ՍԵՓԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ

 

http://news.cnet.com/8301-17938_105-20051014-1.html

Պրոֆեսիոնալ լրագրողները ահազանգ են հնչեցնում, որ այսպես կոչված, քաղաքացիական լրագրությունը հաճախ հարվածում է իրենց մասնագիտության հեղինակությանը: Մինչ նրանք իրենց սպառողներին կոչ են անում խիստ բծախնդրորեն և ընտրողաբար մոտենալ այդպիսի ծագմամբ տեղեկություններին, ամենևին էլ ոչ աշխարհի մեկ այլ անկյունում, այլ նրանց կողքին, նույն հարթությունում կասկածելի ծագմամբ տեղեկատվական պրոդուկցիայից ամենայն անփութությամբ օգտվում է … լրագրողների մեկ այլ խումբ:
Օգտվում է իրենց «ոչ պրոֆեսիոնալ» կոլեգաների արտադրանքից, ընդ որում ոչ միայն սպառում, այլև տարածում է այն՝ առանց իր մասնագիտական ներդրումն ունենալու դրանում:

Ծուլությունը՝ բոլոր արատների մայր

Մինչև  տեղեկատվական տեխնոլոգիաների այսպիսի տարածումը ավագ, առավել փորձառու լրագրողները և լրագրության դասախոսներն իրենց լրտսեր կոլեգաներին հատկապես նախազգուշացնում էին մամուլի ասուլիսներից, քանի որ դրանք լրագրողին պասիվ ձայնագրիչի են վերածում: Մամուլի ասուլիսները հատկապես երիտասարդ լրագրողներին ծուլության են սովորեցնում. լրագրողն այլևս դադարում է տեղեկություններ հայթայթել. նա դրանք (կամ դրանց իմիտացիան) առանց ջանքեր գործադրելու գտնում է մեկ մամուլի ասուլիս գնալով:

Այսօր այդ մասին խոսելը կարծես թե այլևս հրատապ չէ. ասուլիսից ռեպորտաժ հնարավոր է գրել նաև առցանց ռեժիմով դրան հետևելով: Սա դեռ ոչինչ. կարելի է ընդհանրապես ոչ մի տեղ չգնալ, ոչ մի բանի էլ չհետևել և համացանցում սփռված հազարումի աղբյուրից այնպես արտագրել այդ մասին տեղեկությունները, որ անգամ փորձառու լրագրողներն էլ գլխի չեն ընկնի, որ նա անձամբ ներկա չի եղել այդ միջոցառմանը:

Այս խնդրի մասին հավանաբար կխոսվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն լրատվամիջոցները: Սակայն…
Տարօրինակն այն, է, որ փորձառու լրագրողը գուցեև գլխի չընկնի, եթե միայն նա ներկա չի գտնվել այդ ասուլիսին, իսկ փորձառու ընթերցողը շատ լավ էլ հասկանում է, թե որտեղից է «թխված» նյութը: Մանավանդ եթե դա առաջին դեպքը չէ այդ լրատվամիջոցում: «Թխելու» փաստն առավել ակնառու է երևում, երբ սկզբնաղբյուրում սխալ է ի հայտ գալիս, իսկ արտագրողն արդեն արտագրել-տարածել է այդ տեղեկությունը՝ իր հերթին դառնալով պատճենահանման սկզբնաղբյուր:

Անցյալ շաբաթ ԵՄԱ «Մամուլի ակումբ» հաղորդման հյուրերը քննարկում էին սոցցանցերում ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որն առանց ճշտելու միանգամից տարածվեց հայկական լրատվամիջոցներում, ավելին՝ տպագրվեց հաջորդ օրվա մամուլում՝ առանց սկզբնաղբյուրից աննշան տարբերության:

Այն հարցում, որ այդ կարգի լրագրությունը խարխլում է մասնագիտության նկատմամբ հավատն ու վստահությունը, հաղորդման բանախոսները միակարծիք էին: Հնչեց նաև հարցադրում, թե արժե՞ արդյոք այդպես աշխատող լրագրողներին մասնագիտական համերաշխություն հայտնել, եթե նրանք կանգնել են դատարանի առջև:

Այսպիսի դեպքում հավանաբար պարզապես համերաշխություն չհայտնելը քիչ է. ինչո՞ւ պետք է սոցցանցերում կամ բլոգներում հայտնվող տեղեկությունների նկատմամբ խիստ լինենք, իսկ սեփական գործընկերների՝ ոչ:

Իսկ գուցե նման դեպքերի կանխումը հետագայում հնարավոր լինի արդեն իսկ եղածը առավելագույնս քննադատելով և որպես վատ օրինակ մատնացույց անելո՞վ: Ճիշտ է, վերոնշյալ դեպքում գործը հանրային շահին և հետաքրքությանը չէր վերաբերում, սակայն արժե՞ միթե սպասել, մինչև մեր գործընկերների ծուլությունն այդ մասշտաբներին հասնի:

Գուցե ակնհայտ հանրային շահ այստեղ չկար, բայց չէ՞ որ անբարեխճությունն ու ծուլությունն ակնհայտ են:

Գրելու բան կա, գրող չկա

Իսկ դրանք չկանխվելու դեպքում ահա թե ինչպիսի հետևանքների են հանգեցնում:

Անցյալ շաբաթ և մի քանի շաբաթ է՝ տարբեր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկություններ կենդանինիերի կամ մարդկանց՝ սիբիրախտով վարակվելու դեպքերի մասին: Բացառապես պաշտոնական:

«Միսօգտագործող» ընթերցողը իրավունք ունի՞ ավելի շատ իմանալու սիբիրախտի և մեր երկրում դրա տարածվածության մասին, քան այդ պաշտոնական հավաստիացումներն են և քան ներկայացված է հրապարակախոսական բնույթի հոդվածում այս բլոգում: Նա իրավունք ունի՞ ակնկալելու լրագրողներից, որ նրանք աթոռներից կպոկեն իրենց և առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություններից բացի, այլ՝ կյանքին ավելի մոտ կանգնած աղբյուրներից ևս կօգտվեն:

Իսկ հրամցվում են միայն պաշտոնական խոսքերն այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, որ պատվաստումները կատարվում են ժամանակին, իսկ հիվանդները բուժվում են: Ավելի ծույլ լրագրություն, երբ այնքան նյութ կա հայթայթելու (ակնհայտորեն՝ հետաքրքիր ու անգամ սկանդալային) դժվար է պատկերացնել:

Ծուլության գագաթնակետ

Որպես «անաչք» հեռուստալրագրության այս շաբաթվա օրինակ առաջարկում ենք դիտել այս լուսաբանումը: Դիտել 0.41 և հատկապես 2.28 րոպեները՝ տեսնելու, թե ինչ է կատարվում քաղաքական գործչի թիկունքում՝ բառացիորեն: Այնտեղ մութ ուժեր չէ, որ գործում են, ընդամենը օպերատորն է, որը չի նկատել իր նկարահանման հերոսի թիկունքում պահարանի ապակե դռներում սեփական արտացոլումը: Նա ուղղակի իրենց՝ օպերատորական լեզվով՝ «դրել է կամերան» ու մի կողմ կանգնել:

Իսկ այդտեղ արտացոլված է ոչ միայն այդ ԶԼՄ-ի օպերատորը, այլև՝ մեր վերաբերմունքը մեր մասնագիտության և հատկապես մեր սպառողների նկատմամբ:

Այնպես որ ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը ոչ մի ոչ-ԶԼՄ չի կարող գցել. դա բացառապես ԶԼՄ-ների՛ մենաշնորհն է:

Նկարը՝ http://news.cnet.com/8301-17938_105-20051014-1.html-ի:

3 մեկնաբանություն 'ՍԵՓԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ'

  1. Առաջին հերթին սովորիր ստորագրել մի այսպիսի հրապարակման տակ, որտեղ ոչ թե ինֆո ես հաղորդում, այլ առանց փաստերի վիճելի եզրակացություններ անում ու մի թաքնվիր «ԵՄԱ ամփոփագրի» տակ: Երբ սովորես ստորագրել, նոր հնարավորություն կստանաս հասկանալ, թե ինչ է լրագրությունը ու պարապ-սարապ գրանտների վրա գրասենյակում նստած մեծ-մեծ խոսալու տեղը գուցե միսօգտագործողների համար մի աշխատանք անես: Երկրորդ՝ սովորիր ժանրերը, որ չշփոթես բլոգային գառումը հոդվածի հետ ու կիմանաս, որ էն ինչից հղում ես դրել հոդված չի: Գիտեմ, որ գրանտ տվողները քո մասնագիտական որակը չեն ստուգում, բայց մեկ է, որոշ գիտելիքները չէր խանգարի, որ լրագրությունից խոսելիս տգետի տպավորություն չթողնես:
    Երրորդ, կարող էիր կարդալ իմ հոդվածը որ մեջբերված էր բլոգումս. «Ո՞վ է ստուգում միսն ու կաթը. անարդյունավետ անասնաբուժական միջոցառումները սպառնում են առողջությանը», իսկ եթե կարդացել ես ու չես անդրադարձել, ուրեմն,պարզ է, որ կպնողական խասյաթ ես մեջդ զարգացնում, որ արածդ արդարացնես:

  2. Հարգելի Վահան,
    շնորհակալություն, որ հետևում եք մեզ:

    «ԵՄԱ ամփոփագիրն» իրականում խմբային աշխատանքի արդյունք է: Այսինքն հենց այնպիսին, ինչպիսին ներկայանում է: Սակայն գլխավոր պատասխանատուն իհարկե խմբագիրն է՝ ԵՄԱ փորձագետ Արևհատ Գրիգորյանը:

    Ժանրային Ձեր բաժանման հետ համաձայն չենք: Հրապարակախոսական հոդվածը կարող է հայտնվել որտեղ ասես՝ թերթում, առցանց լրատվամիջոցում, բլոգում կամ հեռուստատեսությամբ: Եթե Դուք Ձեր բլոգում բանաստեղծություն դնեք, դրանից այն երևի չի դադարի բանաստեղծություն լինել: Այպես որ, բլոգային գրառումը այս դեպքում ժանր չէ, այլ՝ ժանրի ներկայացման ձև կամ տեղ՝ որը կուզեք:

    Ձեր բլոգում տարածված հրապարակախոսական հոդվածում մեջբերված հոդվածն ինը տարվա վաղեմություն ունի, չէ՞: Գուցե հարցադրումները չեն փոխվել, բայց չէ՞ որ թվերը, տվյալները այսօր չեք հայթայթել:

    Իսկ «ԵՄԱ ամփոփագիրն» իսկապես դրամաշնորհի շրջանակներում է լուս տեսնում: Սակայն դա ինչքանո՞վ է առնչվում բուն նյութին:

    Մեր ընթերցողների հետ էլ Դուք-ով ենք խոսում և որպես գործընկեր կիսում ենք լրագրողական դաշտի բոլոր լավ ու հատկապես խայտառակ կողմերի համար պատասխանատվությունը:

    Հարգանքով՝ Արևհատ Գրիգորյան, «ԵՄԱ ամփոփագրի» խմբագիր

  3. Արևհատ ջան, ես ձեր ամփոփագրին չեմ հետևում և իմացա դրա մասին բլոգումս իմ նյութի լինքը դնելու մասին հայտնող ծանուցումով: Մտքովս չէր անցնի, որ դու ես հեղինակը:
    Մեջբերեմ էն ինչ ինձ ստպեց արձագանքել ամփոփաագրին. «գրելու բան կա գրող չկա» ենթավերնագրի տակ եզրակացնում ես. «Միսօգտագործող» ընթերցողը իրավունք ունի՞ ավելի շատ իմանալու սիբիրախտի և մեր երկրում դրա տարածվածության մասին, քան այդ պաշտոնական հավաստիացումներն են և քան ներկայացված է հրապարակախոսական բնույթի հոդվածում այս բլոգում»: Այսինքն դուրս է գալիս «հրապարակախոսական բնույթի հոդվածի» հեղինակն ու լրատվամիջոցները նույն ռեսուրսներով, նույն կաթսայի մեջ ընկած ծուլանում են, գրելու բան կա, բայց չեն գրում, միսօգտագործողների իրավունքն էլ խախտում են տեղեկություն չտալով, թե ինչ է կատարվում երկրում և այլն:
    Ինչպես դուք եք ձեզ թույլ տալիս «դասեր» տալ լրատվամիջոցներին ու հեգնել, թե ծույլ են, ես էլ իմ փոքրիկ դասը որոշեցի տալ նախորդ մեկնաբանությամբ և հիմա էլ նոր դաս տալ.
    Բարեխիղճ վերլուծողը նախ կանդրադառնար բլոգային գրառմանս մեջ արծարծված հարցերին, որոնք շատ ավելի բարեկրթորեն, առանց կոլեգաներին վիրավորելու կամ ծուլության մեջ մեղադրելու, ասում են էն ինչ փորձում է ասել ձեր ուշացած ամփոփագիրը, ապա նաև հենց այն հոդվածին, որը «հրապարակախոսական բնույթի հոդվածի» հեղինակը ինը տարի առաջ գրել է, և հենց գրառման այն ենթատեքստին, որ այդ տիպի հոդվածն էլ այսօր պակասում է(մանավանդ այս մասին մենք զրուցել ենք): Էս ամենը չնկատելը ու չասելը, կնշանակի, ձեր ամփոփագրի հեղինակները իրենցից դուրս լրագրող չեն տեսնում և նրանց միակ խնդիրն է՝ «դասեր տալով» ու ծուլության մեջ մյուսներին մեղադրելով ընդգծել բոլորի հանդեպ իրենց առավելությունը:
    եթե ձեր ամփոփագրի նպատակն է լրագրողական պրոֆեսիոնալիզմի խնդիրներ քննարկել, ուրեմն այս մեկնաբանություններովս այն իրագործվեց:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*