ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ՝ ԳՐԵԼՈՒ ԱՌԻԹ

Մասնագիտական հմտություններ կան, որոնց տիրապետելն այնքան էլ դժվար չէ, իսկ տիրապետելիս առաձնապես դժվար չէ դրանց հետևելը, բայց դրանց և տիրապետելը, և հետևելը պրոֆեսիոնալիզմի պարտադիր և ոչ՝ ձևական բաղադրիչներից են: 
Ինչպես օրինակ. լրագրության բազմաթիվ տերմիններից մեկը «տեղեկատվական առիթ» ասվածն է: Սա լրագրողներս հաճախ հասկանում ենք բառացիորեն: Օրինաչափություն է և արդեն տասնամյակներով փորձված, որ յուրաքանչյուր տարվա մարտի երկրորդ կեսին ԶԼՄ-ներից սկսում են գրոհել տուբերկուլյոզի մասին վիճակագրությունը, բուժման եղանակների և Հայաստանում դրա անվճար լինելու մասին տեղեկությունները: Պատճառը հիվանդացության աճը չէ կամ հիվանդության հետ կապված այլ հանգամանք. մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Մայիսի առաջին, իսկ նոյեմբերի վերջին շաբաթների սինդրոմն արդեն այլ է. ԶԼՄ-ներում հաճախակի են դառնում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և դրան հարակից խնդիրների, իրադարձությունների, վարակով ապրող մարդկանց մասին հրապարակումները:
Չէ՞ որ մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի մոմավառության համաշխարհային օրն է, իսկ դեկտեմբերի 1-ին աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Սովորաբար տվյալ ոլորտի մասնագետները՝ թե պետական, թե հասարակական սեկտորից, դժգոհում են, որ լրագրողներն ու լրատվամիջոցները չնչին բացառություններով իրենց հիշում են հենց այդպիսի օրերի, երբ իրենք են մեծ մասամբ նախաձեռնում միջոցառումներ, հանդիպումներ, սեմինարներ: Իսկ լրագրողներն էլ պարզապես մասնակցում են դրանց և լուսաբանում դրանք: Տեղեկատվական առիթն, ինչ խոսք, պահել պետք է, բայց դա միայն հիշատակի և տոն օրերը չեն. հիմնախնդիրները, մանավանդ հիվանդությունները և խնդիրնեը դրանց շուրջ առկա են և ժամանակ առ ժամանակ սրվում են, հետևաբար և արժանանում լուսաբանման նաև, իսկ գուցե՝ հատկապե՛ս ոչ տոն օրերին: Այնպես որ տոն և հիշատակի օրերը պետք է լինեն ոչ թե միակ, այլ հերթական տեղեկատվական առիթը:

Իսկ այդպիսիք շատ են, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեպքում, օրինակ, սկսած այդ խնդիրների լուծման համար բյուջեում պետության հատկացրած միջոցներից, այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերից, գենդերային հարցերից, բուժման «հրաշք» մեթոդներ առաջարկող, իսկ գուցե իսկապես հրաշքներ գործող ոչ ավանդական բժիշկներից, ոլորտում առկա կոռուպցիայի հնարավոր դրսևորումներից, չվերջացրած՝ կոնկրետ ճակատագրերով, կոնկրետ մարդկանցով, որոնք այդ խնդրով ապրում են ոչ միայն Պայքարի համաշխարհային օրը, այլև՝ տարվա մյուս օրերին:

Այն, որ այդպիսի «տեղեկատվական առիթներից» առաջ հաճախանում են նաև այդ խնդիրների լուսաբանմմն հմտություններ սովորեցնող սեմինարներն ու դասընթացները, դարձյալ հին ավանդույթ է: Տարիների ավանդույթ է նաև, ցավոք, դրանց բովանդակությունը: Այս հրապարկումը հանգիստ կարող էր գրվել հինգ կամ տասը տարի առաջ, քանի որ նույնիսկ այդքան տարի առաջ նույն խոսքերն էին ասվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի լուսաբանման ժամանակ լրագրողական էթիկայի մասին:

Մասնավորապես՝ էթիկայի անբաժան մաս կազմող՝ հրապարակումների լեզվի մասին, որն առանց այլ հնարների էլ բացահայտում է այդ հիմնախնդրի նկատմամբ լրատվամիջոցի կամ առնվազն լրագրողի վերաբերմունքը:
Լուր հաղորդողներս այդպես էլ չենք ընդունում, որ ով ուզում է լինել մեր լուսաբանման օբյեկտը, լրագրողը պետք է լինի չեզոք, ընթերցողը չպետք է տեսնի նրա սուբյեկտիվ վերաբերմունքն այդ օբյեկտի նկատմամբ: Իսկ լուսաբանման լեզուն՝ պիտակներով կամ առանց դրանց, դրա կարևոր պայմաններից է:

Պետք է հիշել, որ լրատվամիջոցը միևնույն է, այս կամ այն հարցի նկատմամբ հասարակության վերաբերմունք է ձևավորում: Օրինակ, արդեն տասնամյակներով մասնագետները լրագրողներին հորդորում են չօգտագործել այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք ՄԻԱՎ ունեցող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ձևավորում: Եթե սեփական վերաբերմունքը լրագրողի որոշելիքն է, ապա բացի սուբյեկտիվ վերաբերմունք ձևավորելուց այդ և արտահայտությունները նաև գրագետ չէ կիրառել: Ինչպես օրինակ, «ՁԻԱՀ-ից տառապելը»: Մասնագիտական տերմինների մեջ խորանալուց խուսափելու համար հակիրճ պարզաբանենք, որ մարդիկ տարիներով կամ տասնամյակներով ապրում են ՄԻԱՎ-ով և ոչ թե տառապում են ՁԻԱՀ-ից, որը ոչ վարակ է, ոչ էլ հիվանդություն, այլ ՄԻԱՎ-ի վերջնական փուլը:
Լրագրության մեջ և ոչ միայն լրագրության, կա այսպիսի հասկացություն՝ պատերազմի լեզու: Հենց ռազմի շունչն է զգացվում նույնիսկ այնպիսի հրապարակումներում, որոնք առաջին հայացքից չեզոքի տպավորություն են թողնում: Այստեղ դարձյալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով մարդիկ «տառապում են»: Իսկ որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը համասեռամոլների և սեքս-աշխատակիցների մենաշնորհն է՝ այս կարծրատիպի ստեղծման մենաշնորհն էլ ԶԼՄ-ներինն է:
Ցավոք, այս մասին հրապարակումն էլ եղավ նոյեմբերի 30-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ: Կարծես թե ուրիշ օր չկար այդ մասին գրելու: Իսկ տեղեկատվական առի՞թը:

Leave a Reply