Skip to content

Ե՞ՐԲ ՍՊԱՍԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ

Անցած շաբաթը տարածաշրջանի համար նշանավորվեց Թուրքիայում մեկնարկած բողոքի ալիքով։ Այդ երկրում կոռուպցիոն կապերի մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմության փաստացի առաջնորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուն։ Բողոքի մասնակիցները պնդում են, որ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ որ Էրդողանն այդպիսով փորձում է առնվազն վարկաբեկելու միջոցով չեզոքացնել հավանական հակառակորդին հաջորդ ընտրություններից առաջ։  Ի՞նչ հնարավոր արդյունքներ կունենա թուրքական բողոքը եւ ինչպես այն կանդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

Ադրբեջանական մամուլի մի հատվածը նյարդային արձագանք է տվել հայ-թուրքական գործընթացում որոշակի առաջխաղացմանը․ նախ, օրեր առաջ թուրքական լրագրողների տպավորիչ խումբ էր այցելել Հայաստան, հետո՝ հայտնի դարձավ, որ 10 օրով բացվելու է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ դեպի Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու համար։ Արդյո՞ք Երեւանն ու Անկարան կխորացնեն երկխոսությունը, եւ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ դրանում Բաքուն։

 Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Բաքուն ու Երեւանը հայտարարել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու մասին, սակայն դրա ստորագրման ժամկետների եւ վայրի մասին հստակություն չկա, իսկ Ադրբեջանից շարունակվում են նախապայմաններ հնչել։ Արդյո՞ք կողմերը կկարողանան կամք գտնել՝ գործընթացն ավարտին հասցնելու եւ կարճ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

 Ռուսաստանը, շուրջ եռամյա դադարից հետո տարածաշրջանում ակտիվացման նշաններ է ցույց տալիս։ Հայ եւ Ադրբեջանցի փորձագետներն ավելի ու ավելի են հակված համաձայնելու այն հարցում, որ Մոսկվայի միակ կայուն դաշնակիցը մեր տարածաշրջանում հակամարտությունն է։ Հնարավո՞ր է արդյոք Կրեմլի վերադարձը Հարավային Կովկաս այն ծավալներով, ինչ գոյություն ուներ 2022-ի փետրվարից առաջ։

CivilNet-ի եթերում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ փորձագետներ Արեգ Քոչինյանը եւ Նաթիգ Ջաֆարլին քննարկել են նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այս եւ այլ իրադարձությունները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։