Skip to content

ԿԱՄՈՒՐՋ՝ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻՑ ԴԵՊԻ ԵՄ․ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Ապրիլի 3-5-ը Ուզբեկստանում տեղի կունենա ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որը կօգնի Եվրոպական միությանն ու տարածաշրջանի երկրներին՝ հստակեցնել համագործակցության հնարավորություններն ու ուղիները։ Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի նաեւ Հարավային Կովկասի համար, որը բազում ենթակառուցվածքներով կապում է Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի հետ։

Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակում են քննարկել վերջերս համաձայնեցված, բայց չստորագրված խաղաղության պայմանագիրը։ Դրա ստորագրման նախապայմաններից մեկը, ըստ Բաքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Երեւանը դեմ չէ ՄԽ լուծարմանը եւ առաջարկում է այդ մասին համատեղ դիմումով հանդես գալ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին։ Սակայն Բաքվում կարծում են, որ ՄԽ գոյությունը ոչ միայն եւ գուցե ոչ այնքան երկու երկրների կամքի հարցն է, այլեւ դրանում ընդգրկված այլ կողմերի: Եվ հենց երրորդ կողմերի ազդեցությունը չեզոքացնելու նկատառումներից ելնելով, Բաքուն պնդում է, որ լուծարումը տեղի ունենա պայմանագրի ստորագրումից առաջ։ Ինչպե՞ս լուծել այս երկընտրանքը։

Երկու երկրներում նաեւ շարունակում են քննարկել հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացումը եւ Ադրբեջանում դրան հաջորդած արձագանքները։ Ինչու՞ է հայ-թուրքական կարգավորումը շարունակվում կախված մնալ հայ-ադրբեջանական կարգավորումից եւ ինչքանո՞վ է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւոր Երեւանի համար ներկա իրողություններում։

Այս եւ այլ հարցերի շուրջ PressKlub TV ալիքի եթերում «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ընթացքում զրուցել են քաղաք ագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։