարբերությունը»:

Քաղաքացիական հասարակությունը, որոշ չափով՝ նաև ընդդիմադիր կուսակցությունները, արձանագրեցին և բողոքեցին, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մշակվել են թաքուն՝ առանց հանրային քննարկման և հայտնի են դարձել միայն միջազգային կազմակերպության կայքում հայտնվելու պատճառով կամ դրանից հետո:

Այս կապակցությամբ նորից քննարկվում, արժևորվում, կարևորվում, ընդգծվում, կարելի է ասել, անգամ՝ աչք է մտցվում հանրությանը իրազեկելու, տեղյակ պահելու անհրաժեշտությունը: Եվ սա այն դեպքում, երբ քարտի վրա է հասարակության առողջացման՝ ընտրական մեխանիզմների բարելավման, ընտրախախտումների կանխման և այս կարգի այլ երաշխիքների հարցը:

Այս բուռն խոսակցությունների և քննարկումների ֆոնին անհասկանալի է, թե ինչո՞ւ նույն կերպ բուռն կամ գոնե առհասարակ՝ հանրության կողմից վրդովմունքի առանց որևէ չափաբաժնի արժանանալու անցավ «իշխանական/կառավարական» մեկ այլ լռություն՝ 2-6 տարեկան երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու տեղեկությունը:

Չէ, այնպես չէ, որ ընդհանրապես տեղեկություն չեղավ…Պոլիկլինիկաների բուժքույրերից և տեղամասային բժիշկներից ստացած զանգերից հետո ծնողներն սկսեցին դժգոհել վիրտուալ և ոչ վիրտուալ սոցիալական ցանցերում: Այդ խոսակցությունները շրջանառվում էին առնվազն փետրվարի 22-ից. մարդիկ չէին հասկանում, թե ինչու են բուժհաստատություններից երեխաներին կանչում լրացուցիչ պատվաստման, եթե նրանք նախկինում ստացել են նույն պատվաստանյութը՝ ժամանակացույցին համապատասխան:

Այս մասին հրապարակումներ սկսեցին հայտնվել նաև լրատվամիջոցներում, որոնք անգամ պետական պաշտոնյաների հետ հարցազրույցից հետո ավելի շատ խճճում էին հակասական կամ անհասկանալի տեղեկություններում, քան պարզաբանում դրանք: Ստիպված նույնիսկ խոստովանելով, որ պաշտոնյայի «պատասխանները կարդալուց հետո հարցեր, այնուամենայնիվ, մնացին»:

Գուցե այս կարգի դժգոհություններին ի պատասխան, կամ որ հնարավոր է՝ բախվելով լրացուցիչ պատվաստումների իրականացման ցածր ցուցանիշներին, ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես փետրվարի 25-ին տարածեց պաշտոնական տեղեկություն՝ «Պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր» վերնագրով: Սակայն սրան ամենևին չէր նախորդել որևէ տեղեկություն պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների վերաբերյալ ընդհանրապես: Մինչդեռ առողջապահական ցանկացած լրացուցի՛չ միջոցառում, այն էլ ՝ այդպիսի մասշտաբներով, պետք է իր մեջ տեղեկատվական, իրազեկման բաղադրիչ ունենա: Էլ չենք ասում, որ անհրաժեշտ է լավ մտածված քարոզարշավ:

Կարելի է երկար փորձեր կատարել՝ վերլուծելու այդ բաղադրիչի բացակայության պատճառների մասին, սակայն ամենայն հավանականությամբ, դրանք հաղորդակցության, տեղեկությունների տարածման ժամանակակից մեխանիզմների ոլորտից դուրս կգան և կտանեն բիզնես շահերի հեռուները:

Տեղեկատակա՛ն ոլորտի խնդիրների հետ կապված՝ արձանագրենք, որ հայաստանյան ԶԼՄ-ները պատշաճ կամ ընդհանրապես ուշադրություն չդարձրին համազգային նշանակության խնդրին, ամենայն լրջությամբ և խորությամբ չմոտեցան դրան: Կամ որ ավելի ճիշտ է ասել՝ նույն  մակերեսային մոտեցումը հանդես բերեցին, ինչ որ պետությունը՝ առողջապահական լայնամասշտաբ այս միջոցառման և հանրության կարծիքի ու տեղեկացվածության նկատմամբ: Չնչին բացառությունները՝ չհաշված: Մնացած դեպքերում, լավագույնը՝ ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեղեկանքի մասամբ կամ ամբողջական արտատպումն էր:

Իսկ կարող է՞ ՀՀ ընտրական համակարգի ապագա առողջացման հնարավորությունները հենց այն պատճառով էին գաղտնի պահվում, որովհետև հասարակությանը չհետաքրքրեց  անգամ իր բալիկների ներկա առողջությունը:

Leave a Reply