Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական գործողությունների դադարից հետո փորձագետները քննարկում են հետագա զարգացումները տարածաշրջանում։ Այն պայմաններում, երբ զինադադարի մասին փաստաթուղթ անգամ չի ստորագրվել, իսկ հետագա բանակցությունների հարցում հստակություն չկա, հարաբերական խաղաղությունը փխրուն է թվում։ Ի՞նչ պետք է սպասեն Հարավային Կովկասի երկրները, որոնք նշում են իրենց չմասնակցությունը 12-օրյա պատերազմին։ Արդյո՞ք անցյալում են մնացել այն ժամանակները, երբ տարածաշրջանային պրոցեսներն ինքնաբերաբար հակադիր ռեակցիա էին առաջացնում Բաքվում եւ Երեւանում։
Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր լարվածություն է զարգանում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Բաքուն ակտիվ կերպով բողոքում է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների դեմ իրավապահների կոշտ գործողությունների կապակցությամբ, Երեւանը բավական թափանցիկ ակնարկում է, որ այս օրերին հեղաշրջման փորձի կապակցությամբ հարուցված գործերում դերակատարում ունի Ռուսաստանը, եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ է տալիս չմիջամտել ՀՀ ներքին գործերին։ Ի՞նչ ռեսուրսներ է պահպանել Մոսկվան՝ երկու երկրների վրա իր ազդեցությունը վերականգնելու համար, եւ որքանով են վերջիններս դիմակայուն նախկին մետրոպոլիայի հետ հարաբերություններում։
Բաքուն եւ Երեւանը, հնարավոր է, վերականգնեն բարձր մակարդակով շփումները՝ կարգավորման պրոցեսն առաջ մղելու նպատակով։ Ի՞նչ բաղադրիչներ կներառեն այդ հնարավոր շփումները։ Ադրբեջանը շարունակում է առանցքային համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը, մինչդեռ Հայաստանի համար ամենաէականը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցն է, որը հնարավորություն կտա շարունակել տնտեսա-քաղաքական կապերի դիվերսիֆիկացման փորձերը։
Հունիսի 30-ին Երեւան ժամանեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, Բրյուսելի եւ Երեւանի երկխոսությունը ներառում է նաեւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Այս եւ այլ հարցեր ՍիվիլՆեթի ալիքում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։