Երևանի մամուլի ակումբը՝
գիտակցելով, որ մամուլի ազատությունը խոսքի ազատության ապահովման հիմնարար երաշխիքներից մեկն է,
նշելով, որ մամուլը պետք է հնարավորություն ունենա անարգել ստանալ և հրապարակել տեղեկություններ, տեսակետներ ու մեկնաբանություններ՝ դրանով իսկ հնարավորություն տալով հասարակությանը՝ կողմնորոշվելու կարծիքների բազմազանության մեջ,
արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է և պետք է պահպանել այն սկզբունքները, որոնք մշակված են տարիների փորձով,
ընդունում է սույն վարքականոնը:
1. ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Երևանի մամուլի ակումբի անդամը պետք է՝
- իր գործունեությամբ նպաստի խոսքի, տեղեկատվության և մամուլի ազատության հաստատմանը,
- ընդդիմանա իր գործընկերների և զանգվածային լրատվության միջոցների իրավունքների ոտնահարման դեպքերին,
- զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ընկալվել իբրև խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության փորձ:
Երևանի մամուլի ակումբի անդամի համար աընդունելի են՝
- զրպարտությունը, անհիմն մեղադրանքները, վիրավորանքը,
- փաստերի միտումնավոր կեղծումը և կոծկումը,
- գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումը,
- այս կամ այն նյութը հրապարակելու կամ չհրապարակելու համար շահագրգիռ անձանցից որևէ ձևով փոխհատուցում ստանալը:
2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Ճշմարտությունն իմանալու հասարակության իրավունքը
- Փաստերի և երևույթների անաչառ լուսաբանումը պետք է լինի հիմնական նպատակ:
- Հրապարակման համար նախատեսված ցանկացած նյութի հավաստիությունը պետք է նախապես ստուգվի:
- Չպետք է հրապարակվեն ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ազնվություն և պատասխանատվություն
- Տեղեկությունները հավաքելիս, շարադրելիս և մեկնաբանելիս լինել անկողմնակալ և համարձակ:
- Հրապարակումներում հստակ սահմանազատել փաստերն ու մեկնաբանությունները:
- Սեփական մեկնաբանություններում հենվել միայն ստույգ փաստերի վրա:
- Հարգել և պաշտպանել այլոց՝ տեսակետներ ու կարծիքներ արտահայտելու իրավունքը:
Տեղեկատվության աղբյուրներ
- Հրապարակման նպատակով տեղեկություններ հավաքելիս զրուցակցին հայտնել իր մասնագիտությունն ու իր ներկայացրած լրատվամիջոցը:
- Չչարաշահել լրագրողների հետ շփվելու փորձ չունեցող մարդկանց վստահությունը, մինչև զրույցն սկսելը հայտնել ստացվելիք տեղեկությունների հրապարակման հնարավոր հետևանքները:
- Խստորեն պահպանել տեղեկատվության աղբյուրին տված խոստումները:
- Հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց:
- Սակայն, եթե տեղեկությունը տրված է աղբյուրի գաղտնիության պայմանով, որևէ պարագայում չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկատվության աղբյուրը:
Շահերի բախում
- Գիտակցել, որ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելը կամ քաղաքական որևէ կազմակերպության անդամակցելը կասկածի տակ են դնում անկախ լրագրողի վարկը:
- Հրաժարվել արտոնություններից, վճարից, նվերներից, որոնք մասնագիտական անկախության հետ հակասության մեջ են մտնում և հանգեցնում են վստահության կորստի:
- Ձեռք բերված տեղեկությունները և կապերը չօգտագործել անձնական, նեղ խմբակային նպատակների համար:
Անձնական կյանք
- Գիտակցել, որ անձնական բնույթի տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը կարող են վնասել և ցավ պատճառել մարդուն:
- Հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
- Ծայրահեղ հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին միջամտությունը: Այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, մամուլի ակումբի անդամն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար:
Համամարդկային արժեքներ
- Որևէ ձևով չքարոզել պատերազմ, ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բռնություն, պոռնոգրաֆիա:
Երևանի մամուլի ակումբի անդամներն իրենց գործունեության համար հաշվետու են միմյանց, ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի և ակումբի վարչության առջև:
Ընդունվել է Երևանի մամուլի ակումբի
2002 թվականի ապրիլի 30-ի ընդհանուր ժողովում:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՊՐԻԼԻ 7- ՄԱՅԻՍԻ 3, 2013. ԵՄԱ-ի Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների Երեւանի ավագանու 2013թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունը
ԱՊՐԻԼԻ 7- 24, 2013. ԵՄԱ-ի Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների Երեւանի ավագանու 2013թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը... Կարդալ ավելին…







