Skip to content

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ԳԱԶԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԸ․ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ

Անցած շաբաթ աշխարհի ուշադրության կենտրոնում կրկին Մերձավոր Արեւելքն էր, որտեղ նոր պատերազմական իրավիճակ է բռնկվել։ Իսրայելը հունիսի 13-ից զանգվածային օդային հարձակում է սկսել Իրանի դեմ՝ թիրախավորելով հիմնականում միջուկային հետազոտությունների կենտրոններն ու երկրի ռազմական ենթակառուցվածքները։ Սպանվել են տասնյակ իրանցի բարձրաստիճան զինվորականներ ու միջուկային ֆիզիկայի մասնագետներ, զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում։ Իրանը պատասխանում է հրթիռային գրոհներով, որոնց զոհերն են իսրայելցի քաղաքացիականները։

Իսրայելա-իրանական պատերազմը անմիջական հետեւանքներ է ունենալու այդ թվում Հարավային Կովկասի քաղաքական պատկերի վրա, ինչպես նաեւ, անխուսափելիորեն ազդելու է տնտեսական կապերի վրա։ Որքանո՞վ է հավանական, որ տարածաշրջանային պատերազմը կսրի հարաբերությունները նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ։

Շաբաթվա ընթացքում մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով, հունիսի 20-ին Անկարա է մեկնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա երկկողմ հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, որը գրավել է փորձագետների ուշադրությունը։ Ուշագրավ է, որ Փաշինյանի այցից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին Թուրքիայում է լինելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Արդյո՞ք երկու երկրների ղեկավարների այցերը համաժամանակեցվել  են եւ արդյոք՞ ակնկալվում է Ալիեւ-Փաշինյան հանդիպում Թուրքիայում։

Այս եւ այլ հարցեր CivilNet-ի ալիքում «Շփման գիծ․ Շաբաթվա իրադրձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։