Skip to content

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 21-ին Թբիլիսիում բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ․ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Աշիկ Քերիբ» ֆիլմը։ Վրացական կինոստուդիայում Լերմոնտովի մեկնաբանությամբ ադրբեջանական ժողովրդական հեքիաթի մոտիվներով, հայ կինոռեժիսորի ստեղծած ֆիլմը թողարկվել է 1988-ին, բայց  նույն տարում բռնկված կոնֆլիկտի պատճառով տարածում չի գտել։

Ցուցադրության ժամանակ դահլիճը լեփլեցուն էր․ ներկա էին հյուրեր Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներից եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ֆիլմի երաժշտության հեղինակ Ջավանշիր Կուլիեւը, կինոռեժիսոր, Փարաջանովի արվեստի գիտակ Գարեգին Զաքոյանը եւ ֆիլմի նկարիչ Գիորգի Ալեքսի-Մեսխիշվիլին։

Հաջորդող օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի մեդիայի ներկայացուցիչները մի քանի աշխատանքային հանդիպում ունեցան Վրաստանի մայրաքաղաքում, որոնց ընթացքում քննարկվում էին երկու երկրների լրատվական տարածքում միմյանց մասին գոյություն ունեցող կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման ուղիները։ Առանձին քննարկման առարկա դարձավ այս տարվա փետրվարին Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների կողմից միանման մեթոդաբանությամբ անցկացված լրատվամիջոցների մշտադիտարլման արդյունքներով կազմված վերլուծությունը, որը շուտով կհրապարակվի ypc.am կայքում։

Թբիլիսյան հանդիպումների հագեցած օրակարգի շուրջ Press Klub TV ալիքում զրուցել են «Շփման գիծ» հեռուստածրագրի հաղորդավարներ Էլչին Շիխլին եւ Արշալույս Մղդեսյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրրջանակներում։