«ՏԵԼԵՎԻԶՈՐՆ ԱՍԵ՞Ց»

http://www.usnews.com/news/articles/2012/07/13/whats-wrong-with-tv-news-and-how-can-we-fix-it

Մարդը օդանավակայանի հյուրանոցում սպասում է իր թռիչքին և գիշերն արթնանում է դրսի աղմուկից: Նայում է պատուհանից դուրս և ոստիկանական մեքենաներ ու լուսարձակներ տեսնում: Կարծես թե կա երկո՛ւ տարբերակ: Տարբերակ առաջին՝ նրան հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում և իջնում է բակ՝ իմանալու դա: Տարբերակ երկրորդ՝ նրան չի հետաքրքրում բակի աղմուկը, նա փակում է վարագույրը և նորից անկողին է մտնում: Իրականում փաստորեն երրորդ տարբերակն էլ գոյություն ունի. մարդը փակում է վարագույրը, նստում մահճակալի եզրին և միացնում է հեռուստացույցը: Եվ հեռուստատեսային լուրերում է նա տեսնում այն, ինչ է կատարվում ի՛ր պատուհանի տակ:

Սա լրագրության դասագրքում բերված օրինակ չէ, ոչ էլ, ցավոք, օրինակ մեր մասնագիտական առօրյայից. նկարագրվածը մի հատված էր ամերիկյան գեղարվեստական ֆիլմից, որն ամենևին լրագրության և լրագրողների կյանքից չի պատմում:

Սակայն սա կարող է լավագույն իլյուստրացիան լինել հեռուստատեսային լրագրության օպերատիվության դասաժամերին:
Մի կողմ ենք դնում օրեցօր շատացող այլընտրանքային լրատվության՝ պատուհանի տակ կատարվողը համաժամանակյա ռեժիմով լուսաբանելու հնարավորությունները: Քանի որ դրանք Հայաստանի համար գոնե առայժմ մնում են առավելապես մայրաքաղաքային շքեղություն: Իսկ հայ հանրության համար տեղեկությունների հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը: Իսկ ավելի ճիշտ՝«հեռուստացույցը», ինչպես այն կոչվում է այն շրջանակներում, որի համար այն ամենամատչելի մեդիան է:

Իսկ ի՞նչ լուր է հաղորդում «հեռուստացույցը»: Ավելի ճիշտ՝ ինչ չի հաղորդում այն:
Հեռուստատեսային եթերի որակի, դրան ներկայացվող պահանջների և այն բարելավելու համար անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ ստանդարտների և խոսքի ազատության հարցերին վերաբերող ԵՄԱ հերթական «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ, օրինակ, հնչեց հետևյալ «մեղադրանքը»՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող քաղաքացիական ընդվզման օրերին հեռուստատեսությունները (չնչին բացառությամբ) այդ մասին ոչ մի բան չասացին:

Ավելին , նրանք լռեցին նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք, թվում է, առաջին հերթին պետք է հետաքրքրեին հենց հեռուստատեսություններին և նրանք իրենց եթերից որոշ «զոհաբերություն» պետք է որ անեին հանուն այդ թեմայի:

Ինչպես առաջին օրինակում էր (երբ հարցի հանգուցալուծումը եղավ այն ժամանակ, երբ երկրի Նախագահը իր վերաբերմունքն արտահայտեց դրա կապակցությամբ, և հեռուստատեսությունները միաձայն դա լուսաբանեցին), ոչ-ֆեյսբուքյան, այսինքն, հիմնականում մարզային հեռուստադիտողը չհասկացավ այդպես էլ՝ ինչո՞ւ էր ծննդատան շուրջ այդքան մարդ հավաքվել, ինչո՞ւ էին Նախագահն ու քաղաքապետը գնացել այնտեղ, այդ ի՞նչն էր հակասում պետական գեղագիտական ճաշակին և այլն:

Այսինքն, ի՞նչ պատուհան, ի՞նչ բան. ուրեմն իրենց մայրաքաղաքի կենտրոնում օրեր շարունակ տեղի ունեցող կարևոր իրադարձության մասին մարզային տատիկն ու պապիկը իրավունք չունե՞ն տեսնելու իրենց «տելեվիզորի» մեջ, եթե պատահաբար նրանց հարսն այդ շաբաթ չի ծննդաբերել իրադարձամերձ ծննդատանը: Չէ՞որ վերջին հանագամանքը խիստ պատահական ու չերաշխավորված առիթ է՝ տեղեկացված լինելու, եթե տեղեկությունների քո աղբյուրը բացառապես հեռուստատեսությունն է:

Հատկապես հենց մարզերի տատիկ-պապիկների համար, որոնց մեծագույն հեղինակություններից է, իրենց իսկ բառով ասած, «տելեվիզորը», և որոնք, գուցեև իներցիայով, սակայն հարևանին տեղեկություն հաղորդելիս դրա հավաստիությունը երաշխավորելու համար դեռ ասում են՝«տելեվիզորն ասեց»: Համարյա՝ իբրև գերագույն ատյանի վճիռ:

Ժամանակի հետ գուցե թե կաճի համացանցի օգտատերերի թիվը Հայաստանում: Գուցե թե՝ չէ, հաստատ (համենայն դեպս, այս տարվա գարնան հրապարակումներով և տարրական տրամաբանությամբ, միտումներն այդպիսին են): Բայց հազիվ թե շատ շուտով գա այն ժամանակը, երբ հեռուստատեսությունների վրայից իսպառ կհանվի տեղեկություններ հաղորդելու գործառույթը:

Այնպես որ, երբ էլ լինի դա, հարգելի հեռուստագործընկերներ, մինչև այդ դեռ պետք է «հերթապահել ամեն պատուհանի տակ», որ այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու համար դրանից ներս ապրողը ոչ թե բակ իջնի, այլ միացնի հեռուստացույցը: Համենայն դեպս, մեր մասնագիտությունը այդ վստահությանը արժե: Տատիկ-պապիկները՝ առավել եւս:

Նկարը՝ http://www.usnews.com կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.