ԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ

ԶԼՄ-ները ցանկանում են վերահսկողություն ունենալ հասարակական-քաղաքական բոլոր գործընթացների և այդ գործընթացները իրականացնող և կառավարող անձերի, դրանց առնչվող բոլոր կողմերի վրա: Արդարացիորե՛ն: Քանի որ ԶԼՄ-ները հասարակության աչքն, ականջն ու մնացած բոլոր զգայարաններն են՝ իրար հետ վերցրած: Ավելին, դա ԶԼՄ-ի ոչ թե ցանկությունն է, այլ՝ առաքելությունը, գոյության իմաստը: Հենց այդ գործառույթը նրա վրայից հանվեց, կմնա դատարկ, անբովանդակ կաղապարը:

Այլ խնդիր է, որ այդպես տեղի ունենում է որոշ լրատվամիջոցների հետ: Բայց՝ որոշ: Եվ այդ որոշները այդուհետ գոյատևում են այլ՝ իրենց գործառույթը չկորցրած լրատվամիջոցների հաշվին կամ առնվազն դրանց շարքում: Իսկ եթե այս երևույթը համաճարակ դառնա, կլինի նորից տոտալիտար կոմունիստական լրատվական դաշտ՝ առաջընթացի մասին լրատվությամբ, որը «կընդհատվի» միայն առաջնորդների ելույթների ժամանակ հնչող բուռն ծափահարություններով:

Մեր մասնագիտության հիմնական մարտահրավերներից է այն, որ նույն հասարակությանը և վերը թվարկված բոլոր կողմերին էլ ժամանակ առ ժամանակ պետք է սա հիշեցնել, բացատրել, ապացուցել: Պարբերաբա՛ր:

Արդարացիորե՛ն և պարբերաբա՛ր լրագրողները դժգոհում են այդ գիտակցության բացակայությունից և բերում դրա ու դրա դեմ իրենց պայքարի օրինակները:

Իսկ այ, երբ հերթը հասնում է մեր մասնագիտության իրականացման վրա վերահսկողությանը, լրատվական դաշտը, չգիտես ինչու որոշում է, որ ինքն այս հարցում արտոնյալ է:

Այս մասին գրելու նյութ կար դեռևս անցյալ նախագահական ընտրությունների օրերին, երբ լրագրողները նեղվում էին օրենսդրության պահանջներից՝ ոչ այնքան ճշգրիտ մեկնաբանելով դրանք:

Հետահայաց այս վերլուծության պատճառը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն են:

Անցնող շաբաթում ՀՌԱՀ-ը հրապարակեց նախընտրական քարոզչության ժամանակահավածում հեռուստառադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու գնահատման մեթոդաբանությունը:

Նույնպիսի մեթոդաբանություն կիրառվեց նաև նախագահական ընտրությունների օրերին: Այդ ժամանակ «հավասար պայմանները» հասկանալով բառացիորեն՝ սանտիմետրով չափելու ենթակա, մեր գործըներներն սկսեցին անհանգստանալ, որ այդպիսիք կիրառելու դեպքում կվիրավորեն իրենց լսարանին: «Մեզ պարտադրված հիմար կանոնների պատճառով հիմա հեռուստադիտողները ստիպված են լսել որոշ թեկնածուների անհեթեթ ու իրոք վիրավորական բարբաջանքները»,- նեղսրտեցին մեր գործընկերները (կարծես թե այդ կաննոներից դուրս և այլ, ոչ քարոզչական օրերի քիչ են ոչ-թեկնածուների անհեթեթ խոսքերն ու բարբաջանքները):

Եթե կանոնները հիմար են, երևի կարելի էր դրանց սահմանման/պարտադրման ժամանակ ակտիվ արշավ սկսել դրանց դեմ՝ գործընկերներով համախմբվելով՝ առանց սպասելու դրանց գործադրման պահին: Այլ հարց է, որ դրանք այնքան հիմար չեն, ինչքան՝ որպես այդպիսիք ներկայացվում: ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության ժամանակ հավասար պայմաններ, ոչ խտրական վերաբերմունք արտահայտությունները հասցնել թեկնածուներին և կուսակցություններին հավասար եթերաժամանակ տրամադրելու սանտիմետրային սկզբունքին նույնն է, թե ակնկալես, որ եթե իքս թեկնածուին 3 ու կես վայրկյան խոշոր պլանով են ցույց տալիս, 2ու կեսը՝ աջ ձեռքը՝ դեպի երկինք պարզած, ուրեմն մնացած բոլոր թեկնածուներին՝ ալֆայից օմեգա պետք է նկարես ու եթեր հեռարձակես նույն՝ 3.5 խոշոր պլան-2.5 աջ ձեռքը՝ վեր հարաբերակցությամբ:

Մինչև հիմա փաստորեն թյուր պատկերացում է եղել մեր մասնագիտության շուրջ, թե այն ուրիշ բանի մասին է:

Երբ լրագրողը դժգոհում է, որ նախագահի թեկնածուն ծաղրածու է, արկածախնդիր և լկտի ապուշ, իհարկե, նա ունի դրա անձնական իրավունքը, բայց լուսաբանել նրան պարտավոր է, քանի որ իր հեռուստադիտողները այդ բառերով այդ թեկնածուին բնութագրել կարող են և իրավունք ունեն ոչ թե լրագրողի բնութագրմա՛ն, այլ լուսաբանմա՛ն հիման վրա:  Ի վերջո, եթե այդ «ապուշը» հասել է այդտեղ, ուրեմն թողեք, որ մարդիկ իրենք որոշեն՝ նրա ապուշ լինել-չլինելը: Ուրեմն ինֆորմացրեք այնքան, որ մարդիկ հենց այդպես էլ և ոչ՝ առավել գունազարդ ու խելոք տեսնեն այդ ծաղրածուին:

Զարմանալիորեն՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին, ոչ խտրական և հավասար պայմաններ սկզբունքները, որոնց այս անգամ էլ հետևելու են թե ՀՌԱՀ-ը, թե այլ կազմակերպություններ, դեռևս չեն գրավել մեր գործընկերների ուշադրությունը: Մենք դրանցից առայժմ չենք բողոքում: Այդ ընդվզումը կսկսվի ճիշտ այն պահին, երբ կուսակցությունների ցուցակներում մենք կտեսնենք մեր կարծիքով, «ապուշների և ծաղրածուների»: Եվ կորոշենք, որ նրանց այդպիսին կնքելու իրավունքը մերն է՝ լրագրողների՛նը:

Մենք շատ իրավունքներ ունենք, բայց հաստատ՝ ոչ այդ մեկը: Մենք պիտակներ փակցնելու իրավունք չունենք, մենք պիտի «ապրանքը» ցույց տանք բոլոր հնարավոր և հատկապես անհնար ռակուրսներից, և երբ մեր ու մեր լսարանի կարծիքը համընկնի, սանտիմետրով եթերաժամանակ չափող ոչ մեկը մեզ սարսափելի  չի լինի:

Նկարը՝ http://jama.jamanetwork.com-ի:

Leave a Reply