Skip to content

ԻՆՉՊԵՍ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԳԺՏՎԵԼ ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Հունիսի վերջին մամուլում քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացումն էր։ Պատճառը (կամ պատրվակը, ինչպես որոշ փորձագետներ են կարծում) Եկատերինբուրգում ռուսաստանցի իրավապահների կողմից ազգությամբ ադրբեջանցիների նկատմամբ բռնությամբ ուղեկցվող գործողություններն էին, որոնց հետեւանքով մարդիկ մահացան։ Դրանց հետեւեցին Բաքվում ռուսաստանցիների նկատմամբ կոշտ ու ցուցադրական գործողություններ, մի շարք երկկողմ պաշտոնական այցեր չեղարկվեցին, մեդիա տարածքը լցվեց փոխադարձ մեղադրանքներով։ Ժամանակային առումով՝ ռուս-ադրբեջանական լարվածության հետ համընկան նաեւ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները, որոնցում նույնպես որոշակի դերակատարում ունեն Ռուսաստանը կամ ռուսաստանամերձ շրջանակները։

Շատ վերլուծաբաններ այս իրադարձությունները համարում են հետխորհրդային տարածքում նախկին մետրոպոլիայի հետ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ։ Որքա՞նով են այդ մեկնաբանությունները համարժեք ստեղծված իրավիճակում, եւ ինչ պետք է սպասել հետագայում։ Թեմայի շուրջ «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ զրուցել են անվտանգային հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը եւ քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։