Հայաստանի եւ Ադրբեջանի հանրություններն այս ամիսներին գրեթե պարբերական ռեժիմով հետեւում են Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ իրականացվող դատավարությանը։ Գործընթացը բավական զգայուն է եւ տրամագծորեն հակառակ ընկալումներ է առաջացնում երկու երկրներում։ Հայաստանցի իրավաբաններն ու իրավապաշտպանները պնդում են, որ տեղի ունեցող դատավարությունը ոչ թափանցիկ է, ոչ մրցակցային, եւ որ պահվող անձանց իրավունքները խախտվում են բազմաթիվ դրվագներում։ Ադրբեջանում, հակառակը, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ մեղադրանքները համարում են արդար հատուցում՝ 30-ամյա կոնֆլիկտի համար։
Հայաստանցի իրավապաշտպանները կանխատեսում են Ադրբեջանում դատվող անձանց կողմից բազմաթիվ դատական հայցեր՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, մինչդեռ Ադրբեջանում շատերը կասկածի տակ են առնում միջազգային դատական կառույցների արդյունավետությունը։ Հայտնի է, որ Երեւանն ու Բաքուն արդեն համաձայնեցրած խաղաղության պայմանագրի նախագծում միջազգային դատական կառույցներում եղած հայցերից հրաժարվելու մասին դրույթ են ներառել։ Որքանո՞վ իմաստ ունի նման դրույթի ներառումը, եթե այն չի կանխում անհատական հայցերը, որքանով՞ է իրատեսական, որ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Բաքվում պահվող հայերը ազատ կարձակվեն։
Այս եւ այլ հարցերի շուրջ CivilNet-ի ալիքում կայացած «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ զրուցել են իրավաբան Ֆուադ Աղաեւը եւ լրագրող Հակոբ Կարապետյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։