ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի մամուլի ակումբը 2007թ. հունվարի 9-ին տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»:

2007թ. փետրվարի 2-ին ԵՄԱ-ի նախաձեռնությանը հավանություն տված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և դրան կից Հռչակագիրը`ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ (հայերեն, ռուսերեն, անգլերեն ): Վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել և ստորագրվել են ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքում, 2007թ. մարտի 10-ին:

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Վարքականոնը և դրան կից` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ Հռչակագիրը ստորագրել է 45 սուբյեկտ, որոնք ներկայացնում են Հայաստանի 48 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարել է 9 լրագրողական միություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

2007թ. մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի: 2011թ. դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և  լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ-ի կազմը մինչև 14 անդամ (ընդ որում ԴՄ-ի յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է 7 անդամ):  ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմում ընդգրկվել են՝ Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր), Գեղամ Բաղդասարյանը («Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր), Լևոն Բարսեղյանը (Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ), Մեսրոպ Հարությունյանը (մամուլի փորձագետ), Արա Ղազարյանը (իրավաբան), Գեղամ Մանուկյանը («Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն), Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ), Էմանուիլ Մկրտչյանը («Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն), Մեսրոպ Մովսեսյանը («Ա1+» հեռուստաընկերության տնօրեն), Գնել Նալբանդյանը («Արմնյուս» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբի նախագահ), Նունե Սարգսյանը (Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն), Օլգա Սաֆարյանը (իրավաբան), Գեղամ Վարդանյանը (www.media.am-ի պրոդյուսեր):

Վարքականոնը ստորագրած ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ընդունում են Դիտորդ մարմնի իրավասությունը` քննելու իրենց գործողությունների և հրապարակումների համապատասխանությունը Հռչակագրի դրույթներին, ինչպես նաև պատրաստակամ են իրենց լրատվամիջոցում հրապարակելու Դիտորդ մարմնի որոշումները: 

Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Վարքականոնի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:

ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության Դիտորդ մարմնի աշխատակարգը ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 13-ին : 2011թ. դեկտեմբերի 24-ին Աշխատակարգում կատարվել են որոշ փոփոխություններ (հայերեն):

Դիտորդ մարմնին կարող եք դիմել` meo@ypc.am, հեռախոս` +374 10 53 76 62, 53 35 41, ֆաքս` +374 10 53 56 61:


ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի բաց նիստեր. (Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Deutsche Welle ակադեմիայի և Ա1+ հեռուստաընկերության աջակցությամբ)

Ակվարիումային նիստ 4.  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանի՝ ընդդեմ Ա- ԹԻՎԻ հեռուստաալիքի «Գուրգուրող կտտանքներ» հաղորդման բողոքի քննումը» (տեսագրությունը)

Ակվարիումային նիստ 3. «Հանրային հետաքրքրություն ներկայացնող մեծամասշտաբ միջոցառումների (մարզական, երաժշտական և այլն) լուսաբանումը» (տեսագրությունը)

Ակվարիումային նիստ 2. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը լրագրողների մասնակցության արգելքը» (տեսագրությունը)

Ակվարիումային նիստ 1. «Հայ-ռուսական գազային համաձայնագրի վավերացման դեմ ՀՀ Ազգային ժողովում 2013 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած լրագրողական ակցիան» (տեսագրությունը)

2013թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. Դիտորդ մարմնի 2013թ. մայիսի 8-ի փորձագիտական եզրակացությունը՝ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի՝ «Առավոտ» թերթին տված հարցազրույցի կապակցությամբ փաստաբան Լուսինե Հակոբյանի բողոքի վերաբերյալ (հայերենռուսերենանգլերեն):

2012թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի 2012թ. դեկտեմբերի 27-ի համատեղ փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ «Առաջին լրատվական» կայքի՝ «Քաղաքական հանելուկ» վերնագրով հեղինակային բանաստեղծության արտատպման մասին ՀՀ քաղաքացի Արփի Ոսկանյանի դիմումի վերաբեյալ (հայերեն):

2. Դիտորդ մարմնի 2012թ. հոկտեմբերի 9-ի եզրակացությունը` ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում հեռարձակված հեռուստանյութերի շարքի՝ «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի դիմումի վերաբեյալ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

3. Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի 2012թ. հոկտեմբերի 1-ի համատեղ փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի կայքէջում տպագրված «Բենզին Ռուբոն և Անահիտ Բախշյանը» (մայիսի 4, 2012), «Ժառանգության» կոնսպիրատորը» (հունիսի 15, 2012),  «Ովքե՞ր են անկյուն մտածները» (հուլիսի 5, 2012) հոդվածների` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի բողոքի կապակցությամբ (հայերեն):

4. Դիտորդ մարմնի 2012թ. փետրվարի 17-ի եզրակացությունը` ընդդեմ «Առավոտ» օրաթերթի կայքում (www.aravot.am) 2012թ. փետրվարի 7-ին հրապարակված  «38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» Գագիկ Շամշյանի հովդածի և տեսաշարի` Աննա Սիմոնյանի բողոքի կապակցությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
 

2011թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1.
2011թ. նոյեմբերի 2-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադիր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին` խնդրելով փորձագիտական եզրակացություն տալ դատական վեճի առարկա դարձած «Ճանաչել Փարավոնին» հոդվածի վերաբերյալ, որը հրապարակվել է թերթի 2011թ. ապրիլի 9-ի համարում: Հրապարակման մեջ բերվել են նկարիչ Սերգեյ Գասպարյանի քննադատական արտահայտությունները Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի  հասցեին: Փարավոն Միրզոյանը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադրի և Սերգեյ Գասպարյանի` պահանջելով իրեն վարկաբեկող տեղեկությունների հերքում, ինչպես նաև բարոյական վնասի դրամական փոխհատուցում` 3 մլն դրամի չափով (մոտավորապես 7900 ԱՄն դոլար) և դատական ծախսերի փոխհատուցում` 360 000 դրամի չափով (մոտավորապես 950 ԱՄն դոլար):

2011թ. դեկտեմբերի 25-ին Դիտորդ մարմինը եզրակացություն տվեց «Ճանաչել Փարավոնին» հոդվածի կապակցությամբ: Նշելով տվյալ հրապարակման մի քանի թերությունները, Դիտորդ մարմինը միևնույն ժամանակ ընդգծեց, որ որոշ արտահայտություններ, որոնք վիճարկում է Պատկերասրահի տնօրենը, ոչ թե փաստեր են, այլ գնահատողական դատողություններ: Եվ այդ դատողությունների ճշմարտացիությունն անապացուցելի է: ԴՄ-ն եզրակացրեց, որ Փարավոն Միրզոյանի և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի միջև վեճը ժուռնալիստական էթիկայի ոլորտում է, և վեճի լուծումը տեսնում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում Փարավոն Միրզոյանի կողմից ներկայացված հերքման կամ պատասխանի տեքստի հրապարակման կամ նույն թերթի կողմից ԴՄ-ի սույն եզրակացության տպագրման մեջ (հայերեն):

2. Դիտորդ մարմնի 2011թ. դեկտեմբերի 25-ի եզրակացությունը` մի շարք ԶԼՄ-ների դեմ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի բողոք-դիմումի կապակցությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

3. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին` բողոքելով «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» բանավիճային հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի դեմ: Արմեն Հովհաննիսյանն իր նամակում նշում է, որ «Ուրվագիծը» վարողը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման խնդրին նվիրված հաղորդումներին հրավիրում է բացառապես այն մարդկանց, որոնք կողմ են այդ նախաձեռնությանը: Մինչդեռ «Մենք դեմ ենք…» շարժման ներկայացուցիչները երբեք չեն մասնակցել այդ հաղորդմանը: Արմեն Հովհաննիսյանը մեղադրել էր Պետրոս Ղազարյանին հիմնախնդրի միակողմանի լուսաբանման, ինչպես նաև կողմնակալության համար: Դիտորդ մարմինը Պետրոս Ղազարյանին առաջարկել էր սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Կենտրոն» հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Լրագրողն ընդունել էր առաջարկը: Քննարկելով բողոքը` 2011թ. հունիսի 1-ին ԴՄ-ն եկավ այն եզրակացության, որ Պետրոս Ղազարյանը չի խախտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: Դիտորդ մարմինը ի գիտություն էր ընդունել այն փաստը, որ «Ուրվագիծ» հաղորդմանը մասնակցել են օտար լեզվով կրթության ներմուծմանը ինչպես կողմ, այնպես էլ դեմ անձինք: ԴՄ-ն նաև նշել էր, որ լրագրողն իրավունք ունի որևէ հարցի առնչությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը, և դա ժուռնալիստական էթիկայի խախտում չէ:

2010թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. Դիտորդ մարմնի 2010թ. փետրվարի 4-ի եզրակացությունը` «Դելովոյ էքսպրես» տնտեսական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նաղդալյանի դիմումի վերաբերյալ` տալ իրենց թերթի հրապարակման կապակցությամբ «Դ.Է.Լ.Վ.» ՍՊԸ-ի տնօրեն, պարոն Դ. Վարդանյանի բողոքի առնչությամբ փորձագիտական եզրակացություն (հայերեն, ռուսերեն,անգլերեն ):

2. 2010թ. ապրիլի 14-ին Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը (Սյունիքի մարզ) դիմել էր Դիտորդ մարմնին` մասնագիտական էթիկայի կանոններին տեղական «Գործարար հայելի»  թերթի աշխատակիցների գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: Իր նամակում Գորիսի մամուլի ակումբի նախագահը մասնավորապես նշել էր, որ իրեն բազմաթիվ անգամներ զանգահարում և տեղեկացնում են, որ «Գործարար հայելի»  թերթի ներկայացուցիչներն այցելում են Գորիսի կազմակերպություններ և առաջարկում են որոշակի փոխհատուցման դիմաց նրանց մասին հոդված գրել կամ հարցազրույց անցկանցնել նրանց հետ: Դիտորդ մարմինը թերթի գլխավոր խմբագիր Մարինե Հակոբյանին նամակով առաջարկել է սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Գործարար հայելի»  թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց:

3. Վանաձորից ազատ լրագրող Գայանե Հովսեփյանը դիմել էր Դիտորդ մարմին`բողոքելով հանրապետական «Հրապարակ» թերթի դեմ` դրա կողմից իր հեղինակային իրավունքների խախտման կապակցությամբ: Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ (« Հրապարակ»  թերթն ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց:

4. 2010թ. հունիսի 8-ին Ղափանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել էր Դիտորդ մարմնին` մասնագիտական էթիկայի կանոններին` տեղական «Խուստուփ»  հեռուստաընկերության գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: ՀԿ–ի նախագահ Ռաֆայել Ասրյանի նամակում նշվում էր, որ 2005թ. «Խուստուփ» հեռուստաընկերության և «Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ հեռուստաընկերությունը պետք է լուսաբաներ այդ հանքարդյունաբերող ձեռնարկության գործունեությունը: Ռաֆայել Ասրյանին մեղադրանքի տեղիք էր տվել այդ լուսաբանման բնույթը` միակողմանի և բացառապես դրական լույսի ներքո: Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Խուստուփ»  հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): 2010թ. սեպտեմբերի 11-ի պատասխան նամակում հեռուստաընկերությունն ընդունեց այդ առաջարկը և գործի առավել մանրամասն քննության և փաստերին ծանոթանալու համար Դիտորդ մարմնի անդամներին հրավիրեց Ղափան` հանդիպելու կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ: Դիտորդ մարմինը «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ին տեղեկացրեց Ղափան այցելելու իր մտադրության մասին: Սակայն 2010թ. սեպտեմբերի 28-ի նամակով ՀԿ-ն Դիտորդ մարմնին հայտնեց, որ հրաժարվում է նրա միջնորդությունից և պատրաստվում է դատական միջոցներ ձեռնարկել «Խուստուփ»  հեռուստաընկերության դեմ:

5. 2010թ. հունիսի 18-ին քաղաքացիներ Աղասի և Վարդան Համբարձումյանները դիմել էին Դիտորդ մարմին` «Առավոտ» թերթի դեմ բողոքով, որը 2010թ. հունիսի 17-ին հրապարակել էր «Մի ժառանգության պատմություն» հոդվածը: Դիմումում մասնավորապես նշված էր, որ հիշյալ հոդվածը պարունակում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Քննելով բողոքը` Դիտորդ մարմինը 2010թ. հուլիսի 21-ին կայացրեց որոշում, որ «Առավոտը» ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը չի խախտել, քանի որ այդ հոդվածը Նոտարական պալատի նախագահ Ալվարդ Պետրոսյանի հերքումն է 2010թ. մայիսի 27-ին «Առավոտում» հրապարակված «Ժառանգությունից զրկվել են նոտարի՞ մեղքով» հոդվածի: Իր որոշման մեջ Դիտորդ մարմինը հղում էր կատարել «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածին, որը երաշխավորում է հերքման և պատասխանի իրավունքը:

6. 2010թ. օգոստոսի 27-ին Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը դիմել էր Դիտորդ մարմնին` բողոքելով Հրապարակ» թերթի դեմ , որը 2010թ. օգոստոսի 21-ին հրապարակել էր «Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրև բարի կատակ» հոդվածը: Իր դիմումում Եզդիների միության նախագահը նշել էր, որ հիշյալ հոդվածի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Հրապարակ»  թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց:

7. Դիտորդ մարմնի 2010թ. սեպտեմբերի 11-ի եզրակացությունը` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի՝ «Առավոտ» օրաթերթի դեմ բողոք-դիմումի կապակցությամբ: Բողոքի առարկան «Առավոտ» օրաթերթում  2010թ. հուլիսի 7-ին հրապարակված «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածն էր (հայերեն):

8. Քաղաքացի Անմար Գասպարյանը դիմել էր Դիտորդ մարմնին`«Առավոտ» թերթի դեմ բողոքով, որը հրապարակել էր «Մեռած մարդը համաձայնությո՞ւն է տվել» (2010թ. օգոստոսի 4) և «Ոստիկանները սպառնում են Բաբայաններին» (2010թ. սեպտեմբերի 16) հոդվածները, ինչպես նաև «Անկախ» շաբաթաթերթին, որը նույն թեմայով հոդված էր հրապարակել: Իր դիմումում Անմար Գասպարյանը մասնավորապես նշել էր, որ վերոհիշյալ հոդվածներում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: 2010թ. դեկտեմբերի 22-ին Դիտորդ մարմինը Անմար Գասպարյանին նամակով առաջարկեց հերքում հրապարակելու պահաջով դիմել թերթերին: Նամակում նաև նշված էր, որ Դիտորդ մարմինը պատրաստ է հանդես գալ վեճում որպես միջնորդ, ինչի կապակցությամբ կարիք ունի լրացուցիչ տեղեկությունների և  Անմար Գասպարյանի պարզաբանումների: Վերջինս առաջարկին չարձագանքեց:


2009թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. 2009թ. հունվարի 9-ին Դիտորդ մարմինը քննեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամների բողոքը «Առավոտ» օրաթերթի դեմ, որը 2008թ. դեկտեմբերի 11-ին հրապարակել էր «Նմանվում ենք եվրոպական երկրներին» հոդվածը: Հոդվածը նվիրված էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստերից մեկին: Դիմողների կարծիքով, հոդվածը պարունակում էր փաստական անճշտություններ, անհիմն կերպով կասկածի էր ենթարկում Հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը: ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը վեճում հանդես եկավ որպես միջնորդ` «Առավոտին» առաջարկելով տպագրել պատասխանը: Հանձնաժողովի անդամների պատասխանը «Առավոտի» կողմից տպագրվեց 2009թ. հունվարի 14-ին:

2. Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի եզրակացությունը` «168 ժամ» թերթի դեմ «Ժառանգություն» կուսակցության բողոքի կապակցությամբ : «Ժառանգություն» կուսակցության բողոքը վերաբերում էր «168 ժամ», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերի հրապարակումներին: Դրանք, դիմողների կարծիքով, պարունակում էին կեղծ տեղեկություններ, ապատեղեկատվություն կամ կուսակցության համար վիրավորական արտահայտություններ: «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերին, որոնք ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չեն, Դիտորդ մարմինն առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: Քանի որ վերոհիշյալ թերթերը առաջարկին չարձագանքեցին , «Ժառանգության» բողոքը քննվեց մասնակիորեն` Վարքականոնը ստորագրած «168 ժամ» թերթի երկու հրապարակումների մասով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): 

3. Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի եզրակացությունը` «Ազգ»  թերթի դեմ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի և «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի բողոքի կապակցությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

4. «Հրապարակ» թերթի դեմ` լրագրողի հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ նույն թերթի նախկին թղթակից Անուշ Մարտիրոսյանի բողոքի կապակցությամբ` Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ (« Հրապարակ»  թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Պատասխան նամակում թերթը հրաժարվեց Դիտորդ մարմնի առաջարկից:

5. Դիտորդ մարմնի որոշումը «168 ժամ» թերթի դեմ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի բողոքի կապակցությամբ: «Ազգի» կարծիքով, 2009թ. հունիսի 25-ին «168 ժամի» հրապարակած «Ովքե՞ր են կանգնած ՀՌԱԿ-2-ի հետևում» հարցազրույցը ոչ ստույգ տեղեկություններ է պարունակում: Դիտորդ մարմինը որոշում կայացրեց կազմակերպել երկու թերթերի ղեկավարների` «Ազգ» և «168 ժամ» թերթերի գլխավոր  խմբագիրներ Հակոբ Ավետիքյանի և Սաթիկ Սեյրանյանի հանդիպումը:


2008թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. 2008թ. հունվարի 11-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է «Գաֆեսջյանների ու Սարգսյանների «միությունը» չհաջողվե՞ց» հոդվածը, որտեղ խոսվում էր «Արմենիա» հեռուստաընկերության համասեփականատերերի` Սարգսյան ընտանիքի և հայկական ծագումով ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ջերարդ Գաֆեսջյանի միջև տարաձայնությունների, հեռուստաընկերության բաժնեմասերի մի մասի վաճառքի, աշխատավարձերի բաշխման և վճարման, ինչպես նաև իրագործվող նախագծերի իբրև թե գոյություն ունեցող խնդիրների շուրջ տարածվող բամբասանքների մասին: Հունվարի 12-ին «Արմենիայի» եթերով ցուցադրվեց հեռուստաընկերության համասեփականատեր Բագրատ Սարգսյանի ելույթը, որում նա հերքեց «Առավոտում» հրապարակվեց տեղեկությունը և հայտարարեց, որ հանդես է գալու թերթի  դեմ դատական հայցով: Հունվարի 15-ին Դիտորդ մարմինը դիմեց «Արմենիա» հեռուստաընկերությանը և «Առավոտ» օրաթերթին` կոչ անելով կոնֆլիկտը լուծել արտադատարանական կարգով: Ընդգծելով, որ խնդրի տեղափոխումը դատական ատյաններ կարող է խիստ վնասել զանգվածային լրատվամիջոցների վարկին` Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը կոչ արեց իրավիճակը հարթել բանակցությունների ճանապարհով, իսկ թերթին` պատրաստակամություն հայտնել մասնակցելու դրանց: Արդյունքում «Առավոտի» և «Արմենիայի» միջև ձեռք բերվեց հերքում տպագրելու  մասին գրավոր համաձայնություն: Այն տպագրվեց «Առավոտի» հունվարի 19-ի համարում` «Արմենիան» իսկապես ծաղկում է» վերնագրով: Այստեղ ասվում էր, որ հունվարի 11-ի հոդվածում «Արմենիա» հոռսւտաընկերության մասին բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում:

2. 2008թ. փետրվարի 4-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը դիմել է Դիտորդ մարմնին Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության դեմ բողոքով: Այն 2008 հունվարի 31-ին իր տեղեկատվական «Ազդարար» հաղորդման ժամանակ ցուցադրել է հեռուստահոլովակ, որտեղ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հիշատակվել է բացասական համատեքստում: Բողոքը քննվել է 2008թ. փետրվարի 15-ի և ապրիլի 3-ի նիստերում: Դիտորդ մարմինը եզրակացրեց ձեռնպահ մնալ որոշում կայացնելուց, քանի որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը ենթակա չէ կարգավորման ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի դրույթներով: Դիտորդ մարմինը սահմանափակվեց շրջաբերական նամակով, որն ուղղվեց Վարքականոնը ստորագրած բոլոր ԶԼՄ-ներին և չէր պարունակում տվյալ նամակը տպագրելու պահանջ:

3. Դիտորդ մարմնի 2008թ. հոկտեմբերի 31-ի փորձագիտական եզրակացությունը: «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը դիմել էր Դիտորդ մարմին` տալու «Առավոտ» օրաթերթի դեմ ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Ղևոնդյանի դատական հայցի առարկա դարձած հոդվածի փորձագիտական եզրակացությունը: Հայցվորը հրատարակչից պահանջում էր հերքել Ռուզան Մինասյանի «Եթե հարևանդ ոստիկան է» (հրապարակվել  է 2008թ. հունսիս 25-ին, «Առավոտում») հոդվածում հրապարակված տեղեկությունները , որոնք արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը: Դատարանի նոյեմբերի 14-ի նիստում Ռուզան Մինասյանը ներկայացրեց Դիտորդ մարմնի եզրակացությունը (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Արթուր Ղևոնդյանը հայտարարեց, որ եթե «Առավոտը» հրապարակի այն, ինքը հայցը հետ կվերցնի: «Առավոտը» եզրակացությունը տպագրեց հաջորդ օրվա համարում` նոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 18-ի նիստում դատարանը բավարարեց Արթուր Ղևոնդյանի միջնորդությունը` հայցը հետ վերցնելու մասին: Երևանի քաղաքացիական դատարանը նոյեմբերի 26-ին հայտարարեց «Առավոտ» օրաթերթի դեմ Արթուր Ղևոնդյանի հայցի հետկանչման և դատական վարույթի դադարեցման մասին: Այսպիսով Հայաստանում ստեղծվեց նախադեպ: Առաջին անգամ կողմերից մեկի խնդրանքվ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինը  եզրակացություն տվեց դատական վարույթի առարկայի վերաբերյալ և հակառակ կողմը, բավարարվելով փաստաթղթի բովանդակությամբ և հրապարակման փաստով, հետ վերցրեց իր հայցադիմումը:

4. Դիտորդ մարմնի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշումը` «Փակագիծ» թերթի դեմ իր հեղինակային իրավունքի խախտման համար «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անդամ Սառա Պետրոսյանի բողոքի կապակցությամբ: Դիտորդ մարմինը որոշեց բողոքը քննության չառնել, քանի որ «Փակագիծը» չի ստորագրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: Միևնույն ժամանակ, 2008թ. նոյեմբերի 27-ին Դիտորդ մարմինը նամակով «Փակագիծ» թերթին առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: 2008թ. դեկտեմբերի 4-ին թերթը հրապարակեց համապատասխան ուղղումը:

5. Վերոնշյալին համանման  բողոք«Ա1+» կայքի հեղինակային իրավունքի խախտման մասին «Ժամանակի միտք» թերթի դեմ ներկայացրել էր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Դիտորդ մարմինը որոշեց բողոքը քննության չառնել, քանի որ «Ժամանակի միտքը» չէր ստորագրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: Գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանին Դիտորդ մարմնի անունից նամակով առաջարկվեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: «Ժամանակի միտք» թերթի և «Ա1+»-ի միջև վեճը հարթվեց: Բացի դրանից, թերթի գլխավոր խմբագիրը հայտարարեց, որ «Ժամանակի միտքը» միանում է ինքնակարգավորման նախաձեռնությանը և կստորագրի Վարքականոնը:


2007թ. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընդունել է հետևյալ որոշում-եզրակացությունները.

1. Դիտորդ մարմնի 2007թ. հուլիսի 4-ի եզրակացությունը`Հայկական երկրորդ հեռուստաալիքի դեմ Սամվել Մարտիրոսյանի քաղաքացիական բողոքի կապակցությամբ (հայերեն):

2. Դիտորդ մարմնի 2007թ. հուլիսի 4-ի և 25-ի որոշումները` Lragir.am ինտերնետային թերթի դեմ Միացյալ ազատական ազգային կուսակցության և «Ազգ» թերթի դեմ ՀՅԴ բողոքների կապակցությամբ: Դիտորդ մարմինը եզրակացրեց, որ երկու դեպքում էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի և դրան կից ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ Հռչակագրի դրույթները չեն խախտվել:

3. Դիտորդ մարմնի 2007թ. սեպտեմբերի 12-ի եզրակացությունը` 2007թ. մայիսի 12-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ԶԼՄ-ների գործունեության կապակցությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

4. Դիտորդ մարմնի 2007թ. սեպտեմբերի 12-ի եզրակացությունը` «Ազգ» օրաթերթի դեմ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի բողոքի կապակցությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

5. Դիտորդ մարմնի 2007թ. նոյեմբերի 7-ի որոշումը` մի շարք թերթերի, այդ թվում` «Առավոտի» դեմ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի բողոքի կապակցությամբ: Դիտորդ մարմինն ընդգծեց, որ կարող է քննել միայն «Առավոտի» դեմ բողոքը, քանի որ դրանում նշված մյուս պարբերականները չեն ստորագրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: «Առավոտի» կապացկությամբ Դիտորդ մարմինը որոշեց դադարեցնել բողոքի քննությունն` այն հիմնավորմամբ, որ բողոքի առարկա դարձած հոդվածները հրապարակվել են թերթի կողմից Վարքականոնը ստորագրելուց առաջ:

 6. Դիտորդ մարմնի 2007թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` «Առավոտ» օրաթերթի 2007թ. հոկտեմբերի 11-ի համարում տպագրված «Մեռածից փող չեն պահանջում» հոդվածի դեմ Քնարիկ Մեհրաբյանի քաղաքացիական բողոքի կապակցությամբ: Լսելով «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և հոդվածի հեղինակ Ռուզան Մինասյանի պարզաբանումները` Դիտորդ մարմինը որոշեց ձեռնպահ մնալ հրապարակման առթիվ եզրակացություն տալուց: Միևնույն ժամանակ «Առավոտի» գլխավոր խմբագրին ուղարկվեց նամակ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին տվյալ  հրապարակման համապատասխանության վերլուծությամբ: Դիտորդ մարմինն ընդգծեց, որ նման որոշումը պայմանավորված է եղել հոդվածի հրապարակման օրը` հոկտեմբերի 11-ին խմբագրությունում տեղի ունեցած պատահարով, ինչպես նաև նրանով, որ բողոքը պարունակում էր վիրավորանքներ հոդվածի հեղինակի հասցեին:



ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՁԵՎ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ էլեկտրոնային նամակով դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև վիճարկվող հրապարակումները (նյութերը) էլեկտրոնային նամակին կից կամ տպագիր ձևաչափով:

Խնդրում ենք համոզվել, որ մինչև դիմում ներկայացնելը, Դուք ծանոթացել եք ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի դրույթներին։

Խնդրում ենք բողոքը ներկայացնելիս տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկություններ:
Այսօրվա ամսաթիվը
Անուն և ազգանուն*
Ինչպես կապվել Ձեզ հետ. Ձեր նախընտրած հասցեն (էլեկտրոնային, փոստային), հեռախոսը*
Այն լրատվամիջոցի անվանումը, որի դեմ բողոք եք ներկայացնում*
Բողոքարկվող նյութի/նյութերի հրապարակման օրը (օր/ամիս/տարեթիվ)*
Բողոքարկվող նյութ/նյութերի վերնագիրը*
Բողոքարկվող նյութ/նյութերի ինտերնետային հղումը (եթե առկա է)
Խնդրում ենք շարադրել լրատվամիջոցի դեմ Ձեր բողոքի էությունը
*-ով նշված տողերը պետք է պարտադիր լրացվեն: