Skip to content

ԲԱՔՈՒՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ «ԻՐԱՐ ՎՐԱ ԳՈՐԾ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

«Շփման գիծ» հաղորդաշարի 101-րդ թողարկումն ամփոփել է հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսության մեկուկես տարվա արդյունքները։ Հաղորդման հյուրերը՝ նախագծի համահեղինակներ, Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Բաքվի մամուլի ակումբի տնօրեն Արիֆ Ալիեւը քննարկել են նախագծի իրականացման ընթացքում ի հայտ եկող դժվարությունները, որոնք իրենց խորքում արտացոլում են երկու հասարակություններում առկա խնդիրները։ Զրուցակիցները նկատում են, որ չնայած տարաբնույթ բարդություններին, նախագծի հյուրերը գործնականում միշտ մնացել են կառուցողական դիրքերում, իսկ սոցցանցերում լսարանի թողած մեկնաբանությունները մեծամասամբ դրական երանգավորում ունեն։ Հատկանշական է, որ փորձագիտական երկխոսության ընթացքում դրսեւորվող փոխադարձ հարգանքն ու իրար լսելու կարողությունը վերջին շրջանում սկսել է նկատվել նաեւ պաշտոնական մակարդակում տեղի ունեցող շփումներում։ Ավելին, թվում է, թե Բաքուն ու Երեւանն այլեւս չեն շտապում տարածաշրջանային հարաբերություններում մեկը մյուսի հաշվին բարելավել դիրքերը։ Դա երեւաց ինչպես Իրան-Իսրայել էսկալացիայի շրջանում, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվող զարգացումների ֆոնին։ Այլ կերպ ասած՝ կողմերը դադարել են «գործ տալ» իրար դեմ՝ երրորդ երկրների հետ շփումներում։  

«ՍիվիլՆեթ» հեռուստաալիքում տեղի ունեցած հաղորդման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ օգոստոսյան կարճատեւ դադարից հետո ակնկալվող նորությունները։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։