Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջեւ կոնֆլիկտի հաղթահարման բարդ ճանապարհն անցնում է ոչ միայն պաշտոնական մակարդակում բանակցողների կողմից հրապարակային կամ խորհրդապահական ուղերձների փոխանակման միջոցով, այլեւ հանրության լայն շերտերի ներգրավմամբ։ Մեդիայում փորձագիտական երկխոսությունները, ճանաչողական փոխայցերը, գիտական կամ մասնագիտական ոլորտում համագործակցությունը օգնում են հասարակություններին՝ ավելի լավ ճանաչել միմյանց, հետեւաբար՝ ավելի հեշտ հաղթահարել կարծրատիպերն ու նախապաշարմունքները։
Ինչպե՞ս առաջ մղել դրական օրակարգը երկկողմ հարաբերություններում՝ առանց լռության մատնելու բարդ, հակասություններ առաջացնող հարցերը։ Ինչպե՞ս է ազդում կարգավորման գործընթացի վրա լիդերների հռետորաբանությունն ու փոխադարձ հարաբերությունները։ Press Klub TV-ի եթերում «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ այս եւ այլ հարցեր են քննարկել քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը եւ կոնֆլիկտաբան Անար Էյուբովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։