2012-Ի ՎԵՐՋՆ ՈՒ 2013-Ի ՍԿԻԶԲԸ

2012-ը ավարտեցինք ընդհանուր առմամբ դրական երևույթներով, որոնք իրենց շարունակությունն ունենալու են 2013-ին: Հետագա շարադրանքը գուցե տարակուսանք հարուցի, թե ինչու դրական բառը չի դրվում չակերտների մեջ, բայց Նոր տարին մի տեսակ լավատեսական հովերի տեղիք է տալիս, անկախ երևույթի` առևերևույթ բացասական լինելուց:

Օրինակ՝ ԶԼՄ դաշտի ամենադրական երևույթներից է այն, որ անցնող տարվա վերջին օրերին քաղաքական գործիչը դատի տվեց բլոգերին՝ նրա տեղադրած դեմոտիվատորը համարելով իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող:

Եվս մեկ նախադեպ…

Այս երևույթը ամենևին էլ չարախնդալով չի որակվում դրական: Սա բլոգերի դեմ դատական առաջին հայցն է, որը բնականաբար նախադեպ կարող է դառնալ մեդիա դատավարության հայկական պրակտիկայում, ինչպիսին եղավ ֆեյսբուքի դեպքում: Իսկ սա անհրաժեշտ է հատկապես այն իրավիճակում, երբ, ինչպես մեզ մոտ է, սոցիալական ցանցերը, բլոգները ոչ այն է ԶԼՄ են, ոչ այն է ՝ չեն: Բայց որ իրավական կարգավորումը նրան էլ պետք է վերաբերվի, ակնհայտ է: Իսկ սա հետաքրքիր նախադեպ կարող է լինել այնքանով, որ անգամ իրավաբանները և իրավապաշտպանները, որոնք գտնում են, որ իրավական տեսանկյունից վերոնշյալ դեմոտիվատորը կարող է լինել վիրավորանք, կարծում են, որ քաղաքական գործիչներն իրենք են ընտրում լինել հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ որպես այդպիսին, «նրանց քննադատության շեմն ավելի բարձր է»:

Քննադատության տարբեր շեմեր

Փոխարենը վիճելի է այն քաղաքական-հասարակական գործիչների քննադատության շեմը, որոնք ժողովրդի առնվազն մի հատվածի համար պատմական հերոսներ են: Համենայն դեպս սոցիալական ցանցում անցնող շաբաթ ծավալված արյունալի ճակատամարտը առնվազն մի բան ցույց տվեց՝ քննադատության շեմը յուրաքանչյուր գործչի դեպքում խիստ անհատական է, բայց և յուրաքանչյուր անհատ էլ ինքն է իր համար որոշում այդ շեմը յուրաքանչյուր գործչի դեպքում: Մի՛ բան է ընդհանուր բոլորի համար. յուրաքանչյուր անհատ միշտ պետք է նկատի ունենա, որ այսպես թե այնպես այդ ամենը տեսանելի է դարձնում հանրայի՛ն տարածքում: Ըստ այդմ, ինքը պատասխանատու է ոչ միայն նրա համար, թե ինչպիսին է ներկայանում այնտեղ, այլև ՝ թե ինչպես են իրեն ընկալում այդտեղ: Թե չէ, այսպես կոչված ավանդական լրատվամիջոցների ճշտում-ուղղումները ներթափանցում են նաև ոչ ավանդական ԶԼՄ-ներ:

Ոգևորության/զայրույթի/հիացմունքի պահին մի ռեպլիկ/կոլաժ/հոլովակ «ճպպացնելը» ճիշտ է, մոդայիկ է, բայց ինչպես վերևում նշվեց, այդ մոդան էլ աստիճանաբար սկսում է կարգավորման ենթարկվել: Այնպես որ, ավանդականների նման, նոր ԶԼՄ-ները պետք է որ արդեն սկսեն կիրառել նյութը նորից կարդալու, խմբագրելու, սրբագրելու, կամ առնվազն այն հանրայնացնելուց առաջ «մի հատ շնչելու» պրակտիկան:
Էլ չենք ասում, որ դրանք պետք է առնվազն հասկանալի և հոդաբաշխ լինեն, որ կարդացողը հասկանա՝ այն ում կամ ինչն է ծաղրում: Եվ ինչու:

Շարունակում են ստացվել…

Ինչուների շարքը լրացրեց անցնող շաբաթվա մեկ այլ տեղեկատվական բում՝ մեծ հաշվով՝ հայոց լեզվի և դրա հարստության՝ ժամանկավրեպ կամ ոչ, լինելու մասին:
Մի հայացք անգամ նետելով այս բումի սկզբնաղբյուրին ակնհայտ է դառնում, որ փոխվել են տեղեկատվակա՛ն տեխնոլոգիաները, իսկ մատաղ սերնդի հետ նամակագրության ավանդույթները պահպանվել են ժողովուրդների հայր Ստալինից մինչև պերեստրոյկայի հայր Գորբաչով և ավելին: Ուղղակի առաջ փոստն էր նամակը բերում, հիմա՝ էլփոստը: Իսկ լրագրողներիս է՞լ ինչ է պետք, եթե ոչ տեղեկատվական այսպիսի առիթ:
Առաջիկա շաբաթները խստանում են տեղեկատվական առիթների էլ ավելի (այդ թվում և՝ էլ) մեծ առատություն: Հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման ԵՄԱ մոնիտորինգն էլ խոստումնալից եզրահանգումների նյութ կարող է տալ խիստ մոտակա ապագայում:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*