Skip to content

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒ՞Մ ԿԾՆՎԻ

Հունգարիան, որը 2012-ին Ռամիլ Սաֆարովիի արտահանձնման հետ կապված սկանդալից հետո ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այնուհանդերձ շարունակում է արգելափակել ԵՄ «Խաղաղության ֆոնդից» ակնկալվող ֆինանսական օգնության տրամադրումը։ Ո՞րն է Բուդապեշտի նման քաղաքականության պատճառը՝ արդյո՞ք Բաքվի հետ բարեկամական հարաբերություններն են դրա շարժառիթը, թե՞ Օրբանի կառավարության հետ ոչ պակաս ջերմ հարաբերություններ ունեցող Մոսկվան է կանգնած այս քայլի հետեւում։

Անցած շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Հարավային Կովկասի երեք երկրների փոխարտգործնախարարների համատեղ հանդիպումը՝ տարածաշրջանային հարցերի օրակարգով։ Որքանո՞վ կարող է կենսունակ եւ հեռանկարային լինել այս ձեւաչափը, արդյո՞ք կողմերը կարող են հույս տածել բոլորովին նոր տիպի տարածաշրջանային գործակցության վերաբերյալ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կրկին խոսեց Ադրբեջանի հետ ամուր խաղաղություն հաստատելու իր պատրաստակամության մասին՝ պնդելով, թե Ղարաբաղյան շարժման էջը պետք է փակել։ Այս հայտարարությունը, սպասելիորեն, հայաստանյան ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրեց, թեպետ զանգվածային բողոք չեղավ։ Ի՞նչ զգացմունքներ է առաջացրել Փաշինյանի հայտարարությունը Բաքվում։

«ՍիվիլՆեթի» տաղավարում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ընթացքում քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը վերլուծել են անցած շաբաթ տարածաշրջանում եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։