Skip to content

ՄՈՍԿՎԱՆ ԿՐԱԿՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՈՏՔԻ՞Ն

Մեդիան ու փորձագետները շարունակում են քննարկել մի կողմից՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ վերջին շրջանում ակտիվացած գործընթացները։ Արդյո՞ք Մոսկվայի ճնշումները կարող են կատալիզատոր դառնալ Բաքվի ու Երեւանի համար՝ հայ-ադրբեջանական կարգավորումն արագացնելու համար։

Անցած շաբաթ Հայաստանում էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ ԵՄ եւ ՀՀ միջեւ «CEPA+» համաձայնագրի ակնկալվող ստորագրումը չկայացավ, որովհետեւ այն, թերեւս, նախատեսվածից ավելի համընդգրկուն է ստացվել, եւ անհրաժեշտություն է առաջացել նախքան ստորագրելը համաձայնեցնել ԵՄ բոլոր անդամ-երկրների հետ։ ԵՄ-Հայաստան սերտ շփումները վերջին շրջանում անհանգստություն էին առաջացնում ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ Բաքվում։ Կալասի վերջին այցը, սակայն, Ադրբեջանի իշխանության մոտ նյարդային որեւէ արձագանք չի առաջացրել։ Արդյո՞ք կողմերը մոտեցրել են իրենց տեսակետները տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերի ու բովանդակության վերաբերյալ։

Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ՝ Ռուսաստանը նկատելիորեն ավելացնում է Գյումրիում տեղակայված իր 102-րդ ռազմաբազայի կարողությունները։ Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները եւ ինչպես կարող են ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա։

Մամուլը նաեւ գրում է մոտակա շաբաթներին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ երկկողմ հանդիպման հավանականության մասին, որի ընթացքում, իբրեւ, հիմնականում քննարկվելու է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Հաշվի առնելով վերջին շրջանում սովորական դարձած փորձը, երբ մամուլում բարձր մակարդակի հանդիպումների մասին տեղեկությունները որոշ ժամանակ անց հաստատվում են, փորձագետները հավանական են համարում նաեւ այս լուրի իսկությունը։  

Press Klub TV ալիքում «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ փորձագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են այս եւ այլ հարցեր։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։