ԲՈՒՌՆ ՄԵԴԻԱ ՇԱԲԱԹՎԱ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անցնող ամբողջ շաբաթվա լրատվական հոսքը, նախընտրական մեդիա զարգացումներն ու դրանց կարևորությունը հօդս ցնդեցին երեկ այն պահին, երբ ահաբեկչություն կատարվեց ՀՀ նախագահի թեկնածուի նկատմամբ:

Արտակարգ իրավիճակների լրագրություն

Այդ գործողության քաղաքական և հնարավոր մյուս բոլոր հետևանքների վերլուծությունն սկսվեց, կարելի է ասել, գործողությանը գրեթե զուգընթաց: Եթե այդ վերլուծությունների, մեկնաբանությունների հոսքը դեռ շարունակելու է աճել, ապա դեպքից մի քանի ժամ անց քննարկումներին ավելացած ևս մեկ թեմա կարող է կորչել մյուսների հորձանուտում: Սակայն դա ամենևին էլ երկրորդական թեմա չէ, և այսպիսի ծայրահեղ իրավիճակներում դրա՝ ջրի երես դուրս գալը ցույց է տալիս, որ լրատվական դաշտի հարցերը քաղաքականից պակաս խնդրահարույց չեն:

Հատկանշական է, որ սպառողները լրագրության ու լրատվության որակից անցնող շաբաթում սկսել էին ավելի շատ դժգոհություն հայտնել: Սակայն այդ դժգոհությունը կիզակետին հասավ երեկ կեսգիշերի ահաբեկչության առնչությամբ: Լրատվամիջոցները հակասական, ոչ ամբողջական տեղեկություններ էին հաղորդում մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից, ինչն առաջացրեց իրավացի դժգոհություն:

Սակայն այս կարգի երևույթն իհարկե ունի իր պատճառները: Այն գերատեսչություններն ու պետական մարմինները, որոնք այսօր իրավասու էին լրագրողներին հստակ, հավաստի և հրատապ տեղեկություններ ապահովել, նաև պարտավո՛ր են դա անել: Այդպիսի աշխատաոճի անհրաժեշտությունը կա հատկապես ծայրահեղ իրավիճակներում, թե չէ սովորական աշխատանքային պայմաններում շարքային ասուլիսներ ու հաշվետվությունների ներկայացում կազմակերպելը, ինչպես ասում են, մեկից-մեկ գործ է:

Իսկ տեղեկատվության շարքային սպառողի համար ամենևին էլ կարևոր չէ՝ լրագրողը ինչքան ջանք գործադրեց իրեն հրամցված տեղեկությունը հայթայթելու համար, իրավասու մարմնից ստացա՞վ, կորզեց- փախցրե՞ց այդ տեղեկությունը, թե՞ այդպես էլ ոչինչ չստանալով, տարածեց միայն պատահական ականատեսների հաղորդած տեղեկությունները:

Շարքային սպառողի համար՝ ոչ, բայց լրագրո՛ղի համար դա կարևոր է: Լավ կլիներ, որ կարևոր լիներ նաև այդ մարմիների համար, որոնք ավանդաբար դժգոհում են լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից և ժամանակ առ ժամանակ կազմակերպում նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործման դասընթացներ:

Հանուն արդարության պետք է նշել, որ լրագրողների աշխատանքից գոհունակություն հայտնողներ էլ եղան:

Գրոշների լրագրություն

Այս գոհունակությունը, սակայն, մինչև այն պահն էր, երբ տարածվեց նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձից վայրկյաններ հետո կատարված տեսագրությունը: Ձեռնպահ մնալով դրա ծագման կասկածելիության քննարկումից, հնարավոր չէ չարձանագրել, որ ցուցադրել մարդու (որի վրա հենց նոր կրակել են հրազենից) արնաշաղախ մարմինը, տիրաժավորել նրա ցավի տեսարանը, ներկաների սարսափած աղաղակները՝ ան-բա-րո-յա-կան է: Այս համատեքստում էթիկա բառն անգամ օգտագործելն անիմաստ է: Ի՞նչ ավելացրեց սրանով «լրագրողը» մինչ այդ մեր ունեցած տեղեկություններին, ո՞րն է այն հանրային շահը, հանուն որի «լրագրողը» զոհեց մարդու (թող որ ՝ հանրային) անձնական կյանքը, նրա հարազատների ապրումները, շարքային դիտողի զգացմուքները և էլի մի քանի գործոններ ու իր բնորոշմամբ «սենսացիոն» կադրեր հրապարակեց, իսկ մի քանի լրատվամիջոցներ էլ իրենց հերթին տարածեցին դրանք: Լուրջ, իրեն հարգող, բարոյական, իսկական լրագրության համար՝ այդ կադրերի գինը գրոշ է:

«Ժողովրդ»-ական շարժում

Անցնող գիշերվա այս դեպքը հայ լրագրության համար անցնող շաբաթվա միակ փորձություն-փորձանքը չէր:

Լրագրողները համախմբվեցին և իրենց շուրջը համախմբեցին նաև հասարակության այլ շերտերի ներկայացուցիչների՝ ի պաշտպանություն «Ժողովուրդ» թերթի: Չի բացառվում, որ այսպիսի համախմբման արդյունքում է, որ հայցվորն ինքը հարկ համարեց (կամ իրեն գլխի գցեցին այդպես համարել), պարզաբանումներ տալ հայց ներկայացնելու, մանավանդ ֆինանսական պահանջներ ունենալու իր դրդապատճառների մասին:

Աննախադեպ էր նաև դատարանի նախագահի հանդիպումը թերթի խմբագրի հետ և նրան պարզաբանումներ տալը:
Թե ինչ ավարտ կունենա այս դատավարությունը, կերևա առաջիկա շաբաթներում, սակայն արդեն եղած մեկնաբանություններն այն մասին, որ դատավորը, թեև թերթի գույքի վրա արգելանք դնելու որոշում է կայացրել, սակայն փորձել է չմիջամտել լրատվամիջոցի գործունեությանը, հնչում են հուսադրող՝ երկրում մեդիա դատավարության պրակտիկայի ուղղվածության տեսանկյունից :

Իսկ ստվերում մնացին…

Անցնող շաբաթվա բուռն իրադարձություններից հետաքրքիր է, ընդ որում հնարավոր է շատ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական իմաստով, «Ռադիոյի հայի» հետ Ռուսաստանի հանրային ռադիոյի պայմանագրի խզումը, որը «Ռադիոյի հայի»  սեփականատեր, նախագահի թեկնածու Ա.Ղուկասյանի պարզաբանմամբ, պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ և դրա համար իր ընտրած մեթոդներով:

Անցնող գիշերվա դեպքը հնացրեց անգամ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ԶԼՄ-ների ազատության տարեկան զեկույցն ու վարկանշային աղյուսակի հրապարակումը և վերջինում 3 միավորով Հայաստանի դիրքի բարելավումը:

Ստվերվեցին անգամ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հեռուստա և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունները՝ հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածի համար:

Համաձայն դրանց, այդ Կարգի խախտումներ չեն արձանագրվել: Եւ եթե թեկնածուներին հատկացված եթերաժամանակի թվային տարբերություններ կան, դա հեռուստաընկերությունների կողմից դրսևորած խտրականության մասին չի խոսում. «Ուղղակի յուրաքանչյուր թեկնածու ազատ է եղել ընտրելու՝ մասնակցել թե չմասնակցել հաղորդմանը»,- ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Լավատեսակա՞ն-արհեստակա՞ն

Իր «մշտադիտարկմամբ» ՀՌԱՀ նախագահի հետ չի համաձայնում մի քաղաքագետ, որը գտնում է, որ լավ էլ անհամաչափություն կա քարոզարշավում թեկնածուների լուսաբանման՝ ի վնաս գործող նախագահի:

Հեռուստատեսություններն անտեսում են գործող նախագահին, եզրակացնում է քաղաքագետը՝ դրանով ակնարկելով հայաստանյան հեռարձակող լրատվամիջոցների՝ չգիտես կողմնակալությո՞ւնը, թե՞ անկախությունը: Թեև այս դեպքում՝ եթե կողմնապահություն կարելի է կատարել հանուն գործող նախագահի, դրանք գրեթե նույնանում են: Կամ նույնացվո՛ւմ են: Արհեստականորե՛ն:

Լուսանկարը՝ http://newsam.com կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*