ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ

Եթե անգամ Հայաստանում հեղափոխություն լինի, դա երևի կլինի հեղափոխություն լրատվամիջոցների դեմ: Հաստատ` լրատվամիջոցների և ոչ թե` լրագրության դեմ:

Այն, որ լրագրության կամ ավելի ճիշտ` լուրի, տեղեկության կարիք հասարակությունն ունի մշտապես, կարծես թե կասկած չի հարուցում: Հարցն այն է, թե ինչպիսի՛ լուրի կամ ինչպե՛ս մատուցված լուրի: Մեդիա շուկան, ինչպես ցանկացած այլ շուկա, զարգանում է մրցակցության մեջ:

Մի՞թե սկսվում է

Անցնող շաբաթվա իրադարձությունները բուռն էին ոչ միայն ինքնին, այլև` լուսաբանման տեսանկյունից: Դեռ անցյալ շաբաթ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցները հանրահավաքների լուսաբանման այն հնարքներն էին կիրառում, որոնք սպառողին թույլ չէին տալիս պատկերացում կազմել դրանց իրական մասշտաբների և բովանդակության մասին: Այդ լրատվամիջոցները մի կարևոր հանգամանք էին ուշադրությունից բաց թողել. սպառողը վաղուց արդեն անփորձ չէ, նրան չի կարելի համեմատել անգամ հինգ տարի առաջվանի հետ: Այս հանգամանքը թերևս ավելի էական է, քան նույնիսկ տեխնոլոգիաների զարգացումը, առանց որոնց նույն այդ սպառողները տեղեկությունների իրենց ծարավը թերևս մարել չկարողանային:

Իսկ անցնող շաբաթ հեռուստատեսային էկրանին հայտնվում են բազմամարդ կադրեր, համայնապատկերներ նույն այդ հանրահավաքներից, ելույթ ունեցողների խոսքը միայն մոնտաժվո՛ւմ է և ոչ թե կտրտվում-աղավաղվում: Եվ սա` պապից ավելի կաթոլիկ հեռուստաալիքի եթերում (տեսանյութի հղումն անհնար է, քանի որ այն համացանցում պարզապես չկա): Ճիշտ է, դեռ դժվար է դա լիարժեք լուսաբանում համարել, սակայն առաջընթացն ընդամենը մեկ շաբաթում ակնհայտ է:

Ցավոք, այս առաջընթացի պատճառը կարող է լինել նույն թույլտվությունը, որով հեռարձակվողները գրեթե հավասարակշիռ և բազմազան էին դարձել ընտրությունների շրջանում: Խողովակը մի կարճ ժամանակով կարծես թե դարձյալ փակվեց երկու շաբաթով, իսկ հիմա էլի մի քիչ ամրագոտիները թուլացվել են:

Սակայն մի բան հուշում է, որ սա գուցե միակ պատճառը չէ թարմ քամիների:

Մրցակցությո՛ւնը, Վաթսոն

Անցնող շաբաթում կարելի էր զգալ Ազատության հրապարակի շունչը, լսել բուհի հայհոյալեզու պատասխանատուին` տանը նստած, համակարգչի առջև: Եվ այս ամենը` հնարավորինս առանց միջամտության: Սակայն, այս դեպքում, ինչպես փորձագետներն են ասում, «միայն առանց մեկնաբանության հեռարձակումը չէ: Կայքերի լրագրողներն աշխատում են տեղում, մեկնաբանում են, ուղիղ եթերում հարցազրույցներ են վարում»:  Այլ կերպ ասած, ինտերնետային հեռուստատեսությունն արդեն իսկ ռեալ  մրցակից է ավանդական հեռուստատեսությանը, և դա կարծես թե ավանդականն էլ արդեն հասկացել է:

Մեկ ուրիշ գործոն էլ կարող է նպաստել` վերևում նշված սպառողը: Սա արդեն առաջվա պասիվ և անպաշտպան հեռուստադիտողը չէ: Նա արդեն տեղեկանալու այլ միջոցներ ունի. ոչ-հեռուստատեսությունից (այս դեպքում թերևս ճիշտ է գրել` ոչ հեռուստացույցից) տեղեկանում է և հետո էլ հեռուստատեսությունների երեսով տալիս վերջինների մասնագիտական բացթողումները:

Ի դեպ , սա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում: Պարզապես այն տարբերությամբ, որ բրիտանացի հեռուստադիտողը կարող է հրաժարվել վճարելու այն հեռուստատեսությանը, որի աշխատանքից գոհ չէ: Իսկ մեզ մոտ հեռուստատեսությունների վրա ֆինանսապես ազդելու` անհատական, թե՞ անձնական ասենք, մեխանիզմներն առավել քան թերզարգացած են:

Բայց չէ՞ որ դրանք զարգանալու են, իսկ սպառողին չտեսնելու տալը կարող է շատ թանկ` սպառող արժենալ:

Լուսանկարը`www.1in.am -ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.