ՀԱՆՐԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

http://legalportal.am/cat/viewnews/784Գուցե ոչ հեռուստատեսությունն ընդհանրապես, բայց Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հեռուստատեսության հանրային-ությունը երևի թե մոտենում է իր վախճանին:
Անցնող շաբաթ հնարավոր չէր չհիշել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հայտնի մեդիա ասույթը՝ «Շուտով հեռուստատեսությունը ամեն ինչ կմղի հետին պլան: Շուտով ուրիշ ոչինչ՝ ոչ գրքեր, ոչ թատրոն չի լինի՝ միմիայն հեռուստատեսությունը»:

Սա՝ անցյալ դարի 80-ականներին: Իսկ այսօր արդեն գուժում են հեռուստատեսության շուտափույթ մահը ինտերնետի հետ պայքարի արդյունքում:
Եվ այն էլ ե՞րբ՝ Հեռուստատեսության համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 21-ին: Այդպիսի օրերին շնորհավորանքի հետ սովորաբար հնչում են խոսքեր՝ տոնի օբյեկտի կարևորության, անկրկնելիության և անփոխարինելիության մասին:
Ինչո՞ւ տեսնես ոչ ոք չասաց, որ ինչքան էլ ինտերնետը գրոհի, ինչքան էլ պայքարն անզիջում լինի, միևնույն է, հեռուստատեսությունն անմահ է:

Ինչ խոսք, շատ գործառույթներ ավանդական հեռուստատեսությունը արդեն իսկ զիջել է ինտերնետին, սակայն առնվազն ավանդաբար այն դեռ իր առաջնային տեղն ունի համենայնդեպս Հայաստանում:
Գուցե այդ պատճառով է, որ թեև ամբողջ աշխարհն անհանգստացած է ինտերնետում տիրող ամենաթողությամբ և փորձում է ինչ-որ կերպ կարգավորել այն, մեզ մոտ մտահոգություններն ուղղված են հեռուստա՛եթերի մաքրությանը:

ԵՄԱ ամփոփագիրն անդրադարձել է ՀՀ Նախագահին ուղղված՝ մի շարք մտավորականների և հասարակական կառույցների ներկայացուցիչների բաց նամակին, որում վերջիններս իրենց մտահոգությունն էին հայտնում «հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության» առթիվ»: Առավել մտահոգիչ էր այն, որ հասցեատերն անմիջապես արձագանքեց այդ նամակին՝ դրանով ակնհայտ դարձնելով այդ մտահոգության արտահայտման՝ բեմադրված լինելը: Հետագա զարգացումները՝ հանձնարարություն Հանրային խորհրդին՝ մշակելու համապատասխան առաջարկությունները և ներկայացնելու դրանք, այդ մասին Հանրային խորհրդի քննարկումները և այլ քայլեր «եթերի մաքրման» ուղղությամբ՝ ընդամենը տեխնիկայի հարց են:

Այս՝ երևացող քայլերի հետևում աննկատ է մնում, որ հանրապետության թիվ մեկ հեռուստատեսությունը՝ Հանրայինը, մի տեսակ զիջել է իր դիրքերը: Այն աստիճանաբար այնքան է կորցնում իր կարևորությունը իշխանությունների աչքում, որ անգամ նախագահական ընտրություններից առաջ չի արժանանում այն նույն ուշադրությանը, որն ունեցել է գրեթե բոլոր նախորդ ընտրություններում: Ավելին, Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկություններում, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությունը ամբողջությամբ դուրս բերել կոմերցիոն ոլորտից՝ զրկելով նրան առևտրային գովազդ թողարկելու իրավունքից: Իսկ սա նշանակում է զրկել գուցեև մեծագույն բարեհաճությունից, հետևաբար և մեծագույն շահույթից, հետևաբար և հզորագույն լծակներից:

Ինչ խոսք, մեծապես ողջունելի է Հանրայինին իր հուն վերադարձնելու, իր «տեղը դնելու» յուրաքանչյուր փորձ. ինչպես ասում են, վաղուց ժամանակն է հանրությանը վերադարձնել իր ունեցածը: Սակայն ամիսներ առաջ եթերի մաքրությամբ մտահոգ մտավորականների «բեմելը» ուրիշ մտահոգությունների տեղիք է տալիս: Քաղաքական ազդեցության իմաստով՝ Հանրայինին հետին պլան՝ իր իբրև թե օրենքով սահմանված տեղը մղելը կարող է սահուն փոխակերպվել այն՝ մտահոգ մի քանի մտավորականներին հանձնելու գործընթացի: Վերջինները և ակտիվ կանցնեն իրենց եթերազտմանը ՝ հիմնված մշակութային ինտերվենցիայի և դավադրության տեսությունների վրա: Ուղղակի կասկածելի է, թե դրանից Հանրայինը ավելի կհանրայնանա: Բայց որ հեռուստատեսությունը կմեռնի, առավել հավանական է:

Նկարը՝ http://legalportal.am -ի:

Trackbacks/Pingbacks
  1. […] Իսկ լրատվական դաշտի և ոչ միայն նրա համար, առավել կարևոր արդյունքները կլինեն եկող շաբաթ, երբ Հանրային հեռուստատառադիոընկերության խորհուրդը կընտրի իր նախագահին: Անգամ այսքան կարևոր` սակայն այդ արդյունքները առանձապես հետաքրքիր չեն: Այն պարզ պատճառով, որ բոլորին ամեն ինչ պարզ էր մինչև մրցույթ հայտարարելը: Չնայած այս ոլորտի առավել փորձառու մասնագետների առկայությանը, Հանրային հեռարձակումը վստահվելու է առավելապես շոումենի իմիջ ունեցող Ռուբեն Ջաղինյանին, որին հենց այդ իմիջի պատճառով շատերը ոչ թե Ռուբեն,այլ Ռուբիկ են կոչում: Ինչքան էլ նրա միակ մրցակիցը փորձի փաստարկել, թե իր հայտը մրցակցության իմիտացիայի համար չէ, միևնույն է, այս մրցույթը վերջին և տրամաբանական քայլն է Հանրայինը Զվարճալիի վերածելու մի քանի տարվա սցենարի: […]

Leave a Reply