ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ՍԿՍՎՈՒՄ

Անցյալ տարին ինչպես բուռն անցել էր, այնպես էլ ավարտվեց. նորն էլ կարծես չի զիջում հնին:

Անցյալ տարվա լրատվական դաշտի ամենավերջին իրադարձություններից էր այն, որ գազային պայմանագրի դեկտեմբերի 23-ի քվեարկության ժամանակ ակցիա անցկացնող լրագրողների հասցեին անվայելուչ արտահայտություններով հանդես եկած պատգամավորի հարցով մի խումբ լրագրողներ դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Արդեն այս տարում հայտնի կդառնա, թե ինչքանով է այդ պատգամավորի պահվածքը ԱԺ հանձնաժողովը էթիկական համարում: Թեև անցյալ տարեվերջի զարգացումները՝ լրագրողների նկատմամբ պահվածքի առումով, հուշում են, որ այդ մի դեպքն էլ պետք է «տեղավորվի» էթիկայի նորմերի սահմաններում:

Ցավոք, այս մտավախությունը հաստատվեց՝ արդեն մեկ ուրիշ դեպքի առնչությամբ: Երբ դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ լրագրողներին «անհայտ ծագման» երիտասարդները թույլ չտվեցին իրենց գործը կատարել, ինչպես ասում են, սա մեկ ամոթ էր: Իսկ երբ այդ, թվում էր, ակնհայտ փաստը չհաստատվեց ոստիկանության կողմից, արդեն՝ երկրորդ ամոթը:

Ընդ որում, որ լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է, համոզված են և՛ լրագրողները, և՛ լրագրողական կազմակերպությունները, և՛ իրավաբանը:

Իսկ ոստիկանությունը հավաստիացնում է, որ «երբեւէ  կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու»:

Այնպես որ, ԱԺ էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը՝ լրագրողների նկատմամբ պատգամավորի պահվածքի կապակցությամբ սրտատրոփ չենք սպասում. շատ փոքր է հավանականությունը, որ այդ պահվածքը ոչ էթիկական կհամարվի, և պատգամավորը լուտանքների ու պարսավանքի կարժանանա:

Այսպիսի փակ շրջան

«Որոշ թերթեր թանկացել են»,- նոր տարին լրատվական դաշտի համար սկսվեց այս «գույժով»: Թվում է, ինչ է պատահել որ, վերջապես թերթերից մի քանիսը դուրս են եկել «թերթ՝ 100 դրամով» կարծրատիպի պարտադրանքից ու փորձել սահմանել ինքնարժեքին քիչ թե շատ համարժեք վաճառքի գին:

Մյուս կողմից այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչքանով կփրկի մի քանի թերթերին 50 դրամով թանկացնելը: Փոխարենը, ինչպես հավաստիացնում են կրպակներում, կնվազի ընթերցողների թիվը: Այդ նվազող տպաքանակն իր հերթին կարող է նվազեցնել գովազդատուների թիվը: Իսկ վերջիններից ստացած եկամուտը որոշ թերթերից համար դեռևս վճռորոշ է և համեմատության եզրեր թերթերի առցանց տարբերակներից եկող գովազդային մուտքերի հետ:

Լավ լուր

Անցնող շաբաթվա լուսավոր կետերից էր լրագրողի քաղաքացիական քայլը՝ հրաժարվելու այն կառավարության պարգևից, որի օրոք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների թիվը նվազելու փոխարեն ավելանում է: Իր արարքի այլ դրդապատճառներ ևս թվելուն զուգահեռ լրագրողը կարծում է. «բարձրաստիճան պաշտոնայները լրագրողներին պարգևատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եեթ նրանց նյութերում բարձրացված խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց»:

Հարգելի լրագրողը չի ուզում ընդունել, որ իր ասածը երկար ու բարդ է՝ գլխացավանք: Իսկ մի քանի ժամացույց առնելն ու կեցվածք ընդունելը՝ նվազագույն ջանքեր է պահանջում:

Լուսանկարը՝ http://mygyumri.com կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*