ԿԱՐԵՎՈՐԸ՝ Ո՞Վ, ԹԵ՞ ՈՒՄ

Լրագրողների և լրատվամիջոցների համար մի վտանգավոր նյութ կա, որի հետ աշխատելը խաղ ու պար է ՝ միայն առաջին հայացքից: Մնացած բոլոր հայացքներից երևում է, որ այդ աշխատանքը հայաստանյան լրատվամիջոցներում հիմնականում չի ստացվում:

Բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդագրություններ՝ շնորհավորական կամ ցավակցական՝ դրանք յուրօրինակ փորձաքար են, ինչն ամենևին այդպես չի թվում լուր տարածելու առաքելություն ունեցողներին:

Եթե հեռուստացույցի էկրանին հայտնվել է ՀՀ նախագահի, վարչապետի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի միայնակ դիմանկարը՝ դեմքի ուրախ արտահայտությամբ, ուրեմն կադրից դուրս ընթերցվում է սույն բարձրաստիճան պաշտոնյայի շնորհավորական ուղերձը՝ որևէ հայտնի գործչի ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Եթե նույն դեմքն է՝ սակայն տխուր կամ չափազանց լուրջ, ուրեմն դուք ցավակցական հեռագրի տեքստ եք լսում: Ընդ որում, եթե հեռուստացույցի ձայնն անջատեք, չեք հասկանա՝ ում է շնորհավորում կամ ում մահվան առիթով է ցավակցում պաշտոնյան:

Հետաքրքիր է, որ չափազանց մեծ տեսահնարավորություններով օժտված հեռուստաընկերությունները վերոնշյալ բովանդակության տեքստերը հեռարձակելիս հիմնականում դրանք չեն ուղեկցում պատշաճ կադրերով. ում ուզում է ցավակցի պաշտոնյան՝ էկրանին միայն իր դեմքն է, ում ուզում է շնորհավորի՝ կադրում ինքը միևնույն է՝ միայնակ է, և միայն երբեմն՝ չի բացառվում, որ որպես ծննդյան նվեր հոբելյարին՝ լավագույն դեպքում հայտնվի նաև վերջինիս լուսանկարը:

Եվ ոչ մի հետք՝ պաշտոնական հաղորդագրության «օբյեկտի» գիտա-մշակութային-հասարակական գործունեության: Եթե անունից տեղը չեք բերել՝ ում մասին է խոսքը, դա արդեն լրատվամիջոցն իր գործը չի համարում՝ պեղեք-զարգացեք ինքնուրույն: Ինքն իր պարտքը կատարած է համարում՝ առանց միջամտության տարածելով պաշտոնական հաղորդագրությունը՝ «Պաշտոնական» խորագրով:

Մինչդեռ այդ «օբյեկտի» գործունեության տեսա և լուսանկարային վավերագրեր, պարգևատրման կամ այլ կադրեր գտնելն այսօր հաստատ բարդ գործ չէ: Եթե պաշտոնական արարողակա՛րգը թույլ չի տալիս կենտրոնանալ «օբյեկտի» վրա, ապա վերջինս առնվազն չպետք է ստորադասվի հաղորդագրության «սուբյեկտին»:

Թվում է եթերային թանկ վայրկյանների խնդիր գոնե համացանցային լրատվամիջոցները չպետք է ունենան և մի փոքր ստեղծագործական մոտեցում ցուցաբերեն չոր ու ցամաք շնորհավորանքների: Բայց այստե՞ղ ինչ ենք տեսնում: Եթե ստեղծագործական մոտեցում անգամ ցուցաբերվում է, դա կարող է լինել պաշտոնյայի լուսանկարի ընտրության հարցը:

Մեկ թարմ օրինակ: Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածում է տեղեկություն՝ «Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ» վերնագրով: Տեղեկությունը րոպեների տարբերությամբ հայտնվում է՝ armenpress.am, times.am, shamshyan.com, news.am, ankakh.com, www.tert.am և այլ կայքերում: Թվարկվածներից և ոչ մեկը տեղեկությունը չի մատուցել հոբելյարին նկատի ունենալով. ուշադրության կենտրոնում բացառապես ՀՀ Նախագահն է՝ անկախ առիթից: Բոլոր դեպքերում տպագրվել է հենց Նախագահի լուսանկարը և միայն մեկ դեպքում (www.panorama.am)՝ … նախագահական նստավայրի: Փնտրտուքի արդյունքում գտնվեց մեն-միայնակ կայքը, որտեղ շնորհավորանքը ուղեկցվում էր ոչ թե ՀՀ նախագահի, այլ՝ Նիկոլայ Հովհաննիսյանի լուսանկարով:

Սակայն գոնե մեծանուն գիտնականին դեմքով չճանաչող հատկապես երիտասարդները կիմանան՝ ում մասին է խոսքը:

(Ի դեպ, սովորաբար www.a1plus.am-ը հենց այդպես էլ վարվում է նմանատիպ այլ դեպքերում ևս:)

Եվ այսքանով ավարտվում է լսարանին օրվա հոբելյարին ծանոթացնելու ողջ աշխատանքը: Մինչդեռ կարելի էր մի փոքր պատմություն-նախապատմությունով ներկայացնել վաստակաշատ գիտնականին և նրա անցած հետաքրքիր ուղին: Մանավանդ որ կոնկրետ վերջինիս դեպքում դա այնքան հեշտ է. լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներից, հաղորդումներից զատ, վերջինս ունի բավական հագեցած անձնական բլոգ:

Dr. N. Hovhannisyan Archive Photos 05

Դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը Պաղեստինի Կենտրոնական խորհրդի անդամ, Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կուլտուրայի և ինֆորմացիայի գլխավոր տնօրեն Աբդալլա Հաուրանիի հետ՝ Հայաստանում պաղեստինյան բարեկամության օրերի ժամանակ: Երևան, 1981 թ.

 

Լուսանկարը՝ Նիկոլայ Հովհաննիսյանի անձնական բլոգից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*