ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը, «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանելով իր  դիրքերը, կայուն՝ 78-րդ տեղում է:

Հայաստանի լրագրողական հանրության ներկայացուցիչներից սա օբյեկտիվ իրականություն է համարում:

Այն, որ այս ոլորտում անհանգստացնող երևույթներ անցյալ տարի եղել են, չի ժխտում ոչ ոք: Եվ առաջին հերթին՝ կապված խոսքի և լրատվամիջոցների ազատության խնդիրների հետ:

Լրագրողական համայնքն ակնկալում էր, որ տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջը, որ դատարանը դրեց լրատվամիջոցների առաջ, կարող էր այս Ինդեքսում մեր երկիրը մղել հետ (ի դեպ, այս  մասին, իբրև արդեն իսկ կատարված իրողության, անցյալ ամռանը ապատեղեկատվություն տարածվեց և շահարկումներ եղան-ԵՄԱ Ամփոփագիր):

Անցյալ տարին «հարուստ էր» նաև  լրագրողների նկատմամբ բռնություններով, «անհամեմատ հարուստ»՝ լրագրողների նկատմամբ պաշտոնյաների, հատկապես Ազգային Ժողովի պատգամավորների վիրավորական, հաճախ՝ անպարկեշտ պահվածքով: Միտում կամ գործելաոճ, որ հաջողությամբ շարունակվում է ընթացիկ տարում:

Անցյալ տարվա «ուշագրավ» մեդիա իրադարձությունների ցանկում եղել է տարիների հնաբնակը՝ հեռարձակման թվայնացման գործընթացի թերությունները, հայեցակարգի բացակայությունը և հետևաբար՝ սրանցով պայմանավորված՝ բուն թվայնացման անորոշ կամ էլ խիստ որոշակիորեն վտանգված ճակատագիրը:

Սակայն, ինչպես նշվեց արդեն, այս ամենով հանդերձ Հայաստանը շարունակել է պահպանել իր նախորդ տարվա տեղը Ինդեքսում: Հետաքրքրականն այն է, որ մեր երկրի «տեղում դոփելու» պատճառների մասին հնարավոր չէ տեղեկանալ հետազոտությունից, քանի որ դրանք պարզապես չեն ներկայացվում:

Հանգամանք, որ այնուամենայնիվ կարող է վկայել նաև հետազոտության ոչ  կատարյալ մեթոդաբանության մասին:

Այլ կերպ ասած, մնում է գուշակել՝ նույն գնատականին արժանանալը հարաբերականության տեսության դիրքերից՝ առաջընթաց է՞, թե՞ հետընթաց:

Leave a Reply