ՈՉ ՄԻԱՅՆ … ԱՐՅՈՒՆԻՎ

Ահաբեկչությունները, սպանությունները՝ միջազգային, թե ներքին, տարբեր արձագանքներ են ստանում անգամ միևնույն հասարակության տարբեր շերտերի մեջ: Ակնհայտ ուրախացող-չարախնդացողների էմոցիաներից մինչև սարսափի և տագնապի զանազան նրբերանգներ: Իսկ դրանց արանքում՝ էլի բազմաթիվ ապրումներ: Այս ամենը հիմնականում ավելի թանձրանում և ուժգնանում է մեդիայում և մեդիայի շնորհիվ:

Եթե նույնիսկ մարդիկ առանձնապես հակված չեն խուճապի և փորձում են զսպվածությամբ, առանց ավելորդ էմոցիաների սպասել իրավիճակի պարզեցմանը, առավել հստակ տեղեկությունների, մենք,  միևնույն է, մեր գործընկերներով հաճախ ջանք չենք խնայում հանել նրանց այդ վիճակից որքան հնարավոր է՝ շուտ: Իսկ դրա համար նույնիսկ պարտադիր էլ չէ, որ իրականում, օրինակ, ահաբեկչություն եղած լինի: Ի՞նչը կարող է պակասել ահաբեկչությունից, եթե կա մարդկանց խումբ, կա զենք-զինամթերք և պաթուցիկն էլ՝ լեն ու բոլ: Ճի՛շտ է, պակասում է ընդամենը ահաբեկչություն բառն ինքը: Այդ մի բառն էլ որ մենք խցկենք լրահոս, հո աշխարհը չի՞ քանդվի:

Այո, աշխարհը չքանդվեց, երբ հենց այդպես տեղի ունեցավ անցյալ շաբաթ Նորք- Մարաշում ենթադրյալ զինված խումբ վնասազերծելիս: Ահաբեկչություն բառը կար հենց առաջին տեղեկությունից սկսած, և նույնիսկ երբ հետագայում ԱԱԾ-ն պաշտոնապես չհաստատեց այդ վարկածը, միևնույն է, մենք բոլորս արդեն համոզված էինք հակառակի մեջ:

Հնարավոր է, որ հենց այդ չարաբաստիկ մոդայիկ բառով էր պայմանավորված մեր ինչ-որ տեղ անառողջ հետաքրքրությունը ենթադրյալ վնասազերծման գործողության տեսագրությունը տարածելիս ու մանրամասն կինոդիտում անելիս, այնտեղ հայտնված հատկապես աղջիկների ֆեյսբուքյան էջերն ու մնացած կյանքը փորփրելիս ու դրանից եզրակացություններ անելիս, խմբին ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կապելիս և այլն:

Մինչ հանրությունը, մեդիան էլ՝ նրանց շարքում, տակնուվրա էին անում այս«բարեբեր» հողը, մայրաքաղաքի կենտրոնում մասշտաբներով ավելի փոքր, սակայն աղմուկով՝ ոչ պակաս, սպանություն տեղի ունեցավ: Մեդիան, իբրև թե այս մասին հաղորդելիս, չխնայեց ոչ սպանված երիտասարդին (հրապարակվեցին նրա արդեն մահացած լուսանկարները), ոչ նրա կնոջն ու երեխաներին (հրապարակվեցին վերջիններիս լուսանկարներն ու ինքնությունը բացահայտող այլ տվյալներ), ոչ էլ՝ սեփական էթիկական սկզբունքները: Այնքան, որ կառույցը, որտեղ աշխատել է երիտասարդը, ստիպված էր խնդրանքով հանդես գալ՝ մեր գործընկերներին կոչ անելով հետևել մարդկային և մասնագիտական տարրական կանոնների: Նամակի հուսահատ ավարտը. «Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ»:

Այս արդարացի ամոթանքը հիշեցրեց դարձյալ վերջերս տեղի ունեցած մի անդրադարձ, որը վերջին շրջանի իրական և ոչ այնքան, կատարված և ոչ այնքան  ահաբեկչությունների ու սպանությունների ֆոնին և դրանից հետո ստեղծված իրավիճակում առնվազն ոչ օրինաչափ և նույնիսկ մի փոքր հուսադրող էր:

Նոյեմբերի 20-ին ահաբեկչություն տեղի ունեցավ Մալիում: Եղան նաև զոհեր: Տեղեկությունը, հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցներից, թափանցեց մեր ԶԼՄ-ներ ևս: Եվ ահա, նույն երեկոյան, նույն Մալիից դարձյալ տեղեկություններ կան՝ այս անգամ թե ինչպիսին է այս աղքատագույն երկրի …  նորաձևությունը: Հիրավի, անսպասելի շրջադարձ: Իսկ ինչո՞ւ ոչ: Այս նյութն ավելի վաղ էր պատրաստված, քանի որ այնտեղ ներկայացվածը մի քանի ժամվա, այն էլ՝ ահաբեկչական գործողության թեժ ժամերին արված աշխատանք չէր: Եվ այն արձագանքն էր հոկտեմբերին տեղի ունեցած փառատոնի: Սակայն նկատի առնելով աշխարհի սրված ուշադրությունն այդ երկրի նկատմամբ, այդ տեղեկությունն արտատպողները թեև օգտագործել էին ահաբեկչության առիթը, սակայն ստացվել էր այնպես, որ այդ երկիրը ներկայացրել էին առնվազն հետաքրքրաշարժ, դրական տեսանկյունից. հո միայն ահաբեկչությունները չե՞ն այս կյանքում:

Հայաստանյան ԶԼՄ-ներն էլ արագորեն տարածեցին Մալիի ինքնատիպ նորաձևության նմուշները: Եվ հնարավոր է, որ գիտակցված էլ չէր, բայց այս ամենի ուղերձը մոտավորապես այս էր. «Միայն արյան մասին չէ, որ արժե գրել»:

Փաստորեն կարելի է կոռեկտ լինել, երբ արյունը հեռո՞ւ է մեզանից:

 

Լուսանկարը՝ lenta.ru-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*