ՆՈՒՅՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ՝ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԱՌԱՋ

Համաշխարհային մեդիայի լսարանը մի տեսակ հաշտվել է այն իրողության հետ, որ մարդը ա) կյանքից հետո այլևս անպաշտպան է` իր մասին լուրերի ու լուսանկարների՝ հաճախ անպատշաճ և անտեղի, տարածման դեմ: Նույնիսկ՝ բ) կյանքի ընթացքում, եթե նա հայտնվել է հոգեպես և ֆիզիկապես անպաշտպան վիճակում, մեդիան, ցավոք, հաճույքով օգտվում է այդ վիճակից:

Սակայն, մեր գործընկներն արդեն սկսել են օգտվել մարդու անպաշտպան վիճակից՝ անգամ գ) մինչև՛ մարդու …. ծնունդը:

Առաջին երևույթի դեմ շատ են արտահայտվում և պայքարում պրոֆեսիոնալները: «Ֆոտոլրագրողի պրոֆեսիոնալիզմը պարտադրում է այնպիսի լուսանկար անել, որտեղ կերևա աղետը, բայց մահացածի դեմքը չի երևա»,- media.am- հետ զրույցում ասում է ֆոտոլրագրող Գերման Ավագյանը:

Ընդ որում չեն խնայվում ոչ միայն հենց մահացածն ու նրա իրավունքները: Չափից ավելի մեծ է գայթակղությունը՝ տեղադրել ակտիվ հղումը և առավել ակնառու բացատրել, թե ինչը և ինչու չի կարելի ցույց տալ կոնկրետ այս մի դեպքում: Սակայն ևս մեկ անգամ չտիրաժավորելու համար մասնագիտական ակնհայտ թերացումների արդյունքը, թերևս միայն բավարար է արձանագրել, որ զորամասից անհետացած զինծառայողի դիակի հայտնաբերման մասին մարտի 8-ի տեսանյութում Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը կոպտորեն ոտնահարել է ոչ միայն մահացածի, այլ նաև՝ դեպքի վայր եկած նրա ազգականի և դեպքի վայր չեկած նրա ազգականների  և իր լսարանի իրավունքները:  Լսարանի առումով՝ բացատրությունը (ոչ՝ հենց այս դեպքի հետ կապված) ստանալ կարելի է դարձյալ պրոֆեսիոնալից.«Գոյություն ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով՝ մարդը դադարում է ընկալել ու զգալ ցավը, վտանգը: Նրա համար ամեն ինչ միևնույն է դառնում: Եթե մի տեսանյութ հարյուր անգամ ցույց տաս ու տարածես, մարդը կդադարի ընկալել այն շատ պարզ պատճառով՝ կբթանա նրա ընկալողությունը»: Մնացած խախտումների բնույթի մասին ԵՄԱ Ամփոփագիրը բազմաթիվ հրապարակումներ է արել:

Այդ չարաբաստիկ պրոֆեսիոնալիզմը շատ բաղկացուցիչներ ունի, և դրանցից բոլոր չէ, որ տեխնիկային են առնչվում. լրագրողի և հատկապես ֆոտոլրագրողի կրթվածությունը, չափի զգացումը, մարդկային շատ այլ հատկանիշներ անպատճառ այդ բաղկացուցիչներից են: Եվ ոչ՝ երկրոդական:

Նրբանկատ պետք է լինել նաև, երբ մարդը դեռ ողջ է, բայց և՝ անօգնական: Այս տարվա հունվարին անխնա տարածվեց Գյումրիում մի ողջ ընտանիքի սպանդից այն ժամանակ դեռ կենդանի մնացած վեց ամսական Ս. Ավետիսյանի հիվանդանոցային լուսանկարը: Ազդեցության իմաստով՝ ահասարսուռ, իսկ էթիկայի և օրենքի տեսանկյունից՝ կոպտագույն խախտումներով այդ լուսանկարը և դրա տիրաժավորումը գրեթե մտահոգություններ չառաջացրին հայաստանյան մեդիա լսարանում: Բացառությամբ՝ ֆեյսբուքյան մի օգտատիրոջ հունվարի 19-ի գրառման, որը հիշեցնում էր. «ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների մասին կոնվենցիայից, որը ստորագրել է նաև մեր երկիրը և ըստ որի պետք է զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են խեղաթյուրել երեխայի արժանապատվությունը»:ՖԲ գրառում

 

Նույնիսկ սա անմեղ խաղ է թվում այն բանի ֆոնին, թե որոշ լրատվամիջոցներում ինչպես լուսաբանվեց փոքրիկ Ս. Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը՝ ընդհուպ դիմացից ցուցադրելով  հանգուցյալի դագաղը:

Սակայն այն վերնագիրը և դրան հետևող նյութը, որը հայտնվեց երկու օր առաջ www.1in.am –ում արդեն անհավանականության ժանրից է: «Սաղմն ազատ է արձակվել կալանքից. այն կտեղադրվի փոխնակ մոր արգանդում» վերնագրին հետևում է պատմությունը՝ դեռ չծնված երեխայի, նրա կենսաբանական ծնողների և վերջիններիս կոնֆլիկտի մանրամասներով, լուսանկարներով: Կարող են հետևել քննարկումներ և առարկություններ, թե նոր ձևավորված սաղմը դեռ իրավունքներ չունի: Կամ էլ՝ դրանք ոչ մի տեղ չեն արձանագրված: Սակայն առնվազն այն հանգամանքը, որ այս երեխայի՝ լույս աշխարհ գալու համար այսքան պայքարում են, նշանակում է, որ մի օր նա անելու է այդ բանը՝ լույս աշխարհ է գալու, ծննդյան վկայական է ստանալու, մանկապարտեզ-դպրոց և այլն, իր մասին էլ մի օր կարդալու է .«Ազատ է արձակվել կալանքից»:

Leave a Reply