ԲԵՐՄՈՒԴՅԱՆ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»

The TriangleԵրբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հասարակությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հրապարակած 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև քարոզչական ժամանակահատվածում հանրաքվեին նվիրված «Եռանկյունի» հաղորդման հեռարձակմանը, դա արեց առաջին հերթին այն պատճառով, որ ծրագիրը վարել (վարում) է ՀՀ այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը ՀՀԿ փոխնախագահն է և «Այո» շտաբի անդամ:

Ավելին, Զեկույցը, գուցե կոմպլեմենտարության սկզբունքից ելնելով, անմիջապես հղում կատարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ)՝ այս կապակցությամբ գնահատականին: Համաձայն դրա, պաշտոնյաները իրավունք ունեն ներգրավված լինել ստեղծագործական գործունեության մեջ իրենց աշխատանքային ժամից դուրս, և որ շոու վարելը ստեղծագործական գործունեություն է ու չի խախտում որևէ օրենք: ՀՌԱՀ-ը դրանում չէր գտել կանխակալ լուսաբանման կամ մասնակիցներին անհավասար մոտեցման որևէ նախապայման:

Զեկույցը, անդրադառնալով հաղորդմանը, փաստորեն դրա որակով ու բովանդակությամբ չէր, որ ի սկզբանե մտահոգվել էր: Այն շատ զգուշորեն հիշեցրել էր մի պստիկ միջազգային սկզբունք. «Նման պրակտիկան, թեև արգելված չէ օրենքով, ստեղծել է շահերի բախման ընկալում և կասկածի տակ դրել հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը»:

Այսինքն, էականը ամենևին էլ այն չէ, ինչ նկատի ուներ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, երբ վերջերս ԺՀՄԻԳ-ից պաշտպանում էր Աշոտյանի հանրային «Եռանկյունին»:

Ըստ պատգամավորի, «Արմեն Աշոտյանը, անշուշտ, Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկն է, բայց չէ՞ որ իր հեռուստածրագրում նա օգտագործում է թե՛ դեմին և թե՛ կողմին, ընդ որում՝ մի հոգի էլ՝ չեզոք դիրքերից հանդես եկող գործչի: Ընդհակառակը՝ նա փորձում էր հանրությանը ավելի հասկանալի դարձնել իր … այդ թվում՝ նաև սուր հարցադրումներով, միգուցե դեմ-ին էին ուղղված կամ այո-ի էին ուղղված, բայց սուր հարցադրումներով փորձում էր հանրությանը ընկալելի դարձնել կողմերի դիրքորոշումները»:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ հանրային հեռարձակողի եթերում կուսակցական գործչի վարած քաղաքական հաղորդաշարը նպաստել է քարոզարշավի որակի բարձրացմանը:

Հատկանշական է, որ դեռևս հաղորդման առաջին թողարկումից անմիջապես հետո, լրագրողական համայնքից եղան գնահատականներ. «Ֆորմալ առումով այն փաստը, որ կուսակցության նախագահի տեղակալը, նախարարը այս քարոզարշավի ընթացքում երևում է եթերում, այն էլ պարբերաբար, այն էլ Հանրային հեռուստատեսությամբ, լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է այդ նախաձեռնությունն արդարացված»: Եզրակացությունը՝ «այդպիսի ոչ կոնվենցիոնալ և ոչ ստանդարտ մոտեցումը Հանրային հեռուստատեսության գտնած լավագույն ձևը չէ»:

Ոչինչ, որ հետո դժգոհություններ, այնուամենայնիվ, եղան կողմնապահության պատճառով (օրինակ, հանդիսատեսի ծափերը՝ ի պաշտպանություն հնչող իշխանական տեսակետներին, դրա ոչ պակաս ցայտուն ցուցանիշներից են): Միևնույն է, այս ամենը մի կողմ է դրվում և՛ այժմ՝ Զեկույցում, և՛ այն ժամանակ՝ մեդիափորձագիտական շրջանակների կողմից: Եվ սա պատահական չէ:

Այստեղ արժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ մինչև ԺՀՄԻԳ-ը կգնահատեր ՀՀ կառավարության անդամ Արմեն Աշոտյանի կողմից քաղաքական հաղորդում վարելու փաստը, Եվրոպայի խորհրդի փորձագետ, հանրաքվեների լուսաբանման մասնագետ Լորան Ռուին այդ կապակցությամբ հայաստանյան լրագրողներին հայտնել էր իր զարմանքը և տարակուսանքը. «Սա հիմնովին սխալ է: Սա բացարձակապես անընդունելի է՝ ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից: Սա որևէ կերպ չի կարող համարվել ճիշտ լուսաբանում։ … Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»: Մեջբերվում են այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի փորձագետի բոլոր «ոչ»-երը՝ ընդգծելու այդ փաստի անընդունելիության աստիճանը։

Իսկ հիմա չքմեղանալ և խնդիրը տեղափոխել այլ՝ որակի հարթություն, նշանակում է «Եռանկյունի»-ում խորտակել ինչպես միջազգային չափանիշները, այնպես էլ՝ սեփական, թեկուզ և թույլ օրենսդրությունը:

Եվ որ ամենակարևորն է՝ ստեղծելուց հետո լեգիտիմացվում է նախադեպը: Իսկ առջևում ընտրական բուռն տարիներ են: Այնպես որ, «Եռանկյունին», ամենայն հավանականությամբ, կունենա անխափան եթեր: Չի բացառվում, որ այն կդառնա աշխարհում գուցեև միակ հաղորդումը, որը հանրային հեռարձակողի եթերում կվարի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Leave a Reply