ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵՆՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

«Ֆեյսբուքյան գրառումների համար աշխատանքից ազատում»՝ ահա այն նախադասությունը, որը գերիշխում էր անցնող շաբաթվա լրահոսում: Այս նախադասությունը հայ լրագրության պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մի քանի շաբաթ առաջ՝ մեկ ուրիշ համանման դեպքի կապակցությամբ: Այդ անգամ լրագրողական համայնքը գրեթե չհայտնեց իր աջակցությունը աշխատանքից ազատված լրագրողին: Պատճառները մի քանիսն էին: Առաջինը գուցե՝ լրագրողական համայնքի վերապահ մոտեցումը տվյալ լրագրողի գործունեությանը:

Անցնող շաբաթվա ազատումը աննախադեպ էր՝ լրագրողի հանրահայտ լինելու ու գրեթե անվերապահ բարձր հեղինակության առումներով: Սակայն այն աննախադեպ էր նաև գործընկերների մոտեցումների և վերաբերմունքի բեևեռայնությամբ:

Ջրի երես դուրս եկան

Այս միջադեպն ի հայտ բերեց մի քանի խնդիրներ, որոնք զարգանում-աճում էին, այսպես ասած, ջրի խորքում: Եվ լրագրողական համայնքը բարձրացրեց այդ խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Ինչպես աշխարհում աստիճանաբար տարածում է գտնում, Հայաստանում ևս թերթերի խմբագրություններն ու հեռուստա-ռադիոընկերությունները պետք է իրենց աշխատակիցների համար մշակեն սոցիալական մեդիայի ուղեցույց: Այստեղ անշուշտ կարևոր է, որ այդ աշխատակիցները նաև ծանոթանան դրանց ու իրենց համաձայնությունը տան՝ հետևելու դրանց: Հակառակ դեպքում կստացվի էթիկայի բազմաթիվ կանոնագրքերի նման, երբ «մոդայիկ» երևալու համար լրատվամիջոցը ոտքի վրա մշակում է, իբրև թե ընդունում և ամեն օր ջանասիրաբար … խախտում է դրանք:

Բայց դու դեմք ես…

Իհարկե, միշտ պետք է նկատի առնվի հանրային դեմքի ֆենոմենը, որը համենայն դեպս անցնող շաբաթվա դեպքում առկա էր և կարծես թե՝ վճռորոշ: Հենց հեռուստատեսային լրագրողները, մանավանդ լուրերի հաղորդավարները և մեկնաբաններն են հասարակության մեջ այդ հեռուստաընկերությունների դեմքն ու ձայնը, ինչքան էլ նրանք վարձու աշխատակիցներ լինեն: Սովորական հեռուստադիտողը առավել հաճախ ընկերության տնօրենին կամ խորհրդի նախագահին չի էլ ճանաչում, նույնիսկ անուն-ազգանունը չգիտի, իսկ հաղորդավարները չափից ավելի հանրահայտ ու ճանաչված են: Գրեթե հեռուստատեսության լոգոյի նման:

Ոսկե կանոնը՝ ստուգել, ստուգել, ստուգել

Անցնող շաբաթը կարող է հիշարժան դառնալ նաև լրատվամիջոց – ՀՀ դատախազություն հասունացող հակամարտության շրջանակներում:

Որքան էլ ցավալի է արձանագրել սեփական գործընկերների, կարելի է ասել, ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճը, սակայն սա իսկապես այն դեպքն է, երբ լրագրողը պետք է ստուգեր հարցազրույցում ստացված տեղեկությունը՝ այն առանց վերապահումների վերարտադրելուց առաջ: Առավել մեծ զարմանք հարուցեց այն, որ լրատվամիջոցը ՀՀ դատախազության հայտարարության կապակցությամբ պարզաբանումներ ներկայացնելիս ամենևին հանձն չառավ տեղեկությունը ստուգելու, մեղադրվող կողմին պատասխանելու հնարավորություն տալու՝ լրատվամիջոցի պարտավորությունը: Առավել ևս, երբ «լուսաբանվող» խնդիրը հանրային հրատապ նշանակություն չուներ:

Դժգոհում են բոլորը

Այդ առումով լրատվամիջոցի հավակնություններ ունեցող կայքը սկսում է չտարբերվել սոցիալական ցանցում գործող ցանկացած սուբյեկտից, որը դրսում լսած խոսակցությունները տեղափոխում է այլ՝ անհամեմատ առավել մեծ լսարան ունեցող  հարթակ՝ իրեն վերապահելով տեղեկություն փոխանցողի, բայց ամենևին՝ ոչ այն ստուգողի գործառույթ:

Հատկանշական է, որ լրագրողների մասնագիտական բարեխճության մասին իրենց խորհրդածությունները անցնող շաբաթում հրապարակեցին և՛ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, և՛ մեր գործընկերները:

Այսինքն, կարելի՞ է ասել, որ դանակը ոսկորին է հասել:

Leave a Reply