ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»

apology-form

Ներողություն խնդրելու ձևն էլ է մշակույթ, այդ թվում ՝լրագրության մեջ: Կան իբրև թե ներողություն խնդրողներ, որոնց կեսբերան արտաբերած «մուննաթն» ավելի շուտ նշանակում է «լավ եմ արել»:

Այս շաբաթ իր ընթերցողներից այդպիսի մի ներողություն խնդրեց Armlur.am կայքը: Ակնհայտորեն հոգեկան խնդիրներ ունեցող անձին և իր լսարանին նվաստացնող վերնագրով՝ վերնագրին համարժեք լուսանկարներ և տեսանյութ հրապարակելուց հետո կայքն արժանացավ ընթերցողների և հատկապես պրոֆեսիոնալ լրագրողների բուռն քննադատությանն ու վրդովմունքին:

Շուտով կայքը հեռացրեց փոթորիկ առաջացրած նյութը: Կարելի էր պատմությունն այստեղ ավարտված համարել, եթե կայքը չորոշեր նաև «բացատրել» իր այդ արարքը (ի դեպ, այդ «բացատրությունը» տեղադրված է հեռացված նյութի հղումով): Այդ «բացատրության» մեջ օգտագործված «տեղից վեր կացող», «տհաս գաղափարներ», «գրանտային «հաստիքով» իրավունքների պաշտպան», «վայրահաչել» և համանման մի քանի այլ արտահայտություններ, ինչպես նաև այդ տեքստի ոգին ու տառը ամենևին դրա հասցեատիրոջ նկատմամբ հարգանքի, առավել ևս՝ մեղանչելու նշույլներ չեն պարունակում: Այդ «բացատրությունն» ավելի շուտ հիշեցնում է հարկադրաբար արված քայլը՝ այս դեպքում կայքից նյութի հեռացումն ուղեկցող «լավ եմ արել» բառացիորեն չարտաբերված արտահայտությունը:

Եթե լրատվամիջոցում գտնում են, որ վերոնշյալ նյութը հրապարակելով իրենք չեն խախտել ոչ մասնագիտական, ոչ էլ մարդկային էթիկայի սկզբունքները, գուցե ավելի ազնիվ կլիներ հետագայում ընդհանրապես դրան չանդրադառնալ, առավել ևս չջնջել այն իրենց կայքից: Իսկ եթե պահի տակ արված սխալը նաև այլոց օգնությամբ նկատել են և հասկացել են, որ սխալ են վարվել, գուցե կարելի էր պարզապես ջնջել նյութը՝ առանց որևէ բացատրության: Սակայն լրատվամիջոցը որոշեց խփել նալին էլ, մեխին էլ՝ նյութը հեռացնելուց հետո, չգիտես ում «ադալժենի» արածի կեցվածքով մուննաթ գալ, մեջբերում՝ «վայրահաչ» անողների վրա՝ իրենց այդ քայլով իբրև թե սեր քարոզելով:

Ի վերջո, ի՞նչ խնդիրներ էր լուծել արդեն հեռացված հրապարակմամբ լրատվամիջոցը և ինչպե՞ս:

Հրապարակման համար հիմք հանդիսացած իրենց նպատակը ԶԼՄ-ն ձևակերպել էր հետևյալ կերպ՝ «որպես ահազանգ», որպեսզի «պատկան մարմինների ուշադրությունը հարավիրեն» հասարակական վայրում հոգեկան հիվանդի գտնվելու վրա:  Հասան իրենց այդ նպատակին, թե ոչ ՝ լրատվամիջոցները լռում են: Անգամ եթե այդ «ահազանգը» տեղ է հասել, ընտրված ձևը, միևնույն է, չի արդարացնում նպատակը:

Իրականում այս հրապարակումը ահազանգ էր մեկ այլ բանի մասին՝ լրագրողական անփութության, սեփական աշխատանքի և լսարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, մասնագիտական և մարդկային սկզբունքների նկատմամբ արհամարհանքի կամ դրանցից իսպառ անտեղյակության մասին: Ուրախալին այն է, որ այս կապակցությամբ ահազանգն ավելի քան տեղ հասավ, և հասարակությունն իր արձագանքով դա հասանելի դարձրեց լրատվամիջոցին:

Իսկ  ի՞նչ խնդիրներ էր լուծել լրատվամիջոցն այդ հրապարակումը հեռացնելով և ինչպե՞ս:

Նյութի հեռացման նպատակը, դարձյալ ըստ հեղինակների, իրենց հրապարակման շուրջ առկա անհասկացվածության խորանցումը  թույլ չտալն է: Վերը բերված անպատշաճ արտահայտություններով և որակումներով հագեցած «բացատրությունը» դարձյալ ահազանգ է էլի նույն բանի մասին՝ լրագրողական անփութության, սեփական աշխատանքի և լսարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, մասնագիտական և մարդկային սկզբունքների նկատմամբ արհամարհանքի կամ դրանցից իսպառ անտեղյակության մասին: Սա պարզապես հետագայում իրավական պատասխանատվությունից խուսափելու ոչ արժանավայել ձև էր:

Սակայն այդ քայլով այս լրատվամիջոցը մի շատ անշնորհակալ գործ արեց. փաստորեն լրագրողներից ավելի լավ ոչ ոք չէր կարող այսպիսի հաջողությամբ վարկաբեկել մեդիա ոլորտի ամենակարևոր և ծանրակշիռ ինստիտուտներից՝ «ներողություն խնդրելը»:

Նկարը՝ http://travelgrrrls.wordpress.com/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*