ԼՈՒՐԵՐ՝ ՕԴԻՑ

Ինֆորմացիան շուտ փչացող ապրանք է: Եթե իհարկե արդեն փչացած չէ: Եթե իհարկե ինֆորմացիա է:

Ի՞նչ առանցքային բառեր են անհրաժեշտ այս օրերին՝ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար. տեղական շուկայի համար՝«եսիմ», որ մի բանով տարբերվի այո/ոչ-ից, իսկ տեղական և միջազգային շուկաները միասին «տակնուվրա» անելու համար՝ զինյալ  և Փարիզ: Իսկ եթե այս բառերին ավելացնես մաֆիա և սպանել…. մնացածն արդեն տեխնիկայի հարց է:

Եվ եթե անգամ հայաստանյան լրատվամիջոցների խիզախությունը չի բավականացնում իր նախաձեռնությամբ նման առանցքային բառերով այդ բոյի ինֆորմացիա հորինել, նրանք առանց աչք թարթելու օգտվում են այլոց հորինածներից:

«Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիոզները սպանել են ԻՊ զինյալներին»: Այս վերնագրով նյութը կայքում հայտնվել է  նոյեմբերի 21-ին ժամը11:29-ին: Այն պատմում է, որ իբրև թե ԻՊ զինյալները ներխուժել են Փարիզի սրճարաններից մեկը և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա: Սակայն այստեղ են եղել կոլումբիացի նարկոկարտելի երեք հետախուզվող անդամ, որոնք իրենց մոտ եղած զենքով պատասխան կրակ են բացել և սպանել ահաբեկիչներին: Այս ֆանտաստիկ պատմության վերջաբանն արդեն  տրագիկոմեդիայի ժանրից է. «Ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կոլումբիացիներին: Հիմա ֆրանսիացի իրավապահների առաջ հարց է կանգնել՝ ի՞նչ անել ձերբակալվածների հետ, որոնք ըստ էության կանխել էին ևս մեկ ահաբեկչություն մի երկրում, որը դեռ ուշքի չի եկել նոյեմբերի 13-ի ահաբեկիչների հարձակումներից: Ամենայն հավանականությամբ կոլումբիական մաֆիոզիներին կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին, հայտնում են լրատվամիջոցները»:

Լուրը րոպեներ անց նույնությամբ հայտնվում է հայաստանյան մի քանի այլ կայքերում. lratvakan.am-ում՝ ժամը 12:13-ին, artsakhpress.am-ում՝ 12:05-ին, hayeli.am-ում՝ նույնպես նոյեմբերի 21-ին, սակայն ժամը նշված չէ:

Հոդվածը, որքան էլ օդից վերցրածի տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, այն ակտիվ հղում ունի, որը տանում է «Ռեն ՏՎ»-ի նույն բովանդակությամբ նյութին, որը հրապարակվել է նոյեմբերի 20-ին, ժամը 23.18-ին: Այն տարբերությամբ, որ այստեղ որևէ հղում չկա, բացառությամբ «հայտնում են լրատվամիջոցները» անդեմ աղբյուրի:

Միջազգային մի քանի, այդ թվում նաև՝ ռուսաստանյան լրատվամիջոցներում փնտրտուքը ոչինչ չտվեց. Փարիզում երեկ երեկոյան ԻՊ-ի զինյալներն ու կոլումբիացի մաֆիոզները դեմառդեմ չեն հայտնվել: Փոխարենը մի քանի կայքեր խոստովանել են, որ ավելի վաղ հայտնված տեղեկությունն այդ առճակատման և կոլումբիացի մաֆիոզների հերոսության մասին, չեն համապատասխանում իրականությանը:

Այս  մի ճշտումը հայնտվել է վաղ առավոտյան՝ ժամը 05:18-ին,  այստեղ՝ գրեթե նույնությամբ արտատպված՝ 06:34: Հղումը՝  Pulzo պորտալին: Եվ կարևորը, որ բոլորը իբրև այս տեղեկության սկզբնաղբյուր նշում են Եվրոպա 1 ռադիոյի թղթակցին, որն իբրև թե այդ ժամանակ եղել է սրճարանում, իսկ հետո պարզվել է, որ ոչ մի առնչություն չունի տեղեկությանը:

Չունի՝ չունի, Աստված՝ իր հետ, մերո՞նք ինչու են տեղեկության հերքումից 5 ժամ հետո այն հրապարակում: Առավել ևս պահում այն կայքի վրա առանց թարմացման համենայն դեպս մինչև ԵՄԱ Ամփոփագրի այս հրապարակումը՝ նոյեմբերի 21, ժամը 18:10:

Ամենահետաքրքիրն այն է, որ տեղեկությունը հայաստանյան մեդիայում ամենայն հավանականությամբ առաջինը սփռած լրատվամիջոցը նույնիսկ իր ընթերցողների մեկնաբանություններն է աննկատ թողնում, որտեղ վերջիններս ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջազգային լրատվական կայքերում այս տեղեկությունը չի հաղորդվում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*