ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ

Անցնող շաբաթում գտնվել է հայաստանյան իրականությունը կարգի բերելու՝ բյուջեն լցնելու, սոցիալական խնդիրները լուծելու, մի խոսքով՝ «երկրում ամեն ինչ լավ լինելու» բաղադրատոմսը:

Ինչպես լրագրողի դեմքին էր նետել ԱԺ պատգամավորը, դրա համար ինքն ամեն ինչ կանի, որ իրենից հարցազրույց վերցնող լրագրողը (և ոչ միայն՝ այդ առանձին վերցրած լրագրողը, այլ նաև՝ այդ խավն ու մասնագիտության կրողները, հետևաբար և՝ մասնագիտությունն ընդհանրապես), ուշադրությո՛ւն՝ վերանա (ընդգծումը՝ ԵՄԱ Ամփոփագրի):

Գործարար-պատգամավորը՝ լրագրողի և լրագրության գոյության, թերևս նաև՝ այս մասնագիտության առաջացմա՛ն իր տեսությունն էր առաջադրել. «Եթե մենք շատ փող ունենայինք մեր բյուջեում, էսքան շատ ժուռնալիստ չէինք ունենա, … որովհետև կարգին աշխատավարձ կստանայիք, ժուռնալիստ չէիք դառնա»:

Ավելի բացելով այս «տեսությունը»՝ պատգամավորը հանգել է վերևում մեջբերված իր մտքի հակադարձ համեմատական եզրակացությանը, որ եթե բոլորը երկրում լավ ապրեին, էլ ո՞ւմ էին պետք գալու լրագրողները: Բառացիորեն՝ «սաղս լավ կապրեինք, դուք էլ ինչի՞ էիք պետք գալու:»

Անհասկանալի է դառնում, թե ինչը որից հետո կլինի՝ նախ կվերանան լրագրողները և հայ հասարակությունը կսկսի լա՞վ ապրել, թե՞ պետք է, ասենք, երկրի բյուջեն հասցնել 50 միլիարդի (հավանաբար դոլար), և վե՛րջ, այլևս լրագրողներն ինքնըստինքյան կոչնչանան:

Պատճառահետևանքային այս խառնաշփոթն, այնուամենայնիվ, մեկ հստակ ուղերձ ունի՝ հասարակության «սանիտարները»՝ լրագրողները խանգարում են, խոչընդոտում են մեր երկրի զարգացմանը. նրանք չեն թողնում, որ գործ անող մարդիկ գործ անեն, նրանք չափից շատ հարցեր են տալիս և շեղում գործ անողների ուշադրությունը:

Սակայն այս վերջինները ամենևին էլ չեն խորշում դիմել լրագրողների օգնությանը, երբ իրենց անհրաժեշտ է որևէ ուղերձ/տեղեկություն հրապարակայնացնել:

Ինչ ցանես…

ԵՄԱ հերթական Ամփոփագիրն արդեն թողարկվում էր, երբ հրապարակվեց ՀՀ արտգործնախարարի ճեպազրույցի սղագրությունը:

Այդ ճեպազրույցը դժվար է անվանել այլ կերպ, քան ծաղր՝ սեփական և դիմացինի մասնագիտությունների նկատմամբ: Հասարակությանը հուզող, եթե չասենք՝ ալեկոծող հարցի՝ ԱլԳ Վիլնյուսի գագաթաժողովի մասնակցության հայաստանյան ֆորմատին վերաբերող բոլոր հարցերին նախարարը պատասխանել է՝ կիմանաք «պատշաճ ժամկետներում և կարգով»: Ինչ խոսք, հասարակությանը՝ իմա լրագրողներին բարեհաճորեն նետվել է խայծը՝ տեղեկությունն այն մասին, որ արդեն հայտնի է Հայաստանի պատվիրակության կազմը: Բայց ով է այն ղեկավարում, ինչ փաստաթուղթ է ստորագրելու  մեր երկիրը՝ նախարարն անդրդվելի է մնացել՝ «պատշաճ ժամկետներում և կարգով»:

Հիրավի, պետական բարձր պաշտոնյաները լավ օրինակ են ծառայում մյուս մանր ու մեծ չինովնիկների, ժողովրդի ընտրյալների և գործարարների համար, թե ինչպես է պետք պատշաճ ժամկետներում և կարգով լրագրողների «բերաններին գալ»:

Չի բացառվում, որ եկող շաբաթ նույն այդ պաշտոնյաները բողոքեն Հայաստանի առաջիկա պատվիրակության կազմի և դրանից բխող եզրակացությունների մասին՝ լրատվամիջոցների տարածած վարկածներից և գուշակություններից, որոնց աղբյուրները անշուշտ կլինեն «հավաստի և մոտ կանգնած»:

Ինչ են ցանում լրագրողները

Դժվար է ասել, այդպիսի աղբյուրներ փնտրել և չի՞ գտել մեր այն գործընկերը, որը հրապարակում է ներկայացրել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատմությունից: Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների գոյություն ունեցող գրեթե բոլոր էթիկայի կանոնները առանձնահատուկ զգուշավորություն և հավասարակաշռություն պահպանելու կոչ են անում հենց այսպիսի դեպքերի համար:

Վերցնել և նյութի միակ աղբյուր օգտագործել մահացած երեխայի հարազատին, աչառու ներկայացնել բացառապես մեկ՝ տուժող կողմի, այն էլ ոչ անմիջական նրա, այլ՝ ինչ-որ բարեկամի պատմածները դեպքի մասին՝ վատագույն լրագրության, չարդարացված միակողմանիության, աննրբանկատ և սեփական ընթերցող-դիտողների նկատմամբ հարգանքի բացակայության, ցավոք, ոչ եզակի դրսևորում է: Եթե անգամ լրագրող-խմբագիր չեն մտահոգվում այն կողմի մասին, որին մեղադրում են, ապա գոնե պետք է նկատի ունենան հանրային շահը. չէ՞ որ խոսքը հանրապետական նշանակության հիվանդանոցի մասին է, որտեղ այս պահին բուժվում են բազմաթիվ երեխաներ: Գուցե արժե մտածել նաև այն ծնողների մասին, որոնց այս պահին շտապ օգնության բրիգադը տեղեկացնում է, որ իրենց երեխայի բուժումը կազմակերպել հնարավոր է միայն ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ ծնողը հեն նոր կարդացել է մահացած երեխայի բարեկամի պատմածն այն մասին, թե ինչպես են այդ հիվանդանոցում փաստորեն սպանել իրենց երեխային: Պատրա՞ստ է արդյոք լրատվամիջոցը իր վրա վերցնելու այդ հիվանդանոցի ծառայություններից՝ ծնողի հրաժարվելու պատասխանատվության գոնե մի մասը:

Վատ ավանդույթները շարունակվում են

Անցնող շաբաթում մեր լրատվամիջոցներով՝ թե հեռարձակվող, թե առցանց, շարունակվեց ծաղկավոր խալաթի «հաղթարշավը»: Երբ ռուսական Առաջին ալիքը տիրաժավորեց մեր հայրենակցին իրենց դատարանում նվաստացնելու տեսարանը՝ հեռարձակելով այդ «դատավարության» մասին ռեպորտաժը հարյուր միլիոնավոր լսարանի առջև, հայաստանյան հասարակությունը վրդովվեց, ընդվզեց ոչ միայն այդ նվաստացման, այլ նաև՝ դրա լուսաբանման դեմ (Հղումներ միտումնավոր չեն տեղադրվում՝ չտիրաժավորելու այդ տեսարանը-ԵՄԱ Ամփոփագիր):

Իսկ անցնող ամբողջ շաբաթ արդեն մե՛ր լրատվամիջոցները ներկայացնելով Հրաչյա Հարությունյանի հետ կապված իրադարձությունների զարգացումը, ցուցադրում էին նույն՝ վրդովեցուցիչ կադրերը, տեղադրում էին նույն՝ նվաստացուցիչ լուսանկարները (Հղումներ միտումնավոր չեն տեղադրվում՝ վերը նշված պատճառով-ԵՄԱ Ամփոփագիր): Մինչդեռ  ցանկության դեպքում դժվար չէր գտնել մեր հայրենակցի առավել պատշաճ լուսանկար:

Կամ ինչպես արտգործնախարարն ասաց՝ պատշաճ ու կարգով:

Նկարը՝ http://businessinfocus.blogspot.com կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*