ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ո՞րն է տեղեկության բաց լինելու սահմանը. իրականում դա մեր խնդիրն է

Փետրվար ամսվա ընթացքում այլ դժբախտ պատահարների թվում շատ էին ինքնասպանության դեպքերը: Մենք պարբերաբար կանդրադառնանք զանգվածային լրատվամիջոցներում դրանց լուսաբանմանը:

Այսօր առավել հրատապ ենք դիտում քննարկել հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների լուսաբանման մի քանի առանձնահատկությունները: Մանավանդ որ ոչ միայն այդ լուսաբանումներն են շատացել, այլև դրանց շուրջ քննարկումները մասնագիտական շրջանակներում:

Փետրվարի 8-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին դիմեց մի քաղաքացի` խնդրելով պարզաբանել, թե ինչքանով են լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանում «Առավոտ» օրաթերթի կայքում 2012թ. փետրվարի 7-ին  հրապարակված «38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» հոդվածը և դեպքի վայրում կատարված լուսանկարները :

Մեջբերում ենք դիմումատուի նամակը. «Սա ինքնասպանության մասին հրապարակում է: Նշված են զոհի ամբողջ անունը և տարիքը: Երիտասարդը չի լուսացրել, և հիմա շոկի մեջ հայտնված նրա 37-ամյա կինն ու երկու երեխաները փորձում են տեղավորվել իրականության մեջ: Այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհից հիմա նրանց զանգում են ու հարցնում էն՝ ճի՞շտ է, որ Ա.-ն ինքնասպան է եղել», բնավ չի թեթևացնում նրանց կյանքը: Եթե նրա կինը ընտրության հնարավորություն ունենար, նա գուցե իր երեխաների գլխին չէր թափի ամուսնու ինքնասպանության մասին տեղեկությունը, կգերադասեր ասել, որ հայրիկը մահացել է ինֆարկտից:

Իսկ հիմա արդեն ուշ է. որ Ա.-ն ինքնասպանություն է գործել, ամբողջ աշխարհն է իմացավ:

Մենք առավոտից չենք կարողանում հանգստանալ. Ա.-ին և իր կնոջը ճանաչում ենք ամբողջ մի կյանք, իսկ լրագրողը դրանով պարզապես ինչ-որ վարկանիշ է բարձրացնում:

….Կարծում եմ, լրագրողին պետք է բացատրել, որ դրանք սենսացիաներ չեն, այլ իրական, կենդանի մարդկանց  իրական ողբերգություններ: Մենք հիմա մտերիմներով պիտի գնանք Ա.-ի կնոջ մոտ և դա շատ իրական է մեզ համար:

Իսկ աչքիս առաջ Ա.-ի հեռախոսն է և նրա արյան հետքերը ձյան վրա…»

Երևանի մամուլի ակումբն այս խնդրին նվիրեց իր փետրվարի 17-ի «Մամուլի ակումբ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդմանը հրավիրվեց ոչ միայն վերոնշյալ լուսաբանման, այլև հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների, վթարների, դժբախտ պատահարների հիմնական լուսաբանող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիմնական պահանջները լրագրողից այն հարցի առնչությամբ են, որ ինչպես այս դեպքում, այնպես էլ իր բազմաթիվ այլ հրապարակումներում, լրագրողն ամբողջությամբ նշում է զոհի անունը, տարիքը: Այսինքն լրիվ հնարավորություն է տալիս ընթերցողներին նույնականացնելու զոհին և խորացնում նրա հարազատների տառապանքները և ցավը:

Բերելով տարիներ առաջ իր կատարած մի լուսաբանման օրինակը, Գ.Շամշյանն ասաց, որ երբեմն անուն-ազգանվան միայն սկզբնատառերը գրելիս դժգոհում են տվյալ բնակավայրում ապրող նույն սկզբնատառերն ունեցող այլ քաղաքացիներ, որոնք պնդում են, թե պետք էր տալ անունն ամբողջությամբ՝ իրենց թյուրիմացությունից ազատելու համար:

Լրատվամիջոցների հարցերով փորձագետները գտնում են, որ ինքնասպանությունների և այլ դժբախտ պատահարների մասին տեղեկություններ անպատճառ պետք է հրապարակել, քանի որ դա իրականությունն է, և հանրությունը իրավունք ունի ստանալ այդ տեղեկությունը: Սակայն ինքնասպանություն գործածի անունը հրապարակելիս պետք է տարբերակված մոտեցում լինի: Անունը հրապարակել  կարելի է միայն հանրային դեմքերի դեպքում, որոնց մասին տեղեկությունները հասարակական նշանակություն ունեն: Իսկ սովորական քաղաքացու դեպքում տեղեկությունը պետք է «բացել» այնքան, որ նրան չնույնականացնեն: «Սա է սահմանը»,-գտնում է մամուլի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Խնդրո առարկա լուսանկարներում պատկերված է եղել ատրճանակը, որով կատարվել է ինքնասպանությունը, քացաքխաթթվի շիշը, որը հավանաբար կոչված էր հուշելու, որ ինքնասպանությունից առաջ զոհը դատարկել է դրա պարունակությունը: Իսկ որ ամենավիճահարույցն էր՝ լուսանկարվել և կայքում տեղադրվել էր ձյան վրա թափված արյունը:

Արդյո՞ք այս մանրամասները հանրայնորեն այնքան նշանակալից են, որ հակակշռում են զոհի անձնական կյանքի իրավունքին՝ հօգուտ խոսքի ազատության: Չէ՞ որ ինքնասպանություն գործածը հասարակական դեմք չէ և նրա անունը ոչինչ չի տալիս հասարակությանը, ոչինչ չի ավելացնում նրա տեղեկացվածության իրավունքի իրականացմանը:

Նույնիսկ իրավաբաններն են կարծում, որ այս հարցի լուծումը էթիկայի ոլորտում է:

Որպեսզի երկար չվերապատմենք հաղորդումը, հակիրճ տեղեկացնենք, որ լրագրողը, մանավանդ վերոնշյալ հրապարակումից հետո մասնագետի համապատասխան դիտողությունից հետո ընդունեց, որ սովորական քաղաքացիների հետ կապված դեպքերում անվան հետ պետք է զգույշ լինել: Որ հրապարակումը կարելի է տալ ուրիշ անունով՝ նշելով դրա փոխված լինելու մասին:

Թվում էր, թե կողմերը եկան ինչ-որ փոխհամաձայնության, կարծես թե բոլորն էլ համաձայնեցին, որ այդ կարգի լուսաբանումները պետք է լինեն կոռեկտ, հավասարակշռված, խիստ էթիկայի սահմաններում:

Թվում էր…

Իսկ փետրվարի 27-ին Գ.Շամշյանը lurer.com կայքում հրապարկեց նոր նյութ նոր ինքնասպանության վայրից՝ հետևյալ տվյալներով՝ տարիք, աշխատավայր, անվան սկզբնատառեր, առավել սահմռկեցուցիչ մանրամասներով՝տեսանյութ, թե ինչպես են ձորից դիակը բարձրացնում, զոհի մեքենան բանալիով, կոնյակի համարյա դատարկ շիշը մեքենայի նստարանին…

Լրագրողը հաղորդման ժամանակ պատճառաբանում է, որ կան ընթերցողներ, որոնք զենքի նկար են պահանջում: «Նրանք զանգահարում են խմբագրություն և ասում. գրել ես, թե զենքից ինքնասպան է եղել, ինչու՞ չես տեղադրել զենքի նկարը, ես էլ տեղադրում եմ»:

Լրագրողն իր փորձը վկայակոչելով ասում է, որ ավելի շատ ընթերցող հավաքում է հենց ինքնասպանության մասին լուրը, քան թե մեկ այլ տեղեկություն:

Ուրեմն պատահական չէ՞ր «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ վարողի այն հարցին, թե չի՞ կարծում, որ նման դետալների լուսանկարումը խորացնում է զոհի հարազատների տառապանքները,  լրագրողի տված պատասխանը. «Դա արդեն իմ խնդիրը չէ»:

Հ.Գ. Փետրվարի 17-ի նիստում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նիստում քննարկվեց վերոնշյալ բողոքը: ԴՄ անդամները գտան, որ վեճի առարկա հանդիսացող հոդվածում ինքանսպանություն գործած անձի անվան և ազգանվան նշումն ընդունելի չէ և չի համապատասխանում Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների Վարքականոնի պահանջներին (ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոն): Իսկ Վարքականոնը ստորագրած լրատվամիջոցները (Վարքականոնը ստորագրած լրատվամիջոցներ) ընդունում են, որ անհրաժեշտ է «զգույշ լինել ինքնասպանություն գործած անձանց ինքնությունը բացահայտելիս», «ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ»:

4 մեկնաբանություն 'ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

  1. Սառա says:

    միգուցե ինքնակարգավորման տեսանկյունից որոշ, իրենց հեղինակության մասին մտածող կայքեր, ընդհանրապես որպես առանձին իրադարձություն գոնե ինքնասպանությունների մասին նյութերը չհրապարակեն, քանի որ մարդկանց չես ստիպի` հետաքրքրությունը զսպել, իսկ կայքերը կարող են եւ հասկանալ, որ այդ նյութերի հավաքած քլիքները իրենց որակյալ հեղինակություն չեն բերում

  2. Մարիամ says:

    Եթե լրատվամիջոցին շատ-շատ անհրաժեշտ է ինքնասպանություն գործածի անուն-ազգնունը նշել, թող գոնե բավարարվեն միայն տեքստով` առանց նկարների ու կադրերի: Շամշյանը ճիշտ էր ասում, որ սպանությունների մասին լուրերը ավելի շատ են կարդացվում, բայց արժի ռեյտինգ ապահովել էդ գնով?: Ես կարծում եմ, որ էդ կարգի լուրերը պետք է թողարկվեն` առանց մանրամասների:

  3. Անահիտ says:

    Այս թեմայով ամերիկյան փորձին կարելի է ծանոթանալ այստեղ` http://www.media.am/reporting-on-suicide (անգլերեն բնօրինակը` http://www.poynter.org/uncategorized/18183/reporting-on-suicide/):

    • Ամերիկյան փորձը խիստ ուսանելի է, իհարկե, սակայն կիրառել արժե, կարծում ենք, վերապահումներով. մեր և ամերիկյան իրականությունները խիստ տարբեր են ինչպես ինքնասպանությունների վիճակագրությամբ, այնպես էլ դրանք` հիմնականում հոգեկան հիվանդությամբ պայմանավորելու հանգամանքով: Էլ չենք ասում` բժշկական ապահովագրության մեղքի բաժինը… Իսկ չոգեշնչելը և տեղեր ու ձևեր չսովորեցնելը` միանշանակ ուսանելի են: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*