Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը 2026-ի գարնանը տեղի կունենա Երեւանում, իսկ 2028-ին ԵՔՀ-ի «մայրաքաղաքը» կլինի Բաքուն։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պաշտպանել են մեկը մյուսի թեկնածությունը՝ այս որոշումները կայացնելիս։ Միջազգային բնապահպանական համաժողովների վերաբերայլ համաձայնեցված քվեարկություններից հետո սա երկրորդ նման դեպքն է։ Բացի դրանից, Բաքուն եւ Երեւանը պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու «3+3» ձեւաչափով հաջորդ հանդիպումները։ Արդյո՞ք այս ձեւաչափերով հանդիպումները կարող են փոխլրացնել միմյանց, թե դրանք ավելի շուտ կսրեն եղած հակասությունները, ինչպես դա եղավ COP-29-ի դեպքում, կարելի՞ է ակնկալել, որ Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցեն Երեւանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին, եւ ինչքանով է հասունացել հարավկովկասյան միասնական հարթակի եւ օրակարգի ձեւավորման պահը։
Այս եւ այլ հարցեր են «ՍիվիլՆեթի» ալիքում «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ընթացքում քննարկել են քաղաքական վերլուծաբաններ Ահմեդ Ալիլին եւ Բորիս Նավասարդյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։