ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ

Երեկ պարզ դարձավ, որ սանտիմետրով և հնարավոր բոլոր գործիքներով չափել պետք է ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածուներին տրամադրված եթերի քանակը և որակը: Չափել պետք է նաև լրագրողներիս արդեն ոչ թե մասնագիտական, այլ տարրական մարդկային էթիկան, իսկ դրա իսպառ բացակայության դեպքում հնչեցնել «SOS» կամ՝ «փրկեք մեր մասնագիտությունը»:

Փետրվարի 14-ի «Էպիկենտրոն» լրատվականը հաստատեց, որ չափելու բան չի մնացել: Ստուդիայում լուրերի մեկնաբանուհին հայի և ադրբեջանցու բարեկամության մասին պատմող գրողին լսելուց հետո նրան հարցրեց բառացիորեն հետևյալը՝ «Բայց հայ ժողովուրդը մի խոսք ունի, չէ՞. «Շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»: Արժանին մատուցելով գրողի ինքնատիրապետմանը և ծայրահեղ հանդուժողականության այս դրսևորմանը, մեջբերենք նրա պատասխանը՝ «Ես չեմ կարծում, որ թուրքը շուն է: Նրանք նույնպիսի ժողովուրդ են, ինչպես մենք»:

Եվ սա՝ այն բոլոր խմորումների ու սկանդալների շուրջ, որ հարևան պետությունում տեղի են ունենում Աքրամ Այլիսլիի վեպի շուրջ:

Եվ սա՝ լրատվական հաղորդման ընթացքում, որտեղ լրագրողների շուրթերից պետք է հնչեն բացառապես լուրեր: Լրատվության ժամին ստուդիայում կարծիք հայտնելու և որակումներ տալու իրավունք ունեն միայն հյուրերը: Իսկ կարծիքների, առավել ևս՝ կոպիտ կարծիքների համար գոյություն ունեն հեռուստատեսային այլ ժանրեր, որտեղ կարող են արդարացված լինել ամենատարբեր գնահատականները և մեկնաբանությունները, այդ թվում ՝ հաղորդումը վարող լրագրողների կողմից:

Բնավ վստահություն չկա, որ արժե՛ այդ մեկնաբանուհուն մեկ առ մեկ բացատրել  ա) ծայրահեղ տգիտության և հայրենասիրության, բ) քուչայական մտածողության և լրագրողական սուր հարցադրումների, գ) այլ հեղինակների, այդ թվում և ամենամեծ հեղինակի՝ Ժողովրդի մտքերի կամայական-անտեղի շահարկման և նույն ժողովրդական իմաստության՝ տեղին և չարժեզրկող մեջբերումների իրական տարբերությունները: Իսկ գուցե լրագրողը վերոնշյալ հարցադրման հեղինա՞կն էլ չէ, այլ՝ մի ավելի «հայրենասեր» ու «առավել պատրաստված» խմբագրի խոսափողիկը, և այդ հարցը ոչ թե ինքնաբուխ իմպրովիզ էր, այլ նախօրոք լավ պատրաստված հարցազրույցի պատառիկը:

Լրագրողական դաշտի անցյալ շաբաթվա առավել նշանակալի ու խորքային իրադարձությունների ֆոնին հենց այս դեպքն է առանձնանում, քանի որ այսպիսի՝ առաջին հայացքից գուցե ոչ էական «պատահարներն» են, որ օղակվելով, կազմում են մասնագիտության և դրա մասին պատկերացումների շղթան:

«Շղթայի» շարքից

Անցնող շաբաթը ցույց տվեց, որ հայկական սերիալների մասին մտահոգությունները և դրանց շուրջ ծավալվողը հենց սերիալային ոչ միայն երկարություն, այլ նաև բովանդակություն են ստանում:

ՀՀ նախագահի թեկնածու- գործող նախագահի փոփոխված՝ արդեն դրական կարծիքը հայկական սերիալների մասին, անհանգստացրել է մաքուր եթեր ունենալ ցանկացողներին, որոնց՝ այդ մտահոգությամբ մի ժամանակ վարակվեց և իր Հանրային խորհրդին էլ վարակեց Նախագահը: Ընտրություններից առաջ նրանց հերթական դիմումը երկրի ղեկավարին կարծես թե ընդամենը հարստացրեց էպիստոլյար ժանրը, և ոչ ավելին: Համենայն դեպս, հասցեատիրոջ կողմից արձագանքներ դեռ չեն եղել:

Իսկ հասարակության պահանջներին արձագանքել, երևի, պետք է

Փորձագետների պնդմամբ՝  այդպես է վարվել վերջին տարիներին պարբերաբար  տեղեկատվական սկանդալներում հայտնվող մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոքը: Նա հրաժարվել է իր The Sun թերթի տասնամյակների ավանդույթից, և թերթի երրորդ էջը, համաձայն իր հայտարարության, այսուհետ լույս է տեսնելու առանց կանանց մերկ լուսանկարների: Մեծ Բրիտանիայում սա համարում են իրավապաշտպան կազմակերպությունների անաղմուկ անցկացրած արշավի և ստորագրահավաքի արդյունքը:

Ան-անձնական…

Ինչ խոսք, եկող շաբաթ մեր հասարակության ուշադրության կենտրոնում Հանրապետությա՛ն նախագահի ընտրությունների արդյունքներն են լինելու, սակայն մեր ոլորտի համար պակաս կարևոր չեն լինի նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթ-ընտրության արդյունքները: Չէ՞ որ մեզ նման հասարակություններում ո՛չ օրենքները, ո՛չ էլ կարգերն են որոշիչ, այլ՝ անձերը:  Եթե միայն, իհարկե, չարդարանան այն կանխատեսումները, որ վերջին տարիներին Հանրային հեռարձակողների (հատկապես հեռուստատեսության) դերի նվազեցումն արվել է ՀԱՆՐԱՅԻՆԸ խաղից իսպառ դուրս հանելու նպատակով : Այդ դեպքում արդեն անձերն էլ կարևոր չեն լինի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*