ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է

Որ Հայաստանում մեդիան չի զարգանում ինչպես հարկն է, փորձագետները բացատրում են չզարգացած շուկայի գոյությամբ առհասարակ: Անկախությունից ի վեր մեդիան մեր երկրում այդպես էլ չի դառնում բիզնես: Այդպիսին առանձնապես չի էլ ընկալվում: Չնչին բացառություններով, մանավանդ հեռարձակող, իսկ վերջին ժամանականերս` նաև առցանց լրատվամիջոցների դեպքում:  

Մինչև բիզնեսին անցնելը

Ավանդաբար մամուլը ունեցել է երեք գործառույթ` տեղեկացնել, դաստիարակել-կրթել, զվարճացնել: Սա իհարկե սպառողի տեսանկյունից: Իսկ մեդիա կոնտենտ արտադրողի տեսանկյունից այդ ֆունկցիաների իրագործումը իմաստ ունի շահութաբերության դեպքում:

Վերոնշյալ գործառույթներից յուրաքանչյուրի կապակցությամբ մեկական օրինակով հնարավոր է դիտարկել, թե ինչպես են կամ հանուն ինչի են իրականացնում դրանք հայրենական լրատվամիջոցները:

Տեղեկացնել

Անցյալ շաբաթում օրեր շարունակ ԶԼՄ-ների մեծ մասում գերիշխում էր մեկ թեմա` ո՞վ է ընտրվելու Ազգային ժողովի նախագահ: Վարչապետի և կառավարության «շուրջ» մի քանի շաբաթների ֆուտբոլը մի թեթև ընդմիջվեց «սենսացիոն» մեկ այլ թեմայով` Ազգային անվտանգության խորհրդի նախագահի հրաժարականով: Հենց դա էլ դադարեց «հուզել» հասարակությանը, լրատվամիջոցները նրան առաջարկեցին «նոր ու թարմ» օրակարգ:

Տարօրինակն այն է, որ ստեղծված իրավիճակում գրեթե բոլորը գիտեին, թե ինչ հանգուցալուծում է ունենալու ԱԺ նախագահի «փնտրտուքը»: Անգամ անձերը էական չեն: Իսկ հայոց խորհրդարանը այսպես թե այնպես վճռորոշ դեր չունի երկրի և հասարակության համար կարևոր որոշումների կայացման հարցում: Մեր պառլամենտի մասին մամուլում ամենասիրելի և ավանդական բնութագրումը «դակիչ» բառն է: Իսկ մեր լրատվամիջոցները գրեթե նախանձելի հետևողականությամբ և ջանասիրությամբ փնտրում և գտնում էին թեման ծաղկեցնելու զանազան տարբերակներ` այլ թեկնածուներ, կարծիքներ և մեկնաբանություններ նրանց մասին, կանխատեսումներ` ամեն տեսակի, լավատեսական, հոռետեսական, նույնիսկ իրատեսական:

Եվ այդ, այսպես կոչված, օրակարգը տանում էր իր հետևից լսարանին: Իսկ լրատվամիջոցներն էլ ձև էին անում, թե տեղեկացություններ են հաղորդում իրենց լսարանին: Այդ ձևացնելը թերևս փոխադարձ էր:

Դաստիարակել

Շինծու օրակարգը իրականում պակաս սարսափելի է նրանից, թե ինչպես կարող է հայաստանյան լրատվամիջոցն իրականացնել դաստիարակելու իր գործառույթը:

Ի~նչ արժե միայն այն աշխուժությունը, որ վերջերս տիրում է լրատվամիջոցներում մի գտնված թեմայի շուրջ: «Օրենքով գող»` ահա մոգական բառերը, և լսարանը քոնն է: Ակնհայտորեն բիզնես նկատառումներով վերհանվող և տարածվող այս թեման, ինչ խոսք, հերթականնն է այն տասնյակ-հարյուրավոր թեմաների մեջ, որոնք պետք է որ հետաքրքրեն մեդիա սպառողին, հետևաբար և` արտադրողին: Սակայն յուրաքանչյուր թեմա իր մատուցման առանձնահատկություններն է պահանջում, իսկ առանձնահատուկ թեմաները` հատկապես:

Երբ լրատվական հեռուստաալիքի մեկ ամբողջ հաղորդում նվիրվում է ժամանակի հանցագործ մի պարագլխի, և ռոմանտիկ երաժշտության հնչյունների ներքո հերոսական պատումի նման մատուցվում են նրա ծագման ու գերդաստանի մանրամասները, վտանգավոր է դառնում արտաբերված ամեն մի բառ ու արտահայտություն: Ինչպես օրինակ` «թագադրվել», «իսկական օրենքով գող», «պատվո կանոնակարգ», «կարդինալական կարմիր դագաղ»,«ֆիրմա մեքենա»: Իսկ այս մի նախադասությունը կարծես թե հատուկ ձևակերպված է դեռևս հոգեպես չկազմավորված անչափահաս պատանու համար, որը այդ հաղորդումը նայելուց հետո վերջապես կգտնի իր կյանքի բաղձալի իդեալին` «Ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ»: Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել այդպիսի համբավի` դիտեք տեսանյութը:

Հընթացս հայրենասիրության մի վառ օրինակի էլ կարելի է հաղորդակից լինել.«օրենքով գողը օգնության ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին»:

Իսկ հետագա շարադրանքում այս պնդումը հերքող ու հիմնավորող մի քանի իրարամերժ փաստարկներ բերելով հաղորդումը պարզապես շփոթության մեջ է դնում լսարանին: Լավագույն դեպքում: Իսկ ամբողջ հաղորդման թաթախվածությունը մեղմ ռոմանտիզմով, ականջահաճո երաժշտությամբ և չհաստատվող հերոսականության ու լուսավոր սիրո մասին պատումներով , այն դարձնում է մեդիայի ամենահակադաստիարակչական  օրինակներից մեկը:

Ինչ խոսք, հեռուստատեսությունը տվյալ դեպքում մասնավոր բիզնես է: Սակայն փող աշխատելուն զուգահեռ այն չպիտի մոռանա իր առաքելություններից ոչ վերջինի` դաստիարակչականի մասին: Այստեղ մի այլ սուբյեկտ էլ պետք է զբաղված լինի` պետությունը` իր կարգավորող մարմիններով և մեխանիզմներով: Բայց սա իհարկե այլ թեմա է:

Զվարճացնել

Իսկ «գողական» թեմատիկան սահուն անցնում է նաև զվարճացնող մեդիայի ոլորտ: Ոչ առանց ռուսաստանյան լրատվամիջոցների ազդեցության, մեզ մոտ էլ ամենահարգված էսթետիկան դառնում է «ռուսական շանսոնը»: Չե՞ք հավատում, հարցրեք հայկական ռադիոյին:

Leave a Reply