ԴԱՐՁՅԱԼ ԱՅԴ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները (վերջին բառն օգտագործվում է պայմանականորեն) ավելանում են օրեցօր: Դրանց հայտնվելուն զուգահեռ ծավալվում են խոսակցություններ, թե որին ինչ անուն տալ կամ ավելի հաճախ՝ ինչպես թարգմանել այս կամ այն տերմինը:

Մինչ լրագրության և ոչ միայն՝ այս ոլորտի մասնագետները շարունակում են քննարկումները, այդ հնարավորությունների թե թիվն է աճում, թե տարատեսակները:

Անցյալ շաբաթ ԵՄԱ «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ քննարկումը ծավալվեց նաև այդ կարգի հնարավորություններն օգտագործողների և ուրիշներին էլ դրանք օգտագործելու հնարավորություն տվողների պատասխանատվության շուրջ:
Հատկանշականն այն է, որ մեդիա (բառի ամենալայն իմաստով) մասնագետները և փորձագետներն ընդհանուր առմամբ համաձայնության չեկան այն հարցի շուրջ, թե ինչպես կոչել օրինակ այն կայքերը, որոնք սեփական արտադրանք չեն տալիս, այլ տարբեր սոցիալական ցանցերից և կայքերից լրաքաղ են անում և տեղադրում իրենց մոտ:

Անունը չկա, իսկ ամանո՞ւմ…

Այդպիսի կայքի ներկայացուցիչն իրենց անվանում է հարթակ, դասական լրատվամիջոցների մարդիկ նրանց ասում են այլընտրանքային ԶԼՄ, փորձագետները՝ նոր մեդիա: Հաղորդումից դուրս նրանց և նույնիսկ արդեն իսկ ընդունված տերմինաբանությամբ ասած՝ սոցիալական կայքերին որոշ փորձագետներ կոչում են ընդամենը գործիքներ:
Գուցե իսկապե՞ս առաջացել է դրանք հստակ անվանելու և դրանով իսկ դասակարգելու անհրաժեշտությունը: Չէ՞ որ այն պատասխանատվությունը, որն օրենքի և հասարակության առաջ կրում է դասական ԶԼՄ-ն, միանգամայն տարբերվում է նրանից, երբ մարդիկ այդ նույն սոցիալական ցանցում իրենց ընկերներին հաղորդագրություն են ուղարկում:
Մինչդեռ՝ «Լրատվական օրակարգը ձևավորում են, նույնիսկ պարտադրում են սոցիալական հարթակները»,- կարծում է լրատվամիջոցի ղեկավարը:
Այդպիսի օրինակներ, ինչքան ուզեք կան:

Մասնագետն այստեղ առանձնացնում է երկու տեսակի՝ իրավական և էթիկական խնդիրներ:
Եթե էթիկական խնդիրները լուծելու համար լրատվություն իրականացնող սուբյեկտը պետք է ինքնակարգավորվի, իր համար կանոններ որոշի կամ միանա արդեն իսկ այդպիսի կանոններ ունեցող այլ սուբյեկտների՝ այդ մասին հռչակող փաստաթղթերին, ապա իրավական խնդիրների լուծումը, ինչպես հավաստիացնում է իրավաբանը, գրեթե միանշանակ է:
«Եթե գործը դատարան հասավ, այնտեղ չեն նայելու, թե դու քեզ ինչ անուն ես տալիս, այլ՝ թե ինչ գործառույթ ես իրականացնում»:
Ըստ այդմ՝ եթե այդ գործառույթը հանրային շահի սպասարկումն է և ոչ թե՝ պարզապես ընկերներով շփումը, ապա զանգվածային լրատության միջոց համարվում է ոչ միայն տեղեկատվություն արտադրողը, այլև՝ ուրիշի ստեղծածը տարածողը:

Հետաքրքիր է, որ այս վերջին կարգի գործառույթ իրականացնողը հաճախ չի էլ պատկերացնում, որ իրենց, այսպես ասած, դատելու են որպես ԶԼՄ-ի: Ինչի օրինակն, ի դեպ հայաստանյան դատական պրակտիկայում արդեն իսկ կա, նւոյնիսկ ոչ թե լրատվության ծաղկաքաղ անողի համար, այլ ՝ սոցիալական կայքի, որը ոչ այն է ընկերներին նամակներ գրելու համար է, ոչ այն է՝ հանրային շահին ծառայելու:

Փաստորեն ստացվում է, որ՝ սոցիալական ցանց, գործիք, այլընտրանքային ԶԼՄ, հանրային լրագրություն, հարթակ՝ անուններ տալու կարիք կարծես թե չկա, քանի որ միևնույն է, ինչպես իրավաբանությունն է հավաստիացնում, անունի՛ն չեն նայելու, այլ ամանի միջինի՛ն:

Համեղ պատառ՝ ավանդական ամանում

Այսուհետև ԵՄԱ Ամփոփագիրը պարբերաբար կներկայացնի շաբաթվա ամենահիշարժան հրապարակումները՝ ընդ որում ոչ միայն բացասական (ինչպես փորձն է ցույց տալիս, դա միշտ շատ ավելի հեշտ է. ոչ ընդօրինակելի օրինակները, ցավոք միշտ ավելի շատ են լինում):

Այս հրապարակումը հիշարժան է դարձել թեմային հետևողականորեն անդրադառնալու շնորհիվ. այդ թեման լրատվամիջոցը այդպես էլ չի կորցնում քաղաքական հայտարարությունների և սոցցանցերի պարտադրած օրակարգի հորձանուտում:
Իսկ այս մեկը ապշեցնում է լրագրողի կիրթ համառությամբ՝ իր ընթերցողին առավելագույնս հաղորդակից դարձնելու վավերագրական կինոյի հայազգի մեգամեծության երևանյան անցուդարձին՝ չհուսահատվելով անգամ, երբ լրագրողների մուտքը արգելվում է: Միաժամանակ նյութում երևում են և լրագրողի ջանքերը՝ կորզելու առավելագույնը այդ աննախադեպ հնարավորությունից, և ռեժիսորի մեծությունն ու համեստությունը, որոնք բացահայտել գուցե չստացվեր անգամ երկար-բարակ հարցազրույցներով:

Լուսանկարը՝  Till Westermayer-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*