Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանն ընդունել է երկու երկրների միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրին վերաբերող Բաքվի վերջին երկու առաջարկները, ինչը նշանակում է փաստաթղթի տեքստի վրա աշխատանքի ավարտ։ Հայաստանի ԱԳՆ-ը հաստատեց Բաքվի գործընկերների հայտարարությունը՝ նշելով, որ պատրաստ է քննարկել պայմանագրի ստորագրման տեղի ու ժամկետների հարցը։ Բաքվից, սակայն տարբեր մակարդակներով մեկնաբանություններ հնչեցին, որ պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցումից բացի, կան դրա ստորագրման համար եւս որոշ նախապայմաններ։
Արդյո՞ք պետք է սպասել պայմանագրի ստորագրման մոտակա ժամկետներում, թե՞ դեռ պետք է էլի սպասել։ Ինչու՞ ադրբեջանական կողմը առաջ ընկավ եւ գերադասեց առանձին հայտարարությամբ հանդես գալ, ի տարբերություն 2023-ի դեկտեմբերի 7-ի, երբ կողմերը համատեղ հայտարարություն արեցին գերիների փոխանակման եւ միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության մասին։
Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ դատավարությունը։ Այս ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին եւ երկու նոր ձայնային ուղերձով հանդես եկավ։ Ի՞նչ է նշանակում այս ակտիվությունը, եւ արդյո՞ք հնարավոր է ձայնային ուղերձներ փոխանցել՝ շրջանցելով Ադրբեջանի իշխանությունների արգելքը։
PressKlub TV ալիքում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այս եւ այլ իրադարձությունները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։